2020 թվականին Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) Հայաստանում արձագանքել է Covid-19 համաճարակին` կատարելով €167 մլն գումարի չափով ռեկորդային ներդրումներ: Ինչպես նշել են ՎԶԵԲ-ի երեւանյան գրասենյակում, ներդրումները կատարվել են էներգետիկայի, բանկային եւ տրանսպորտային ծրագրերի իրականացման համար, ինչպես նաեւ առեւտրի ֆինանսավորման աջակցության միջոցով։ Բանկն օգնել է հոգալ երկրի տնտեսության անմիջական եւ երկարաժամկետ կարիքները:«ՎԶԵԲ-ի թիմն աշխատել է օգնել մեր հաճախորդներին հաղթահարել Covid-19 համաճարակի ազդեցությունը: Մեր աջակցությունը ներառում է իրացվելիության ապահովում եւ առեւտրի ֆինանսավորում: Մենք ներդրումներ ենք արել էներգետիկ եւ տրանսպորտային ենթակառուցվածքներում: Բանկային հատվածին մեր ցուցաբերած աջակցությունը խթանել է ընկերությունների համար ֆինանսական միջոցների հասանելիությունը: Վերականգնմանն օժանդակելը մեր առաջնահերթ նպատակն է 2021 թվականին։ Մենք սերտորեն համագործակցում ենք Հայաստանում Եվրամիության (ԵՄ) հետ եւ շնորհակալություն ենք հայտնում ԵՄ-ի մեր գործընկերներին այս կարեւոր ռազմավարական համագործակցության համար ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածի ծրագրերի համատեքստում»,- նշել է ՎԶԵԲ-ի երեւանյան ներկայացուցչության ղեկավար Դիմիտրի Գվինդաձեն:ՎԶԵԲ-ը մեծացրել է իր ներդրումների ծավալը տնտեսության անմիջական կարիքները հոգալու եւ վերականգնման հիմքեր ստեղծելու նպատակով՝ կենտրոնանալով ապագայում բարելավված տնտեսությունների վերակառուցման վրա: Բանկը շարունակել է իր աջակցությունը կենտրոնացնել մասնավոր հատվածի վրա, եւ այդ աջակցությունը 2020թ. կազմել է Հայաստանում ՎԶԵԲ-ի ընդհանուր ներդրումների ավելի քան 90%-ը: Նորարարական ծրագրի շրջանակներում ՎԶԵԲ-ը ֆինանսավորել է Հայաստանում եւ Կովկասում արդյունաբերական մասշտաբի 55 Մվտ հզորությամբ առաջին արեւային էլեկտրակայանը։ Ծրագիրը կօգնի մեծացնել Հայաստանում մաքուր էներգիայի պաշարը եւ նվազեցնել երկրի կախվածությունը ներմուծվող վառելիքներից:Օժանդակելով առեւտրի կենսական հոսքերի պահպանմանը՝ ՎԶԵԲ-ը Հայաստանում նոր ռեկորդային աջակցություն է ցուցաբերել առեւտրի ֆինանսավորման գործարքներին՝ շուրջ 70 միլիոն եվրո գումարի չափով Առեւտրի խթանման ծրագրի շրջանակներում, որում ներգրավված են ութ տեղական գործընկեր բանկեր։ ՎԶԵԲ-ը էլ ավելի է ընդլայնել իր աջակցությունը փոքր եւ միջին ձեռնարկություններին (ՓՄՁ-ներին)՝ վարկեր տրամադրելով առեւտրային բանկերին բիզնեսի հետագա վարկավորման համար: Սա ներառում է «Կանայք բիզնեսում» վարկային գծերը:Ենթակառուցվածքների ոլորտում բանկը ֆինանսավորում է Մեղրի քաղաքի մերձակայքում գտնվող սահմանային անցակետի վերակառուցումն ու արդիականացումը, որպեսզի այն համապատասխանի անվտանգության եւ ապահովության ժամանակակից պահանջներին: Ծրագիրը զգալի դրամաշնորհային աջակցություն է ստացել Եվրամիությունից։ՎԶԵԲ-ը աջակցություն է ցուցաբերել Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությանը, որը շարունակում է իրականացնել իր էլեկտրական բաշխիչ ցանցի արդիականացումը:Խորհրդատվական եւ քաղաքականության մշակման գործընթացներում ներգրավվածություն Բանկը նաեւ բիզնես խորհրդատվություն է տրամադրել տեղական ՓՄՁ-ներին՝ իրականացնելով խորհրդատվական 80 ծրագիր 70 տեղական խորհրդատուների օգնությամբ եւ երեք միջազգային խորհրդատվական միջոցառումների, շուկայի զարգացման 10 միջոցառումների եւ դասընթացների միջոցով:Գործարարության աջակցման գրասենյակը (ԳԱԳ) սկսել է նորարարական նախաձեռնություն`համագործակցելով Էկոնոմիկայի նախարարության հետ` տեղական բիզնեսներին տրամադրելով ճգնաժամի հաղթահարման թեմաներով անվճար վեբինարներ։ Ազգային ժողովն ընդունել է ԳԱԳ-ի կողմից մշակված՝ լիզինգի օրենսդրական դաշտը բարելավող փաթեթը: Tweet Դիտում՝ 7070