Կոստին. Այսօր մենք եզակի հնարավորություն ունենք սկսելու սպիտակ էջից

14.06.2022 | 15:38 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՎՏԲ #Անդրեյ Կոստին
ՎՏԲ-ի ղեկավար Անդրեյ Կոստինը RBC-ի համար գրած սյունակում ուրվագծել է ֆինանսական հատվածի առաջնահերթությունները զարգացման նոր փուլում։

Առաջին. բանկիրների համար աշխարհն իսկապես «այլեւս երբեք նույնը չի լինի»:

Այժմ արդեն նախկին «գործընկերները» չեն հոգնում կրկնել, որ business as usual-ն այլեւս հնարավոր չէ։ Ռուսաստանը զրկված է հասանելիությունից կապիտալի հիմնական շուկաներին եւ վճարային համակարգերին, միջազգային վարկանիշներին եւ աուդիտորական ծառայություններին: Հետեւաբար, որքան շուտ մենք եւ մեր հաճախորդները ընդունենք այս փաստը, սկսենք փնտրել կենսունակ այլընտրանքներ եւ աճի նոր հնարավորություններ, այնքան լավ:

Չպետք է մոռանալ մեր ոլորտի եզակի հատկանիշի՝ արագ «վերակազմավորվելու» եւ կառավարչական մարտահրավերներին արդյունավետ պատասխաններ գտնելու ունակության մասին: Մեզանից շատերն ունեն 1998, 2008, 2014, 2020 թվականների ճգնաժամերի միջով անցնելու փորձ: Ճգնաժամը մեզ համար նոր նորություն չէ:

Երկրորդ. ամենաակտիվ մասնակցություն տնտեսության կառուցվածքային վերափոխմանը: Առաջնային խնդիրն է օգնել արագ վերականգնել եւ, անհրաժեշտության դեպքում, կառուցել նոր արտադրական, լոգիստիկ եւ առեւտրային շղթաներ եւ, միաժամանակ, ֆինանսական համակարգի գործիքակազմն ու հնարավորությունները հարմարեցնել կտրուկ փոփոխված միջավայրին:

Երկիրը պետք է համակողմանիորեն վերագործարկի արդյունաբերությունը, որտեղ հնարավոր է՝ փոխարինի արտասահմանյան արտադրանքը։ Այս ամենը պահանջում է զգալի երկարաժամկետ ֆինանսական ռեսուրսներ։ Ընդ որում, մենք մեզնից բացի ոչ ոքի վրա հույս չունենք։

Այստեղից եւս մեկ առաջնահերթություն: Վստահ չեմ, որ այսօր գտնվելով արեւմտյան ֆինանսական համակարգի շրջանակից դուրս՝ Ռուսաստանը պետք է շարունակի լիովին հետեւել արեւմտյան շուկաների համար նախատեսված Բազելի նորմատիվներին։

Կարգավորիչն արդեն իսկ պատրաստակամություն է հայտնել «նուրբ կարգավորել» Բազելի կիրառությունը՝ հաշվի առնելով ներկա իրողությունները, ինչը, անշուշտ, էական աջակցություն կտրամադրի ոլորտին եւ, ընդհանուր առմամբ, տնտեսությանը։

Այսօր մենք եզակի հնարավորություն ունենք սկսելու սպիտակ էջից։ Ստեղծել բանկային կարգավորման եւ ազգային վարկային վարկանիշի սեփական տարբերակները: Դրանցում միանգամայն կարող են տեղ գտնել գործող միջազգային ստանդարտների ռելեվանտ դրույթները: Բայց ամենից առաջ նման ապագա չափանիշները պետք է արտացոլեն Ռուսաստանի տնտեսության իրողությունները եւ առաջնահերթությունները։

Երրորդ. պատժամիջոցները երկար ժամանակով են։ Գլոբալիզացիան իր նախկին տեսքով ավարտվել է: Աշխարհը, ամենայն հավանականությամբ, նորից կբաժանվի «մենք»-ի եւ «օտարներ»-ի: Սա 2.0 սառը պատերազմ է:

Համաշխարհային շուկա մուտք գործելը (որտեղ մեր կանոնները չեն գործում) պետք է վաստակել լավ վարքագծով, այսինքն՝ «խաղալ կանոններով», հետեւում է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասի վերջին հայտարարությունից: Ռուսաստանը «կարմիր քարտ» ստացավ: Չինաստանը՝ դեռեւս «դեղին»:

Բանկային հատվածի համար սա նշանակում է դոլարով եւ եվրոյով հաշվեկշիռների հետագա ապաարժութավորման անհրաժեշտություն։ Արտաքին ուրվագծում առաջնահերթություններն են՝ արտարժութային վճարումների դիվերսիֆիկացումը, բարեկամական երկրների հետ առեւտրում անցումը ռուբլու եւ ազգային արժույթների՝ օգտագործելով անվտանգ վճարահաշվարկային ենթակառուցվածքը, ներդրումային գործիքների մշակումն ու գործարկումը «փափուկ» արժույթներով: Այդ թվում՝ BRICS-ի շրջանակում, որի տնտեսություններն այսօր կազմում են համաշխարհային ՀՆԱ-ի 25%-ը։

Թե ինչ կլինի հետո, կախված է մեզանից: Բիզնեսում, ինչպես սպորտում, կա ապացուցված սկզբունք՝ հաղթելու համար նախ պետք է խաղալ։ Այս անգամ՝ մեր կանոններով։
Դիտում՝ 5000
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW