Հայկական նոր ազգային ավիաընկերությունը գործելու է բյուջետային բիզնես մոդելով

14.07.2021 | 21:02 Գլխավոր էջ / Նորություններ /
#Տիգրան Ավինյան #ԱՆԻՖ #Էյր Արաբիա»
Որպես բյուջետային (low-cost) ավիաընկերություն՝ նոր ազգային ուղեւորափոխադրողը նպաստելու է զբոսաշրջության աճին եւ խթանելու է հարակից ոլորտների զարգացումը:

Այս մասին այսօր հայտարարել է ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը՝ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) եւ «Էյր Արաբիա» ավիաընկերության միջեւ համաձայնագրի ստորագրման արարողության ժամանակ:

«ԱՆԻՖ-ի եւ «Էյր Արաբիայի» միջեւ կնքված համաձայնագիրը կարեւոր քայլ է ազգային ավիափոխադրողի ստեղծման ճանապարհին: Սա ռազմավարական նշանակության ներդրումային ծրագիր է եւ մեծ հնարավորություններ է ստեղծում Հայաստանում ավիացիայի զարգացման համար։

Հայաստանի ազգային ավիացիան մեծ համբավ է ունեցել իր ավանդույթներով եւ հայտնի եղել իր պրոֆեսիոնալ կադրային ռեսուրսով: Համոզված եմ, որ այդ ավանդույթները վերածնվելու են՝ ժամանակակից պահանջներին համապատասխան: Կարեւորում եմ, որ համաձայնագրով ստեղծվելու է անկախ համատեղ ընկերություն, որը բազավորվելու է «Զվարթնոց» օդանավակայանում»,- ասել է Տիգրան Ավինյանը:



«Էյր Արաբիան» Մերձավոր Արեւելքի ու Հյուսիսային Աֆրիկայի առաջին եւ ամենամեծ բյուջետային ավիափոխադրողն է։ Ավիաընկերությունը թռիչքներ է իրականացնում 170 ուղղություններով, հանդիսանում է աշխարհում ֆինանսապես ամենաարդյունավետ ավիաընկերություններից մեկը, եւ «այս համագործակցությունը ծրագրին հաղորդում է առավել մեծ գրավչություն»:

Տիգրան Ավինյանը նշել է, որ նոր ազգային ավիափոխադրողի ստեղծմամբ՝ ընդլայնվելու են Հայաստանի քաղաքացիների օդային մատչելի եւ որակյալ ճամփորդության հնարավորությունները: Նա համոզմունք է հայտնել, որ սա լինելու է հաջողված նախագիծ, որի արդյունքները տեսանելի են լինելու կարճ ժամանակում:  

Միջոցառմանը ներկա էր նաեւ «Էյր Արաբիայի» տնօրենների խորհրդի նախագահ Շեյխ Աբդուլլահ բին Մոհամեդ ալ Թանին։

ԱՆԻՖ-ի եւ «Էյր Արաբիայի» միջեւ կնքված համաձայնագրով ստեղծվում է հայկական նոր ազգային ավիաընկերություն: Վերջինս գործելու է «Էյր Արաբիայի» կողմից շահագործվող բյուջետային բիզնես մոդելով:

Շուտով սկիզբ է դրվելու օդային օպերատորի սերտիֆիկատի ստացման աշխատանքներին, ինչը թույլ է տալու մեկնարկել ավիաընկերության գործունեությունը: Գործարկման ամսաթվի, անձնակազմի եւ ուղղությունների մասին լրացուցիչ մանրամասները կհայտարարվեն առաջիկայում:
Դիտում՝ 2972
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW