Երգիչ Հարութ Փամբուկչյանն իր հանգույցն է կապել «Արեւագորգում»՝ կոչ անելով ամբողջ աշխարհի հայրերին միանալ նախաձեռնությանը․ «Լավ եմ զգում ինձ, որ կարողանում եմ մի հանգույց էլ ես կապեմ։ Պետք է բոլորս մեր հանգույցն ունենանք այս գորգում»,- ասել է նա։«Մարիոթ» հյուրանոցի ճեմասրահում դրված դազգահին օր օրի գործվում է գորգը՝ իր մեջ հանգուցելով սեր, օրհնանք, ուժ․ «Ազգովի գորգ գործելու գաղափարը պատերազմից հետո եկավ, մտածեցինք ինչով աջակցենք մեր տղերքին կամ իրենց ընտանիքներին՝ միաժամանակ ամբողջ աշխարհի հայությանն իրար հետ կապելով»,- ասել է «Մեգերյան կարպետ» ընկերության հիմնադիր տնօրեն Րաֆֆի Մեգերյանը։ Յուրաքանչյուր հանգույցի արժեքն է 1000 դրամ կամ համարժեք արտարժույթ։ «Արեւագորգը» պատրաստ լինելուց հետո, այն աճուրդի կհանվի։ «Արեւագորգ» ստեղծելու համար նվիրաբերած յուրաքանչյուր լուման տրամադրվելու է «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին (1000+)։ Սփյուռքում ապրող մեր հայրենակիցները նույնպես կարող են մասնակցել գորգի ստեղծմանն այս կայքի միջոցով։ «Այսօր, այս նախաձեռնության շրջանակում, յուրաքանչյուրս կարող ենք մեր հանգույցն ունենալ, որպես երազանք հզոր հայրենիքի, որպես հիշատակ կամ ի պատիվ մեր զինվորի։ Մենք մեր ստեղծման առաջին օրվանից (2017թ․) կայուն հատուցումներ ենք տրամադրել զոհված, անհետ կորած, զինհաշմանդամություն ստացած մեր հայրենիքի պաշտպաններին»,- ասել է «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի փոխտնօրեն Տաթեւիկ Յաղջյանը։ «Արցախի Ջրաբերդ գավառի գորգերի շարքին պատկանող «Արեւագորգի» կենտրոնում պատկերված է լինելու զարդանախշ ծաղկած խաչ, որն արեւի ճառագայթներով է շրջապատված: Հայկական մշակույթում ճառագայթներով խաչը հանդիսանում է արեւի եւ լույսի խորհրդանիշ։ Այն պաշտպանիչ ուժ ունի: Գործվող «Արեւագորգն» իր մեջ գաղտնի ծածկագիր ունի պահած, որը կամբողջանա եւ տեսանելի կլինի ամբողջովին գործվելուց հետո»,- ասված է հաղորդագրության մեջ։ Tweet Դիտում՝ 1635