Փոխվարչապետի գլխավորությամբ կայացել է ՓՄՁ զարգացման խորհրդի նիստը

19.02.2021 | 20:34 Գլխավոր էջ / Նորություններ /
#Տիգրան Ավինյան #ՓՄՁ #ՎԶԵԲ
Այսօր ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի» 18-րդ նիստը:

Նիստին մասնակցել են նաեւ Հայաստանում Միացյալ Թագավորության Գործերի ժամանակավոր հավատարմատար Հելեն Ֆեյզին եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) երեւանյան գրասենյակի ղեկավար Դիմիտրի Գվինդաձեն:

Ողջույնի իր խոսքում Տիգրան Ավինյանը մասնավորապես ասել է.

«2020 թվականը Հայաստանի համար բազմակի ճգնաժամերի տարի դարձավ՝ նկատի ունենալով տարեսկզբի կորոնավիրուսի համավարակը եւ արդեն աշնանը Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմը: Այս ամենը խաթարող ազդեցություն ունեցավ տնտեսության ու սոցիալ-տնտեսական կյանքի վրա. տնտեսական տարին ավարտել ենք մոտ 7.5% տնտեսական անկումով, ինչը չի կարող սոցիալական հետեւանքներ չունենալ:

Նախորդ տարին ավելի տեսանելի դարձրեց խորքային այն խնդիրները, որոնք կուտակվել են եւ ընդհանուր առմամբ բնութագրում են մեր երկրի տնտեսական համակարգը: Մասնավորապես՝ մրցունակության եւ տեխնոլոգիական զարգացման ոչ բավարար մակարդակ, ըստ այդմ՝ ֆորս-մաժորներին դիմակայելու ցածր կարողունակություն եւ իրավիճակներին ադապտացվելու նվազ ճկունություն: Այս խնդիրներն ավելի սուր են արտահայտված փոքր եւ միջին ձեռնարկատիրության հատվածում:

Այս իրողությունը հետեւություններ անելուց զատ, տնտեսական քաղաքականության վերաիմաստավորման եւ առկա մարտահրավերներին համապատասխան վերափոխման անհրաժեշտություն է ստեղծում: Այս համատեքստում փոքր եւ միջին ձեռնարկատիրության մրցունակության եւ դիմակայունության աճի հիմքում պետք է ընկած լինեն ինդուստրիալիզացիան, տեխնոլոգիական մոդեռնիզացիան եւ միջազգային արժեշղթաներում մրցունակ դիրքեր գրավելը:

Անկասկած, բոլոր ներկաներն արդեն իրազեկ են, որ վարչապետի կողմից հրապարակված ճանապարհային քարտեզի կետերի իրականացման շրջանակում փետրվարի 4-ին Կառավարությունը հաստատել է «Տնտեսական արձագանքման ծրագիրը եւ գործողությունների պլանը», որի առանցքը առաջիկա վեց ամիսներին տնտեսական ակտիվության խթանումն է, գործարարության եւ ձեռներեցության զարգացման համար նպաստավոր միջավայրի ու պայմանների ապահովումը: Չնայած ծրագիրը կարճ ժամկետում իրականացվելու օրակարգ ունի, դրանում ներառված բոլոր գործողություններն ու միջոցառումները նաեւ միջնաժամկետում պիտի նպաստեն տնտեսության վերականգնմանն ու կայուն զարգացմանը: Ծրագրում կարեւոր տեղ է հատկացված մասնավոր հատվածի հետ պարբերական խորհրդակցություններին, որոնց միջոցով փորձելու ենք վեր հանել խնդիրները եւ լուծումներ գտնել: Կարող ենք համարել, որ այս նիստով դնում ենք այդ խորհրդակցությունների մեկնարկը: Ամփոփելով՝ ցանկանում եմ նաեւ ողջունել եւ շնորհակալություն հայտնել մեր միջազգային գործընկերներին այսօրվա նիստին ներկա գտնվելու համար»:



Հայաստանում Միացյալ Թագավորության Գործերի ժամանակավոր հավատարմատար Հելեն Ֆեյզին ողջունել է խորհրդակցության մասնակիցներին՝ արտահայտելով Միացյալ Թագավորության հանձնառությունը շարունակելու աջակցել անցկացվող միջոցառումներին, որոնք խթանում են տնտեսության զարգացումը: Նա ընդգծել է, որ անհրաժեշտ է այնպիսի գործիքների ներդրումն ու կիրառությունը, որոնցով առավելագույնս արդյունավետորեն կհաղթահարվեն նախորդ տարվա առաջացրած խնդիրները:

ՎԶԵԲ-ի երեւանյան գրասենյակի ղեկավար Դիմիտրի Գվինդաձեն, անդրադառնալով ՎԶԵԲ-ի առաքելությանը, ներկայացրել է բանկի կողմից Հայաստանում իրականացվող գործառնությունների դինամիկան: Ըստ այդմ՝ նախորդ տարի Հայաստանում ՎԶԵԲ-ի գործառնությունների ծավալը ռեկորդային է եղել՝ 160 մլն եվրո, որի մոտ 93%-ը մասնավոր հատվածում գործառնություններն են: Նա նշել է, որ ՎԶԵԲ-ը մեծապես շահագրգռված է աջակցելու մասնավոր-պետություն տնտեսական երկխոսությանը, ինչն էլ իր հերթին պիտի նպաստի մասնավոր ձեռնարկատիրության զարգացմանը:



Նիստի ընթացքում քննարկվել են պետական գնումներում առկա խնդիրները, դրանց լուծման հնարավորություններն ու հեռանկարները: Անդրադարձ է կատարվել խոշոր առեւտրային ցանցերին վերաբերող հարցերին, այդ թվում՝ մատակարարումներին, տեղական արտադրանքի իրացմանը եւ այլն: Քննարկման առարկա են դարձել դրոշմավորման գործընթացում առկա խնդիրները, «Հայփոստի» առաքման ծառայության գների բարձրացման հարցերը: Օրակարգում է եղել նաեւ բանկերի կողմից ֆինանսական հասանելիության գործիքների ընդլայնման հարցը:
Դիտում՝ 2820
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW