Համավարակի ֆոնին PayPal-ը ռեկորդային եկամուտ եւ շահույթ է ստացել

31.07.2020 | 16:07 Գլխավոր էջ / Նորություններ /
#PayPal #շահույթ #եկամուտ
PayPal ամերիկյան վճարային համակարգը հայտնել է իր պատմության ընթացքում եռամսյակային լավագույն արդյունքների մասին՝ կորոնավիրուսի համավարակի ժամանակ առցանց աշխատանքի անցնելու արագացման եւ անհպում վճարումների շնորհիվ:

Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս»-ը, ֆինանսական բոլոր առանցքային ցուցանիշները գերազանցել են փորձագետների կանխատեսումները:

Երկրորդ եռամսյակում PayPal-ի զուտ շահույթը կազմել է $1,53 մլրդ, անցյալ տարվա նույն ժամանակահատվածում այս ցուցանիշը $823 մլն էր:

Ապրիլ-հունիսին ընկերության եկամուտն ավելացել է 25%-ով եւ կազմել $5,26 մլրդ: 2020թ. ամբողջ ընթացքում PayPal-ն ակնկալում է $21,7 մլրդ-ի եկամուտ ստանալ:

Վճարումների ընդհանուր ծավալը կազմել է $221,73 մլրդ, անցյալ տարի այդ ցուցանիշը $172,36 մլրդ էր: Տարվա կտրվածքով վճարումների ծավալն ավելացել է 29%-ով:

Տարվա սկզբից PayPal-ի կապիտալիզացիան ավելացել է 70,7%-ով՝ մինչեւ $206,97 մլրդ:



Banks.am հիշեցնում է, որ ամերիկյան Forbes ամսագրի հրապարակած աշխարհի 100 ամենաթանկ բրենդերի այս տարվա վարկանիշում PayPal բրենդը գնահատվել է $11,3 մլրդ՝ անցյալ տարվա հետ համեմատ արձանագրելով 24%-անոց աճ: Վարկանիշում PayPal-ը զբաղեցրել է 67-րդ տեղը:



Նշենք նաեւ, որ օգոստոսից սկսած PayPal-ը փոխում է իր բիզնես մոդելը Ռուսաստանում. ընկերությունը դադարեցնում է ներքին վճարումները: Նոր բիզնես մոդելը ենթադրում է, որ PayPal-ը կկենտրոնանա ռուսաստանյան օգտատերերի անդրսահմանային գործարքների՝ վճարումներ ուղարկելու եւ ստանալու վրա: Ընկերությունում նշել են, որ վերջին հինգ տարվա ընթացքում Ռուսաստանում գործունեության գնահատականի արդյունքներով եկել են այն եզրահանգման, որ մրցակցային հիմնական առավելությունները կապված են միջազգային վճարումների հետ:
Դիտում՝ 5552
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW