Փողերի լվացման դեմ պայքարի ֆինանսական միջոցների մշակման խումբը (Financial Action Task Force, FATF) Ուկրաինայում ռազմական գործողությունների անցկացման պատճառով Ռուսաստանին զրկել է ղեկավարող եւ խորհրդատվական գործառույթներից, ասված է կազմակերպության հայտարարության մեջ, որն ընդունվել է լիագումար նիստի արդյունքներով:«FATF-ը որոշել է կտրուկ սահմանափակել ՌԴ-ի դերն ու ազդեցությունը խմբում։ Մասնավորապես, Ռուսաստանն այլեւս չի կարող իրականացնել առաջնորդության կամ խորհրդատվության հետ կապված որեւէ գործառույթ, ինչպես նաեւ մասնակցել ստանդարտների սահմանմանը, փորձագիտական գնահատականի (peer review) անցկացմանը, կառավարման եւ անդամակցության բնագավառում որոշումների կայացմանը»,- ասված է հաղորդակցության մեջ, որը մեջբերում է RBC-ն։ Այսուհետ Ռուսաստանը չի կարողանա նաեւ փորձագետներ տրամադրել գրախոսման գործընթացին մասնակցելու համար, երբ մեկ փորձագետի աշխատանքը գնահատում են իրավասություններով նրան հավասար գործընկերները (peer review process): Այստեղ խոսքը կարող է գնալ խմբի անդամների կողմից փողերի լվացման դեմ պայքարի ազգային համակարգերի փոխադարձ գնահատման մասին։FATF-ը կհետեւի իրավիճակին եւ յուրաքանչյուր լիագումար նիստում կորոշի՝ կան արդյոք հիմքեր սահմանափակումները փոխելու կամ վերացնելու համար։Խումբն իր քայլը բացատրել է, որ Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունները «հակասում են FATF-ի հիմնական սկզբունքներին՝ ուղղված համաշխարհային ֆինանսական համակարգի անվտանգության, հուսալիության եւ ամբողջականության ապահովմանը»։ Կառույցում նաեւ գտնում են, որ Ռուսաստանը «կոպտորեն խախտել է» միջազգային համագործակցության եւ փոխադարձ հարգանքի բնագավառում ստանձնած պարտավորությունները, որոնց վրա հիմնված են կազմակերպության ստանդարտները։ 05.03.2022 | 10:48 FATF-ը կուժեղացնի Ռուսաստանից փողերի հոսքերի նկատմամբ վերահսկողությունը FATF-ը ստեղծվել է 1989 թվականի հուլիսին Փարիզում G7 երկրների ղեկավարների նախաձեռնությամբ։ Կազմակերպությունը հակազդում է փողերի լվացմանը, պայքարում ահաբեկչության ֆինանսավորման եւ զանգվածային ոչնչացման զենքերի տարածման դեմ։ Խմբի երկրներն իրականացնում են ազգային համակարգերի փոխադարձ գնահատումներ՝ այդ երեւույթների դեմ պայքարելու համար։ Tweet Դիտում՝ 4743