Ռուսաստանցիների մոտ 80%-ը կողմ է քառօրյա աշխատանքային շաբաթ սահմանելուն

01.02.2022 | 13:04 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ռուսաստան #քառօրյա շաբաթ #Rabota.ru
Ռուսաստանցիների մեծ մասը համաձայն է պնդման հետ՝ որքան շատ հանգստյան օրեր, այնքան լավ, նրանք դրական են տրամադրված քառօրյա աշխատանքային շաբաթ սահմանելու հարցում:

Այսպիսին են Rabota.ru ծառայության կողմից «ՌԻԱ Նովոստի»-ի համար հունվարին անցկացված ուսումնասիրության արդյունքները։

Հարցին՝ «համաձա՞յն եք այն պնդմանը, որ շաբաթական երեք հանգստյան օրն ավելի լավ է, քան երկուսը», ռուսաստանցիների մեծամասնությունը (78%) դրական է պատասխանել, ասված է ուսումնասիրության մեջ, որում մասնակցել է ավելի քան 5000 օգտատեր Ռուսաստանի բոլոր մարզերից։

Միաժամանակ, հարցվածների 47%-ը բացասական է գնահատել իրենց ընկերության պատրաստակամությունը քառօրյա աշխատանքային շաբաթվա հարցում։ Նրանց կարծիքով՝ նման աշխատանքային գրաֆիկն իրենց հարմար չէ։ Սակայն հարցվածների 21%-ը նշել է, որ անցումը միանգամայն իրատեսական է, բայց դրա համար կպահանջվի ավելի քան վեց ամիս։ Եվս 15%-ը կարծում է, որ աշխատանքային շաբաթվա կրճատումը կպահանջի մի քանի ամիս, իսկ 11%-ը նշել է մի քանի շաբաթվա մասին։ Քառօրյային անցնելու համար իրենց ընկերությունների ամբողջական պատրաստակամության մասին հայտարարել է հարցվածների 6%-ը։



Այն, որ կրճատումը դրականորեն կանդրադառնա թիմի գործունեության վրա, վստահ է 10 ռուսաստանցիներից 7-ը։ Նրանց հետ համաձայն չէ միայն 5%-ը, իսկ հարցման մասնակիցների մեկ քառորդը (25%) կարծում է, որ նման միջոցները չեն ազդի աշխատակիցների արտադրողականության վրա։

Քառօրյան բարենպաստ ազդեցություն կունենա նաեւ թիմի մթնոլորտի վրա. այդպես է կարծում հարցվածների 73%-ը։ Եվ միայն 4%-ն է գտնում, որ աշխատանքային շաբաթվա կրճատումը բացասաբար կանդրադառնա գործընկերների միջեւ հարաբերությունների վրա։ Հարցվածների 23%-ի կարծիքով՝ աշխատանքային օրերի կրճատումը ոչ մի կերպ չի անդրադառնա թիմում տիրող իրավիճակի վրա, ասված է հետազոտության մեջ։

Գործակալությունը նշում է, որ օրերս ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդեւն ասել էր, որ քառօրյա աշխատանքային շաբաթվա պետք է անցնել տնտեսական նախադրյալների հասունացման հետ մեկտեղ, իսկ համավարակը պայմաններ է ստեղծել հենց այդ միտումի զարգացման համար:



Banks.am-ը հիշեցնում է, որ փետրվարի 1-ից ԱՄՆ-ում կմեկնարկեն քառօրյա աշխատանքային շաբաթվա փորձարկումները, որոնց կմասնակցեն արդյունաբերության, հյուրանոցային բիզնեսի, առողջապահության, զբաղվածության ապահովության եւ նոր տեխնոլոգիաների 30 ընկերություն։

Վեցամսյա փորձաշրջանը կվերահսկվի 4 Day Week Global ոչ առեւտրային կազմակերպության կողմից, որը ստեղծված է աջակցելու գործատուներին, ովքեր ցանկանում են անցնել ավելի կարճ աշխատանքային շաբաթվա եւ պահպանել աշխատանքի բարձր արդյունավետությունը:

4 Day Week Global-ն արդեն սկսել է իր ծրագիրը Մեծ Բրիտանիայում՝ խրախուսելու նույն թվով կազմակերպությունների՝ հունիսից մասնակցել վեցամսյա փորձարկմանը:
Դիտում՝ 1844
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW