ԱՄՆ Կոնգրեսը վերջնականապես հաստատել է Կիեւին $40 մլրդ հատկացնելու օրինագիծը

20.05.2022 | 09:31 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱՄՆ Կոնգրես #Ուկրաինա օգնություն
ԱՄՆ Կոնգրեսի Սենատը հավանություն է տվել Ուկրաինային $40 միլիարդի չափով լրացուցիչ օգնություն տրամադրելու մասին օրինագծին, հայտնում է Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսը՝ վկայակոչելով Bloomberg գործակալությունը։

Նախաձեռնությանը կողմ է քվեարկել Սենատի 86 ներկայացուցիչ, դեմ՝ 11 սենատոր, այժմ Կոնգրեսի նախաձեռնությունը պետք է հաստատի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։

Ըստ Bloomberg-ի՝ օգնության փաթեթից $6 միլիարդը կտրամադրվի Կիեւին անվտանգության ապահովմանը, $8․8 միլիարդը՝ տնտեսական աջակցությանը, $9․05 միլիարդը՝ Պենտագոնից զենք մատակարարելուն, իսկ $4 միլիարդը՝ Ուկրաինային զենք մատակարարող այլ երկրներին: Եվս $4․35 միլիարդ կուղղվի մարդասիրական օգնությանը եւ պարենային գլոբալ աջակցությանը, որը կկառավարի ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID), $700 միլիոն՝ Պետդեպարտամենտի համաշխարհային պարենային ֆինանսավորմանը:

Ի սկզբանե Բայդենը հանդես էր եկել $33 մլրդ ծավալաով օգնություն տրամադրելու նախաձեռնությամբ, որը հետագայում Կոնգրեսում ավելացավ մինչեւ $40 միլիարդ: «Մենք չենք կարող թույլ տալ, որ մեր օգնության մատակարարումները դադարեցվեն, մինչ մենք սպասում ենք Կոնգրեսի կողմից հետագա գործողություններին: Այս կրիտիկական գծին մոտ 10 օր է մնացել»,- զգուշացրել էր Սպիտակ տան ղեկավարը։

Անցած շաբաթ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն էր տվել օրինագծին։ Դրա օգտին քվեարկել էր 368 կոնգրեսական, դեմ՝ 57 հանրապետական։

Օրերս ԱՄՆ Սենատը հետաձգել էր վերջնական քվեարկությունը՝ սենատոր Ռենդ Փոլի որոշման պատճառով, ով պահանջել էր փոփոխություններ կատարել փաստաթղթի տեքստում։

Փոլը նշել էր, որ եթե օրինագիծն ընդունվի, ապա անցած տարվանից ի վեր ԱՄՆ-ի ընդհանուր օգնությունն Ուկրաինային կհասնի $60 միլիարդի, ինչն ավելին է Պետդեպարտամենտի բյուջեից, նման գումարը կարող է արագացնել գնաճի սրընթաց աճը:

Սակայն Փոլի առաջարկն այդպես էլ չընդունվեց, իսկ արգելափակումը շրջանցվեց մի քանի ընթացակարգային քայլերով: Մասնավորապես, օրինագիծն ընթացակարգային քվեարկություն էր անցել ԱՄՆ Սենատում։

Դիտում՝ 4532
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW