Տիգրան Խուդավերդյան. Ռուսաստանի առաջատար բանկ դառնալու ծրագրեր չունենք

20.12.2021 | 17:04 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Յանդեքս» #Տիգրան Խուդավերդյան

Ֆինանսական ծառայություններն, ի տարբերություն գրեթե բոլոր մյուսների, որոնցում մենք այժմ ներկա ենք, առանց մեզ էլ արդեն շատ զարգացած էին Ռուսաստանում։ Հետեւաբար, գոնե առայժմ, չենք պատրաստվում այստեղ գերնորարարներ լինել։

Այս մասին RBC-ին տված ծավալուն հարցազրույցում ասել է «Յանդեքս»-ի կառավարիչ տնօրեն Տիգրան Խուդավերդյանը:

«Մեր հիմնական խնդիրն է տրամադրել ֆինանսական ծառայություն, որը կհարթեցնի անկյունները եւ ավելի հասանելի կդարձնի «Յանդեքս»-ի գործարքային ծառայությունները մեր գործընկերների եւ հիմնական լսարանի համար: Մենք նաեւ ցանկանում ենք վճարման գործընթացներն ավելի հարմարավետ դարձնել եւ ծառայություններ մատուցել բնակչության այն խմբին, որն այժմ ինչ-որ առումով սահմանափակված է ֆինանսական ծառայություններ ստանալու հարցում»,- նշել է նա։

Խուդավերդյանի խոսքով՝ ֆինանսական ծառայություններից օգտվողներ կարող են լինել, օրինակ, տաքսու վարորդներն ու ինքնազբաղվածի կարգավիճակով առաքիչները, որոնք տարբեր պատճառներով այժմ չեն կարողանում բանկերից ստանալ ֆինանսական ծառայություններ։ Մասնավորապես, այն պատճառով, որ նրանց եկամուտները, գործարքները միշտ չէ, որ տեսանելի են խոշոր բանկերին։ Եվ նրանք ստիպված են օգտվել միկրոֆինանսական կազմակերպություններից ու վերցնել շատ բարձր տոկոսադրույքներով վարկեր։



«Վարկերին կարելի է տարբեր կերպ վերաբերվել։ Եվ երբ մենք ներքին քննարկումներ ենք անցկացնում, թե ինչպես է զարգանալու այս ուղղությունը, ապա մեր հիմնական փաստարկը հետեւյալն է. կան մարդիկ, ովքեր գալիս են բանկ տարբեր պատճառներով, բայց բանկը նրանց մասին ոչինչ չգիտի, ուստի մերժում է կամ անբարենպաստ պայմաններ առաջարկում։ Միակ տեղեկատվությունը, որն այսօր հասանելի է բանկին փողոցից ցանկացած պատահական մարդու մասին, Վարկային պատմությունների բյուրոյից տվյալներն են: Թեեւ այնտեղ էլ կարող է ոչինչ չլինել։

«Յանդեքս»-ի բազմատեսակ ծառայությունների շնորհիվ մենք ունենք շատ տարբեր տվյալներ, եւ դրանք կարող ենք օգտագործել գնահատման համար։ Օրինակ, մենք գիտենք, որ մարդը տաքսու վարորդ է աշխատում երեք տարի կամ վեց ամիս եւ օրական 15 պատվեր է կատարում։ Կամ դա օգտատեր է, ով ունի տարատեսակ գործարքային ծառայություններից օգտվելու լավ պատմություն՝ ժամանակին վճարումներ կատարելով ապառիկով գնումների համար եւ այլն: Եվ մենք կարող ենք որոշում ընդունել, որ հնարավոր է վարկ տրամադրել այն տոկոսադրույքով, որը հասանելի է ձեզ՝ մի մարդու, ով աշխատավարձ է ստանում RBC-ում եւ տեղեկատվություն է տրամադրում բանկին: Սա բոլոր այդ մարդկանց համար հավասարեցնում է պայմանները»,- պատմել է Խուդավերդյանը։



Անդրադառնալով առաջին վարկերի տրամադրման ժամկետներին՝ նա նշել է, որ դեռ կանխատեսումներ չեն տալիս, բայց խոսքը 2022 թվականի մասին է։ «Սա բարդ բիզնես է, որտեղ, անգամ եթե ունես գաղափար եւ հայեցակարգ, պետք է զգույշ լինես»:

Հարցին, թե արդյոք ընկերությունը կպահպանի՞ իր ներկայիս գործընկերությունը, օրինակ, ՎՏԲ-ի եւ «Տինկոֆ»-ի հետ, եւ ինչպե՞ս է լուծվելու ապագայում հնարավոր շահերի բախման հարցը, Տիգրան Խուդավերդյանն ասել է.

«Հավանաբար, դարերի բաղադրատոմս չկա։ Մենք երկրի առաջատար բանկ դառնալու ծրագրեր չունենք: Մենք մշակում ենք ֆինանսական ծառայություններ, որպեսզի մարդկանց ավելի հարմար լինի գործարքներ կատարել «Յանդեքս»-ի շրջանակում: Եվ ընթացիկ ռազմավարությունն այն է, որ սեփական ուժերով ծածկենք հիմնական գործարքային ուղղությունները: Միաժամանակ, ամբողջ ֆինանսական բիզնեսը եւ ֆինանսական ծառայությունները շատ բարդ տեսակ են, այնտեղ կան բազմաթիվ պրոդուկտներ, որոնք ներառված չեն մեր ռազմավարության մեջ: Բոլոր ծառայությունները ծածկելու ծրագրեր չունենք։ Մենք նախատեսում ենք շարունակել մեր համագործակցությունն այլ խաղացողների հետ»:

Դիտում՝ 3678
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW