M&A գործարքների ծավալը երկրորդ եռամսյակում նվազել է ավելի քան 25%-ով

27.06.2022 | 11:54 Գլխավոր էջ / Նորություններ /
#M&A #միաձուլումների եւ ձեռքբերումներ #Dealogic
Ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում միաձուլումների եւ ձեռքբերումների (M&A) ծավալը 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 25,5%-ով՝ կազմելով $1 տրիլիոն։

Ինչպես գրում է «Կոմերսանտ»-ը, այս մասին հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով Dealogic վերլուծական ընկերության տվյալները։

M&A գործարքների ծավալը հատկապես ուժեղ է նվազել ԱՄՆ-ում՝ 40%-ով, մինչեւ $456 մլրդ։ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում գործարքների ընդհանուր ծավալը կրճատվել է 10%-ով։

Եվրոպան միակ տարածաշրջանն է, որտեղ երկրորդ եռամսյակում M&A ծավալն աճել է (6%-ով): Դա տեղի է ունեցել մի շարք խոշոր գործարքների կնքման, այդ թվում՝ ապրիլին Իտալիայի ավտոճանապարհային խոշորագույն օպերատորներից մեկի՝ Atlantia Group-ի €58 միլիարդով ձեռքբերման հաշվին:

Շուկայի վրա բացասաբար են ազդել ուկրաինական իրադարձությունների հետեւանքով անկայունությունը, տնտեսական անկման մտավախությունները, արագացող գնաճը եւ տոկոսադրույքների բարձրացումը։

«Կարճաժամկետ հեռանկարում ընկերությունները ձեռնպահ են մնում M&A-ից, քանի որ ավելի շատ կենտրոնացած են իրենց բիզնեսի վրա ռեցեսիայի ազդեցության ուղղությամբ: Գործարքների կնքման ժամանակը նորից կգա, բայց ես չեմ կարծում, որ այն արդեն եկել է»,- նշել է EMEA տարածաշրջանում (Եվրոպա, Մերձավոր Արեւելք եւ Աֆրիկա) Citigroup-ի M&A հարցերով ստորաբաժանման ղեկավար Էլիսոն Հարդինգ-Ջոնսը:

Շուկայի վրա բացասաբար են անդրադառնում նաեւ ընկերությունների մեծ մասի բաժնետոմսերի զգալի տատանումները, որոնք առաջացել են վերը նշված պատճառներով։

«Ֆոնդային շուկայում փոփոխականությունը էական խոչընդոտ է ռազմավարական M&A-ների համար: Երբ շուկան փոփոխական է, դժվար է բանակցել արժեքի շուրջ եւ օգտագործել բաժնետոմսերը (գործարքների դիմաց վճարելու համար - «Կոմերսանտ»)»,- ասել է բրիտանական Freshfields Bruckhaus իրավաբանական ընկերության կորպորատիվ եւ M&A հարցերով ամերիկյան ստորաբաժանման ղեկավարներից Դեմիեն Զուբեկը։



Փորձագետների կարծիքով՝ այս իրավիճակը դեռ որոշ ժամանակ կպահպանվի։ «Առաջիկա երկու եռամսյակում մենք դժվար թե տեսնենք մեծ թվով մեգագործարքներ կամ գնումներ: Դժվար է իրականացնել M&A, երբ ընկերությունների բաժնետոմսերը վաճառվում են 52-շաբաթյա ցածր մակարդակում»,- նշել է գործարքների ոլորտում մասնագիտացած ամերիկյան Solomon Partners ընկերության գլխավոր տնօրեն Մարկ Կուպերը:

Միաժամանակ, վերլուծաբանները նշում են, որ եվրոյի ու ֆունտ ստեռլինգի թուլացման պայմաններում եվրոպական ընկերությունները կարող են հետաքրքիր լինել ամերիկացի ներդրողների համար, ուստի նման գործարքների ծավալը կարող է աճել։

Առաջին եռամսյակում M&A-ի ծավալն ավելի զգալի էր նվազել՝ 29%-ով, մինչեւ $989,4 միլիարդ: Ամերիկյան եւ եվրոպական բորսաներում IPO-ների ընթացքում ներգրավված միջոցների ծավալը 2022 թվականի առաջին հինգ ամիսներին, ըստ Dealogic-ի, նվազել է 90%-ով՝ մինչեւ $17,9 միլիարդ։
Դիտում՝ 4770
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW