Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ANIF) գործունեության հաշվետվությունը: «Երբ ֆոնդը ստեղծվեց, նորարարություն էր մեր իրականության մեջ եւ պետական-մասնավոր գործակցության մի յուրօրինակ մոդել: Մենք ժամանակ առ ժամանակ վերադառնում ենք թեմային՝ հասկանալու, թե ինչքանով է աշխատող եւ կիրառելի այս մոդելը: Հետևաբար` այսօր հերթական հաշվետվության ժամանակն է: Ֆոնդը ստեղծվել է 2019 թվականի մայիսին եւ պետք է քննարկենք երկու տարվա աշխատանքի արդյունքները»,- նշել է Նիկոլ Փաշինյանը: Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանը ներկայացրել է ֆոնդի կողմից իրականացված գործարքների արդյունքները, մինչեւ 2050 թվականը Հայաստանի վերափոխման ռազմավարության տրամաբանության ներքո պետություն-մասնավոր հատված գործունեության հնարավորությունները, խոշոր ներդրումային ծրագրերի ներգրավմանը միտված աշխատանքների ընթացքը: Զեկուցվել է, որ էներգետիկայի ոլորտում ընթացքի մեջ է «Այգ-1» 200 ՄՎտ հզորությամբ արեւային ֆոտովոլտային կայանի հիմնման ծրագիրը՝ «Մասդար» ընկերության հետ համագործակցությամբ: Այն գնահատվում է 174 մլն դոլար: Փափազյանը վստահություն է հայտնել, որ այս մեծածավալ ծրագիրը կնպաստի արտադրական հզորությունների ընդլայնմանն ու էլեկտրաէներգիայի սակագների նվազեցմանը: Նշվել է, որ էներգետիկայի ոլորտում նոր նախագծեր իրականացնելու ուղղությամբ եւս աշխատանքներն ընթացքի մեջ են: 06.07.2021 | 12:14 $174 մլն-ի ներդրում մաքուր էներգիայում. «Մասդար»-ը ճանաչվել է մրցույթի հաղթող Ֆոնդի գործադիր տնօրենը հիշեցրել է, որ ընդամենը օրեր առաջ «Էյր Արաբիա» ավիաընկերության հետ կնքվել է ազգային բյուջետային ավիափոխադրող հիմնելու գործարքը: Նախատեսվում է, որ ավիաընկերությունն ավիաչվերթեր կիրականացնի դեպի Ռուսաստանի Դաշնություն, Արեւելյան Եվրոպայի ու Միջին Արեւելքի երկրներ՝ քաղաքացիներին մատուցելով բարձրակարգ ծառայություններ՝ հնարավորինս ցածր սակագներով: Ծրագրվում է, որ առաջիկա 5 տարիների ընթացքում ավիաընկերությունը Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում կբազավորի 15 օդանավ: 14.07.2021 | 21:02 Հայկական նոր ազգային ավիաընկերությունը գործելու է բյուջետային բիզնես մոդելով Հաշվետու ժամանակահատվածում ֆոնդը ներդրումային մի քանի գործարքներ է կնքել նաեւ տեղական ընկերությունների հետ՝ նպաստելով վերջիններիս գործունեության զարգացմանն ու ընդլայնմանը: Ծրագրերն իրականացվում են վերականգնվող էներգիայի, գյուղատնտեսության, առողջապահության, ծառայությունների մատուցման, զբոսաշրջության ոլորտներում: Ֆոնդի գործունեության հաջորդ ուղղություններն են՝ աջակցությունը ջրի եւ թափոնների կառավարման համակարգերին: Ներկայացվել են նաեւ այս ուղղություններով նախատեսվող ծրագրերն ու աշխատանքները: Tweet Դիտում՝ 1487