Գուտերեշը կոչ է արել «պարզ լինել» պարենային ճգնաժամի լուծումների հարցում

19.05.2022 | 10:57 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՄԱԿ #Անտոնիո Գուտերեշ #պարենային ճգնաժամ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ ռուսաստանյան արտադրության սննդամթերքն ու պարարտանյութերը պետք է թույլատրվեն համաշխարհային շուկաներում՝ պարենային ճգնաժամը լուծելու համար։

Նրա խոսքով՝ ՌԴ ռազմական գործողությունը մեծացրել է մինչ այդ եղած մի շարք գործոնների, մասնավորապես՝ կլիմայի փոփոխության եւ COVID-19 համավարակի ազդեցությունը, որոնք անդրադառնում էին պարենային ճգնաժամի վրա։ Գուտերեշը ընդգծել է, որ Ռուսաստանը, Ուկրաինան եւ Բելառուսը պարարտանյութերի եւ պարենային ապրանքների արտադրության առաջատարներն են։

«Եկեք պարզ լինենք՝ պարենային ճգնաժամի ավելի արդյունավետ լուծում չկա, քան ուկրաինական սննդամթերքի արտադրության, ինչպես նաեւ Ռուսաստանի ու Բելառուսի կողմից արտադրված պարենի եւ պարարտանյութերի վերաինտեգրումը համաշխարհային շուկաներ», - Գուտերեշի խոսքերն է մեջբերում RBC-ն:

Գուտերեշը ընդգծել է, որ Մոսկվան պետք է դադարեցնի ուկրաինական նավահանգիստներից սննդամթերքի արտահանման արգելափակումը։ Միաժամանակ, Ռուսաստանից պարարտանյութերն ու պարենային ապրանքները պետք է անարգել թողնվեն համաշխարհային շուկաներ, շարունակել է նա։

«Այս հարցերի շուրջ ես սերտ կապի մեջ եմ Ռուսաստանի, Ուկրաինայի, Թուրքիայի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության, ինչպես նաեւ մի շարք այլ առանցքային երկրների հետ: Վստահ եմ, որ դեռ երկար ճանապարհ կա անցնելու»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։



Ապրիլի կեսին Արժույթի միջազգային հիմնադրամը, Համաշխարհային բանկը, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը եւ Առեւտրի համաշխարհային կազմակերպությունը կոչ էին արել համաշխարհային հանրությանը հրատապ միջոցներ ձեռնարկել՝ ապահովելու պարենային անվտանգությունը Ուկրաինայում իրադարձությունների լույսի ներքո։

Իսկ Գերմանիայի տնտեսական համագործակցության եւ զարգացման հարցերով նախարար Սվենյա Շուլցեն ուկրաինական իրադարձությունների ֆոնին հանդես էր եկել համաշխարհային պարենային անվտանգության դաշինքի ստեղծման օգտին՝ աշխարհում զանգվածային սովից խուսափելու համար։

Իր հերթին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների գլոբալ հետեւանքների, ներառյալ՝ մի շարք պետություններում հնարավոր սովի մեղավորն արեւմտյան երկրներն են, որոնք պատրաստ են զոհաբերել մնացած աշխարհն իրենց գերակայության համար։

Վերջերս այս խնդրի շուրջ համատեղ հայտարարությամբ հանդես եկան «Մեծ յոթնյակ»-ի (G7) երկրների արտաքին գործերի նախարարները՝ իրենց խորը մտահոգությունը հայտնելով համաշխարհային պարենային անվտանգության հետ կապված իրավիճակի վատթարացման կապակցությամբ։
Դիտում՝ 3289
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW