2022 թվականի առաջին հինգ ամիսներին ԱՄՆ-ի եւ Եվրոպայի բորսաներում IPO-ների միջոցով ներգրավված միջոցների ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 90%-ով։ RBC-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Financial Times-ը՝ վկայակոչելով Dealogic-ի տվյալները։Այսպես, այս տարի IPO-ի է դուրս եկել 157 ընկերություն, որոնք, ընդհանուր առմամբ, ներգրավել են $17,9 միլիարդ, մինչդեռ անցած տարի՝ հունվարից մինչեւ մայիս ընկած ժամանակահատվածում, 628 ընկերություն ներգրավել էր $192 միլիարդ: Համաշխարհային մասշտաբով առաջնային ցուցակման ընթացակարգով հավաքագրված գումարը նվազել է 71%-ով՝ $283 միլիարդից հասնելով $81 միլիարդի։ Պարբերականը նշում է, որ այս տարվա տասը առավել խոշոր IPO-ներից միայն երկու ընթացակարգ է իրականացվել ամերիկյան կամ եվրոպական ֆոնդային բորսաներում՝ TPG ներդրումային խումբը $1 միլիարդ է ներգրավել NASDAQ-ում եւ նորվեգական Var Energi նավթագազային ընկերությունը՝ 880 միլիոն՝ Օսլոյում։Ինչպես գրում է Financial Times-ը այս տարի ընկերությունների՝ բորսա մուտք գործելու ծրագրերը կանխվել են Ուկրաինայում ռազմական գործողությունների, շուկայի անկայունության եւ համաշխարհային ռեցեսիայի սպառնալիքի պատճառով։ Իսկ այն ընկերությունները, որոնք անցած տարի հետաձգել էին իրենց ծրագրերը 2020 թվականին կորոնավիրուսային համավարակի պատճառով, շտապեցին իրականացնել դրանք։«Երբ իրավիճակը կայունանա, մենք կտեսնենք ակտիվության վերականգնում, անգամ եթե այն չհասնի նախորդ տարվա մակարդակին։ Մարդիկ չեն լքում նավը, նրանք ընդմիջում են վերցնում»,- ասել է Մարտին Գլասը՝ IPO-ների հարցերով խորհրդատվություն տրամադրող Jenner & Block իրավաբանական ընկերության գործընկերը: Միաժամանակ, նույն ոլորտում մասնագիտացած White&Case ընկերության գործընկեր Ինիգո Էստեւը կարծում է, որ ցուցակումների զգալի մասը կտեղափոխվի հաջորդ տարի: «Ինչո՞ւ սկսել տեղաբաշխման ընթացակարգը հիմա, եթե կարելի է սպասել ավելի լավ պայմանների»,- պարզաբանել է նա: Այնուամենայնիվ, փորձագետը հնարավոր է համարել, որ աշնանը, եթե «ինչ-որ անհավանական պատճառով ամեն ինչ հանկարծ փոխվի դեպի լավը», ընկերությունները ավելի ակտիվ կլինեն։Financial Times-ը նաեւ թվարկել է այն պոտենցիալ խոշոր IPO-ները, որոնք նախատեսված էին այս տարվա համար եւ որոնք դեռ կարող են ավարտվել: Այսպես, բրիտանական GlaxoSmithKline դեղագործական խումբը կարող է բորսա դուրս բերել իր Haleon համատեղ ձեռնարկությունը, ամերիկյան AIG ապահովագրական ընկերությունը՝ անշարժ գույքի եւ ակտիվների կառավարման բիզնեսը, իսկ Volkswagen-ը պլանավորել է Porsche-ի բաժնետոմսերի մասնակի տեղաբաշխում: Tweet Դիտում՝ 8025