«Պատժամիջոցների տակ գտնվող պետական բանկերի միավորումը տրամաբանական է»

15.06.2022 | 17:41 Գլխավոր էջ / Նորություններ /
#Անդրեյ Կոստին #ՎՏԲ #«ФК Открытие» բանկ
ՎՏԲ-ի հետ «ФК Открытие» բանկի միավորման գործարքը կավարտվի ոչ շուտ, քան այս տարվա աշնանը: Գնահատումն ինքնին կտեւի երկու-երեք ամիս:

Այս մասին «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում ասել է ՎՏԲ-ի ղեկավար Անդրեյ Կոստինը։

«Պատժամիջոցների տակ գտնվող պետական բանկային ակտիվների միավորումը տրամաբանական ելք է։ Մենք «Открытие» բանկի հետ նմանատիպ պրոֆիլի բանկեր ենք, միայն թե մենք վեց անգամ ավելի մեծ ենք։ Վերջինիս խոշոր հաճախորդների գրեթե 100%-ը նաեւ մեր հաճախորդներն են, միջին բիզնեսի մասով հատումը մոտ կեսն է: Միայն ցանցի համախմբումից խնայողությունները կգերազանցեն 30%-ը՝ ծախսերի նվազեցման հաշվին:

Միանալու գաղափարը պաշտպանել է Կենտրոնական բանկը, կառավարությունը, նախագահը տվել է համապատասխան հանձնարարություն։ Բայց պետք է նկատի ունենալ, որ սա բավականին աշխատատար գործընթաց է։ Կան բազմաթիվ տեխնիկական հարցեր, որոնք պետք է համաձայնեցվեն: Օրինակ, հիմա Կենտրոնական բանկը համաձայնեցնում է գնահատողին վերաբերող հարցը։ Գնահատումն ինքնին, մեր հաշվարկներով, կտեւի երկուսից երեք ամիս։ Կարծում եմ՝ աշնանից շուտ գործարքը չի փակվի»,- ասել է Կոստինը:

Անդրադառնալով  «Открытие» բանկի ղեկավար Միխայիլ Զադորնովի դիրքորոշմանը, ով բացահայտորեն քննադատում է համախմբման գաղափարը, Կոստինը նշել է, որ նրա դիրքորոշումը հասկանալի է, բայց «ավելի լավ է ինչ-որ կերպ խոսել, քննարկել ոչ միայն լրատվամիջոցների միջոցով»։

«Մարդիկ, ովքեր այսօր աշխատում են «Открытие» բանկի ղեկավարությունում, մեծ մասամբ մեր նախկին աշխատակիցներն են: Մենք նրանց ճանաչում ենք եւ գնահատում։ Յուրաքանչյուրի հետ առանձին կխոսենք, կքննարկենք։ Ընդհանուր առմամբ, այնտեղ ուժեղ թիմ է, կուզենայինք, որ նրանք շարունակեին աշխատել խմբում»,- ասել է ՎՏԲ-ի ղեկավարը։

Նա ընդգծել է, որ միշտ պատրաստ է աշխատել Զադորնովի հետ, «եթե վերջինս ցանկանա»։ «Մենք երկար տարիներ աշխատել ենք միասին, ժամանակին նրան ընդունել եմ ՎՏԲ24։ Այն ժամանակ նրա թեկնածության հետ կապված լուրջ առարկություններ կային, բայց ես պաշտպանեցի, եւ, կարծում եմ, որ ՎՏԲ24 նախագիծն, ընդհանուր առմամբ, հաջողված էր»,- ասել է Կոստինը։



Նա նաեւ մեկնաբանել է Ռուսաստանյան ազգային առեւտրային բանկի (РНКБ)՝ ՎՏԲ-ին միանալու գաղափարը։ «РНКБ-ն ժամանակին ստեղծվել էր մեր դուստր բանկի հիման վրա: Մենք նրան փոխանցեցինք Ղրիմի ցանցը եւ ՎՏԲ-ի անձնակազմն ու բանկի բաժնետոմսերը նվիրեցինք կառավարությանը։ Այսօր այսկերպ մենք պարզապես վերադառնում ենք Ղրիմ։ Բայց ամեն ինչ նորովի ստեղծելու փոխարեն տրամաբանական է վերադարձնել այն բանկը, որը ժամանակին մերն էր»,- ասել է բանկիրը։

Կոստինն ընդգծել է, որ РНКБ-ն չի միաձուլվի ՎՏԲ-ի հետ։ «Այստեղ նման անհրաժեշտություն չկա։ Սա մանրածախ բանկ է իր աշխարհագրությամբ, մենք  հաճախորդների մասով հատումներ չունենք, կոնսոլիդացիայի ժամանակ խնայողություններ չեն լինի, կլինի միայն РНКБ-ի ուժեղացումը՝ թերակղզում ՎՏԲ-ի պրոդուկտների տեսականու եւ ներդրումային գործունեության հաշվին»,- նշել է Անդրեյ Կոստինը:
Դիտում՝ 5639
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW