Դավիթ Զգուդաձե. Mastercard-ը Հայաստանում ձեւավորում է թվային տնտեսության նոր էկոհամակարգ

29.09.2026 | 14:03 Գլխավոր էջ / Նորություններ / Հարցազրույցներ /
Վճարային ոլորտը թեւակոխում է զարգացման նոր փուլ։ Այն, ինչ նախկինում միջոցների փոխանցում էր մի կետից մյուսը, այժմ վերածվում է տեխնոլոգիաների, անվտանգության, տվյալների, արհեստական բանականության եւ հաճախորդների փորձառության միասնական հարթակի:

Mastercard-ի համար այս էվոլյուցիան առանցքային դեր է խաղում նաեւ այն շուկաներում, որտեղ ընկերությունը ծավալում է իր գործունեությունը: Բանկերից եւ ֆինանսական կազմակերպություններից զատ, ընկերությունն ակտիվորեն ընդլայնում է համագործակցությունը ֆինտեխ ընկերությունների, տեխնոլոգիական մատակարարների, առեւտրային կետերի, զբոսաշրջության եւ հյուրընկալության ոլորտի ներկայացուցիչների, ինչպես նաեւ այլ գործընկերների հետ՝ համաշխարհային նորարարությունները հաճախորդների ամենօրյա կարիքներին ավելի մոտեցնելու նպատակով:

Այս համատեքստում Հայաստանն առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում: Տեղական շուկան թվային վճարումների եւ նոր տեխնոլոգիաների նկատմամբ մեծ հետաքրքրվածություն է ցուցաբերում, մինչդեռ ֆինանսական կազմակերպություններն ավանդական բանկային ապրանքներից աստիճանաբար անցում են կատարում դեպի ավելի տեխնոլոգիապես հագեցած, անհատականացված եւ փորձառության վրա հիմնված լուծումներ:

2026-ի առաջին կեսի առանցքային ձեռքբերումների, տեղական վճարահաշվարկային ոլորտը ձեւավորող միտումների, ինչպես նաեւ առաջիկա ամիսների համար ընկերության առաջնահերթությունների շուրջ Banks.am-ը զրուցել է Վրաստանում եւ Հայաստանում Mastercard-ի փոխնախագահ Դավիթ Զգուդաձեի հետ:

- Ինչպե՞ս կգնահատեք Mastercard-ի գործունեությունը Հայաստանում 2026 թվականի առաջին կեսին, եւ որո՞նք էին այս շրջանի ամենանշանակալի ձեռքբերումները:

- 2026 թվականի առաջին կեսը մի ժամանակահատված էր, երբ մենք շարունակեցինք ընդլայնել Հայաստանում մեր գործընկերությունների ինչպես ծավալները, այնպես էլ բնույթը:

Ամենահետաքրքիր ուղղություններից մեկը կենսաչափական վճարումներն են: Ամիօ բանկի եւ «FacePass»-ի հետ համատեղ աշխատում ենք բիոմետրիկ վճարային տեխնոլոգիաները հայաստանյան սպառողներին ավելի հասանելի դարձնելու ուղղությամբ, այդ թվում՝ դրանք ներդնելով Time խանութների ցանցում:

Սա առանցքային նախաձեռնություն է, քանի որ բիոմետրիկ տեխնոլոգիաները պատկերացում են տալիս, թե ինչպիսին է լինելու վճարումների ապագան: Վճարային համակարգերի էվոլյուցիան մեզ տեղափոխել է կանխիկից դեպի քարտեր, քարտերից՝ դեպի սմարթֆոններ ու կրելի սարքեր, իսկ այժմ միտված է այնպիսի փորձառության ձեւավորմանը, որտեղ վճարման բուն գործիքը մղվում է երկրորդ պլան։

Նպատակը մնում է նույնը՝ հաճախորդի համար սպասարկումը դարձնել ավելի պարզ ու հարմարավետ՝ միաժամանակ ապահովելով անվտանգության ամենաբարձր չափանիշներ:
Մեզ համար մյուս կարեւոր ուղղությունը Արդշինբանկի հետ համագործակցությունն է: Միասին մենք շարունակում ենք մշակել պրեմիում առաջարկներ ու հնարավորություններ Mastercard քարտապանների համար:

Լավ օրինակ է «Myler Mountain Resort»-ի հետ համատեղ նախագիծը, որտեղ պրեմիում հաճախորդների համար ձեւավորում ենք Mastercard-ի էքսկլյուզիվ արտոնություններ: Սա արտացոլում է սպառողական սպասելիքների ավելի լայն փոփոխությունը. այսօր պրեմիում բանկային սպասարկումն այլեւս չի սահմանափակվում միայն բուն ֆինանսական ապրանքով: Հաճախորդներն ավելի ու ավելի են կարեւորում հարմարավետությունը, բացառիկ հասանելիությունը եւ հատուկ հնարավորությունները ճանապարհորդությունների, հյուրընկալության, ժամանցի ու ռեստորանային ոլորտներում:

Մենք շարունակել ենք նաեւ համագործակցությունը Բիբլոս Բանկ Արմենիայի հետ՝ ներառյալ Mastercard քարտապանների համար նախատեսված արշավները, որոնք ուղղված են ճանապարհորդական եւ ժամանցային արտոնությունների տրամադրմանը:

Բանկային համակարգի շրջանակներից դուրս եւս ընդլայնել ենք մեր գործընկերային էկոհամակարգը Հայաստանում՝ իրականացնելով մի շարք ռազմավարական համագործակցություններ: Առանցքային իրադարձություններից էր «Glovo»-ի հետ ընդլայնվող գործընկերությունը, այդ թվում՝ քարտապանների համար հատուկ առաջարկների թողարկումը եւ Mastercard-ի դերը որպես գլխավոր հովանավոր՝ ուղղված հաճախորդների ներգրավման նախաձեռնություններին: Մենք ամրապնդել ենք նաեւ համագործակցությունը «Yandex»-ի հետ՝ հատուկ ուշադրություն դարձնելով պրեմիում հաճախորդների սպասարկման որակի բարձրացմանը եւ օդանավակայաններում գործընկերային ծրագրերի ու էքսկլյուզիվ առաջարկների միջոցով ճանապարհորդական արտոնությունների զարգացմանը:

Mastercard-ն իր ավանդն է ունեցել նաեւ բիզնես եւ նորարարական ավելի լայն էկոհամակարգի զարգացման գործում՝ Արդշինբանկի հետ համատեղ աջակցելով այնպիսի նախաձեռնությունների, ինչպիսին Sevan Startup Summit-ն է, ինչը վերահաստատում է մեր հանձնառությունը համագործակցությանն ու Հայաստանի թվային տնտեսության շարունակական զարգացմանը:

Այս նախագծերն առաջին հայացքից կարող են տարբեր թվալ, սակայն դրանք արտացոլում են միեւնույն ռազմավարությունը. համադրել Mastercard-ի համաշխարհային տեխնոլոգիաներն ու հնարավորությունները տեղական գործընկերների ուժեղ կողմերի հետ՝ ստեղծելու այնպիսի առաջարկներ, որոնք արդիական ու արժեքավոր են հենց հայաստանյան սպառողի համար:

Ինձ համար սա շուկայի ամենակարեւոր զարգացումներից մեկն է. ապրանքակենտրոն մոտեցումից մենք աստիճանաբար անցնում ենք հաճախորդի փորձառության վրա հիմնված մոդելին (experience-centric):

- Որո՞նք են այն առանցքային միտումները, որոնք այսօր նկատում եք հայաստանյան շուկայում:

- Կա մի քանի հիմնական միտում: Առաջինը թվային եւ անհպում վճարումների անցման շարունակական ընդլայնումն է: Տեղական շուկայի սպառողներն արդեն վստահորեն օգտվում են թվային վճարային լուծումներից, եւ նրանց սպասելիքներն արագորեն աճում են: Արագությունն ու հարմարավետությունն այլեւս առավելություն չեն, այլ՝ հիմնական պահանջ:

Հաջորդ փուլը վճարումներն էլ ավելի անխափան ու աննկատ դարձնելն է: Բիոմետրիկ տեխնոլոգիաները դրա վառ օրինակն են: Տոկենացումը, թվային դրամապանակները եւ այլ տեխնոլոգիաները նույնպես աստիճանաբար վճարման բուն գործընթացը մղում են երկրորդ պլան՝ դարձնելով այն հաճախորդի ընդհանուր ուղու անբաժան, բայց աննկատ մասը:

Երկրորդ միտումը փորձառության վրա հիմնված եւ պրեմիում առաջարկների աճող կարեւորությունն է: Սպառողը պրեմիում քարտից ավելին է սպասում, քան ուղղակի վճարային գործառույթը: Ճանապարհորդական արտոնությունները, օդանավակայանների VIP սպասարկումը, հյուրընկալության, ռեստորանային ու ժամանցի ոլորտների հատուկ հնարավորությունները դառնում են արժեքային առաջարկի անկյունաքարը: Սա է պատճառներից մեկը, որ ավանդական բանկային համակարգից դուրս համագործակցությունները մեզ համար դառնում են առանցքային:

Երրորդ խոշոր միտումը, անշուշտ, արհեստական բանականությունն է (ԱԲ): Այն արդեն իսկ ազդում է վճարային էկոհամակարգի բազմաթիվ մակարդակների վրա՝ զեղծարարությունների բացահայտումից եւ կիբեռանվտանգությունից մինչեւ տվյալների վերլուծություն ու անհատականացում: Ապագայում այն ունակ է վերափոխել բուն առեւտուրը, այդ թվում, թե ինչպես են սպառողները գտնում ապրանքները, որոշումներ կայացնում եւ գործարքներ կատարում:

Միեւնույն ժամանակ, սա էլ ավելի է մեծացնում վստահության եւ անվտանգության դերը: Երբ վճարումները դառնում են առավելապես թվային եւ «անտեսանելի», սպառողները պետք է վստահ լինեն, որ այդ փորձառության հետեւում կանգնած տեխնոլոգիան հուսալի է: Հետեւաբար, նորարարությունն ու անվտանգությունը չեն կարող դիտարկվել առանձին. դրանք պետք է զարգանան զուգահեռ:

Եվ վերջապես, կառանձնացնեի ֆինանսական եւ թվային գրագիտությունը: Նոր տեխնոլոգիաները մեծ հնարավորություններ են ստեղծում, սակայն սպառողներին անհրաժեշտ են նաեւ գիտելիքներ եւ վստահություն՝ ֆինանսական նոր գործիքներից պատասխանատու եւ անվտանգ օգտվելու համար:

Mastercard-ի համար թվային տնտեսության ապագան ձեւավորվում է հենց այս երեք առանցքների շուրջ՝ նորարարություն, անվտանգություն եւ ներառականություն:

- Որո՞նք են Mastercard-ի գործունեության հիմնական ուղղությունները Հայաստանում 2026-ի երկրորդ կեսին։

- Մեր ուշադրության կենտրոնում շարունակելու է մնալ մի քանի առանցքային առաջնահերթություն։

Առաջին ուղղությունը վճարային նոր տեխնոլոգիաներն ու թվային լուծումներն են: Մենք մեծ ներուժ ենք տեսնում վճարումները պարզեցնող եւ անվտանգությունն ապահովող տեխնոլոգիաներում, մասնավորապես՝ կենսաչափական համակարգերում եւ տոկենացման մեջ:

Հաջորդ կարեւոր ուղղությունը գործընկեր բանկերի հետ պրեմիում ապրանքատեսակների զարգացումն է։ Մենք ձգտում ենք, որ Mastercard քարտապանները բրենդի առավելությունները զգան ոչ միայն վճարում կատարելիս, այլեւ կյանքի տարբեր ոլորտներում՝ ճանապարհորդելիս, ռեստորաններում, ժամանցի ու հանգստի վայրերում։

Լայն հնարավորություններ ենք տեսնում նաեւ ավանդական ֆինանսական ոլորտից դուրս գտնվող բիզնեսների հետ համագործակցության մեջ: Վճարային համակարգերի ապագան կերտվում է բանկերի, մանրածախ առեւտրի, հյուրընկալության, տեխնոլոգիաների եւ էլեկտրոնային առեւտրի սերտ համագործակցության արդյունքում:

Փոքր եւ միջին բիզնեսը (ՓՄՁ) նույնպես կարեւոր ուղղություն է: Փոքր բիզնեսի համար թվայնացումն այլեւս սոսկ քարտային վճարումներ ընդունելը չէ: Թվային ֆինանսական գործիքները օգնում են կառավարել ծախսերը, բարձրացնել արդյունավետությունը, գտնել հաճախորդներ առցանց հարթակներում եւ ավելի ակտիվ մասնակցել թվային տնտեսությանը:

Եվ վերջապես, կիբեռանվտանգությունն ու վստահությունը կմնան մեր բոլոր նախաձեռնությունների հիմքում: Տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց ավելանում են նաեւ ռիսկերը: Mastercard-ը գլոբալ մակարդակով ներդրումներ է կատարում զեղծարարությունների բացահայտման եւ վճարային էկոհամակարգի պաշտպանության տեխնոլոգիաներում, եւ այդ հնարավորությունները մեր գործընկերներին ու շուկաներին հասանելի դարձնելը մեր առանցքային առաջնահերթությունն է:

Հաջողությունը, սակայն, չի սահմանափակվում լոկ քարտերի քանակով, գործարքների ծավալով կամ նոր ապրանքատեսակների թողարկմամբ։ Առանցքային ցուցանիշն այն է, թե տնտեսության քանի տարբեր ոլորտ ենք կարողանում միավորել մեր տեխնոլոգիաների ու գործընկերային ցանցի շնորհիվ։

Այսօր Հայաստանում մեր աշխատանքն արդեն իսկ առնչվում է ավանդական բանկային համակարգին, բիոմետրիկ տեխնոլոգիաներին, պրեմիում սպասարկմանը, առեւտրին, հյուրընկալությանն ու ճանապարհորդություններին: Ակնկալում եմ, որ այս շրջանակն ավելի է ընդլայնվելու:

Ցանկանում եմ, որ 2026 թվականի ավարտին ունենանք էլ ավելի շոշափելի օրինակներ, թե ինչպես են Mastercard-ի համաշխարհային հնարավորությունները վերածվում լուծումների, որոնք իսկապես արդիական են հայաստանյան սպառողների եւ բիզնեսի համար:

Ի վերջո, տեխնոլոգիան պետք է վճարումներն ու գործարքները դարձնի ավելի պարզ, անվտանգ եւ արժեքավոր: Mastercard-ի համար նորարարությունը ինքնանպատակ չէ, այլ մարդկանց ու բիզնեսի համար նոր հնարավորություններ ստեղծելու միջոց՝ հանուն առավել ներառական թվային տնտեսության:

Ավելին, քան պարզապես գործարք

Հայաստանում Mastercard-ի գործունեության զարգացումն արտացոլում է այն համապարփակ փոփոխությունները, որոնք տեղի են ունենում ողջ վճարահաշվարկային ոլորտում: Առանցքային է դառնալու այն, թե ինչ է տեղի ունենում այդ գործարքի շուրջ՝ որքանով է այն անվտանգ, որքանով են տեխնոլոգիաները խելացիորեն օժանդակում դրան, ինչ հավելյալ արժեք է ստեղծվում սպառողի համար եւ ինչ նոր հնարավորություններ են բացվում բիզնեսի առջեւ։

Հայ սպառողի համար դա կենսաչափական տեխնոլոգիայով վճարում կատարելն է՝ առանց դրամապանակից օգտվելու, պրեմիում քարտապանների համար՝ լեռնային հանգստավայրում Mastercard-ի բացառիկ արտոնություններից օգտվելը, իսկ փոքր բիզնեսի համար՝ թվային առեւտրին ու նոր հաճախորդներին պարզեցված հասանելիություն ստանալը։

Mastercard-ի առաքելությունը գլոբալ տեխնոլոգիաներն ու տեղական փորձը միավորելն է՝ ի նպաստ ավելի առաջադեմ, վստահելի ու ներառական թվային տնտեսության:
Դիտում՝ 186

Ամենաընթերցվածը


​
​
Smartclick.ai
Quality Sign BW