Վերականգնվող էներգետիկայի ոլորտում աշխարհում առաջատարներից մեկը հանդիսացող Մասդար ընկերությունը ՀՀ կառավարության կողմից պաշտոնապես ճանաչվել է Հայաստանում արդյունաբերական մասշտաբի 200 Մվտ հզորությամբ արեւային ֆոտովոլտային կայանի մրցույթի հաղթող։ ՀՀ կառավարության կողմից հայտարարված միջազգային մրցույթում Մասդարն ի սկզբանե առաջարկել էր 0,0299 ԱՄՆ դոլար կՎտժ սակագինը։ Մրցութային փուլում ընկերությունն առաջարկեց 0,0290 ԱՄՆ դոլար կՎտժ վերջնական սակագինը։200 Մվտ հզորությամբ արեւային կայանը տեղակայվելու է Արագածոտնի մարզի Թալին եւ Դաշտադեմ համայնքներում, որտեղ արեւային ճառագայթումը բավականին բարենպաստ է նման նախագծերի համար, իսկ տեղանքը՝ գյուղատնտեսական նպատակներով օգտագործելու տեսանկյունից՝ ոչ բարենպաստ։Ծրագիրը բաղկացած է լինելու մի քանի փուլերից՝ ծրագրի նախագծում, ֆինանսավորում, կառուցում եւ շահագործում։ Մասդար ընկերությանը եւ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդին (ԱՆԻՖ) պատկանելու են համատեղ ընկերության բաժնեմասերի համապատասխանաբար 85%-ը եւ 15%-ը։«Ճանաչվելով Հայաստանում արդյունաբերական մասշտաբի արեւային ֆոտովոլտային կայանի մրցույթի հաղթող՝ սկիզբ է դրվում մեր գործընկերներ ԱՆԻՖ-ի եւ ՀՀ կառավարության հետ համագործակցության նոր եւ հետաքրքիր փուլի։ Սա կարեւոր էջ է Հայաստանի՝ դեպի մաքուր էներգիա անցում կատարելու ճանապարհին։ Ցածր արժեքով արեւային էներգիան կօգնի խթանել նոր ոլորտներ, ստեղծել աշխատատեղեր եւ երկիրը տանել դեպի ծաղկուն եւ իրապես կայուն ապագա։ Մասդարը հպարտ է աջակցել Հայաստանին՝ հասնելու վերականգնվող էներգետիկայի ոլորտում իր հավակնոտ թիրախներին։ Առաջիկայում անհամբեր ենք դիտարկել երկրում այնպիսի հնարավորություններ, որոնք կունենան մաքուր էնէրգիայի ենթակառուցվածքը զարգացնելու մեծ ներուժ»,- ասել է Մասդարի տնօրեն Մոհամադ Ալ Ռամահին։«Մենք բոլոր մակարդակներում բավական մեծ աշխատանք ենք իրականացրել այս ծրագիրը կյանքի կոչելու համար։ Թվում է, թե տարիներ շարունակ աշխատել ենք այս գործընթացի իրագործման ուղղությամբ։ Միեւնույն ժամանակ գիտակցում ենք, որ մինչ այսօր սա ամենամեծ միանվագ ներդրումն է կանաչ տնտեսության մեջ եւ ամենամեծերից ժամանակակից Հայաստանի պատմության մեջ։ Մենք թե՛ հպարտ եւ թե՛ հաջողակ ենք Հայաստանի էներգետիկ աղբյուրների դիվերսիֆիկացման եւ դեպի վերականգնվող էներգետիկա էվոլյուցիայի այս կարեւորագույն ճանապարհին ունենալ այնպիսի գործընկեր, ինչպիսին Մասդարն է»,- իր հերթին նշել է ԱՆԻՖ-ի տնօրեն Դավիթ Փափազյանը։Ընկերության կողմից ներդրվելու է շուրջ 174 միլիոն ԱՄՆ դոլար։ Ծրագրի շրջանակներում կկառուցվի նաեւ նոր ենթակայան: Արեւային կայանը կկառուցվի մոտ 500 հա տարածքի վրա, իսկ որպես հարակից օգուտներ, կստեղծվեն բազմաթիվ ուղղակի եւ անուղղակի աշխատատեղեր:Մրցույթը՝ Մասդարի եւ ԱՆԻՖ-ի 2019 թվականի նոյեմբեր ամսին ստորագրված՝ Հայաստանում 400 ՄՎտ ընդհանուր հզորությամբ վերականգնվող էներգիայի նախագծերի մշակման վերաբերյալ պաշտոնական համաձայնագրի մաս էր կազմում: Հետագա քննարկումներ են ընթանում հաջորդ 200 ՄՎտ հզորությամբ կայանի ներդրման ծրագրի շուրջ։ Tweet Դիտում՝ 873