Ինչպես հայտնի է դարձել «Կոմերսանտ»-ին, Ռուսաստանի ֆինանսների նախարարությունը մայիսյան տոներին քննարկել է պետական բանկերի՝ ՎՏԲ-ի, «Открытие» բանկի եւ «Ռուսաստանյան ազգային առեւտրային բանկ»-ի (РНКБ) միավորման հարցը:Սկզբունքային մտադրություն կա ինտեգրումն ավարտել 2023 թվականի առաջին կիսամյակում։ Այն կանցկացվի ՎՏԲ-ի հովանու ներքո, սակայն, եթե «Открытие» բանկի դեպքում նախատեսվում է ՎՏԲ-ի հետ միավորում, ապա РНКБ-ն կպահպանի առանձին իրավաբանական անձ կարգավիճակն ու կառավարումը (բանկը ղեկավարում է Միխայիլ Յակունինը, ով նախկինում աշխատել է ՎՏԲ-ում): «Открытие» բանկի ներկայիս ղեկավար Միխայիլ Զադորնովը կարող է լքել բանկը եւ միանալ ՌԴ Կենտրոնական բանկի ղեկավարությանը: «Մանրամասն «ճանապարհային քարտեզը» դեռ հաստատված չէ, դա հաջորդ փուլն է»,- նշել է պարբերականի աղբյուրը։ Փորձագետների կարծիքով՝ մեկ տարվա ընթացքում երեք խոշոր պետական բանկերի միավորման նպատակը բարդ է, բայց իրագործելի։Այսպես, «Դմիտրի Դոնսկոյ» ֆինանսական խմբի գործընկեր Դմիտրի Կուրբատսկին նշել է, որ ՎՏԲ-ն ունի փորձ, ուստի գործընթացները պետք է ավելի հեշտ ընթանան։ «Այս դեպքում, հավանաբար, ամենադժվարը «ճանապարհային քարտեզի» սահմանումն ու համաձայնեցումն է՝ հաշվի առնելով, որ բոլոր երեք պետական բանկերը բավականին խիստ կարգավորվում են՝ յուրաքանչյուրն յուրովի: Կպահանջվի բազմաթիվ համաձայնություններ բոլոր մակարդակներում, ինչը կարող է տեւել մինչեւ կես տարի: Կարեւոր խնդիր է ՏՏ ինտեգրումը, որը երկար ժամանակ կպահանջի։ Բայց եթե մասնագետների բավարար անձնակազմ հատկացվի եւ քարտ բլանշ տրվի որպես «թիվ մեկ» խնդիր, ապա հնարավոր եմ համարում կես տարվա ընթացքում համաձայնեցնել բոլոր ընթացակարգերը եւ կես տարի էլ հատկացնել ՏՏ ինտեգրմանն ու հաճախորդների տեղափոխմանը։ Այսինքն, ընդհանուր առմամբ՝ մեկ տարի, ինչը չափազանց հավակնոտ է, բայց իրատեսական»,- նշել է փորձագետը: 29.04.2022 | 09:46 «Կոմերսանտ»․ Ռուսաստանյան ՎՏԲ-ի հետ մեկ խմբում կարող է միավորվել երկու բանկ Ապրիլի 29-ին «Կոմերսանտ»-ը հաղորդել էր, որ ՎՏԲ-ի ղեկավար Անդրեյ Կոստինը դիմել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինին՝ առաջարկելով բանկի հետ մեկ ընդհանուր խմբում միավորել պետության կողմից վերահսկվող երկու վարկային հաստատություն՝ «Открытие» բանկը եւ РНКБ-ն:Ավելի ուշ, մեկնաբանելով բանկերի հնարավոր միավորման մասին տեղեկատվությունը, Ռուսաստանի բանկերի ասոցիացիայի խորհրդի նախագահ, Պետդումայի ֆինանսական շուկայի հարցերով կոմիտեի ղեկավար Անատոլի Աքսակովն ասել էր, որ գործարքը դժվար թե օրենսդրական փոփոխություններ պահանջի, ինչպես դա եղավ, օրինակ, «Սբերբանկ»-ի բաժնետոմսերը Ռուսաստանի Բանկից ՌԴ կառավարությանը փոխանցելու դեպքում: «Միավորման համար արդեն կան բոլոր պայմանները»,- ընդգծել էր նա: Tweet Դիտում՝ 7689