Ս.թ. հունիսի 17-ին պարետատան կողմից հրապարակվեց մի տեղեկություն, որի համաձայն «Երեւան Մոլ»-ում հայտնաբերվել են պարետատան կողմից սահմանված կանոններին անհամապատասխանություններ, եւ որ «Երեւան Մոլ»-ը փակվելու է 24 ժամով։Ի պատասխան «Գալաքսի» ընկերությունների խումբը հանդես է եկել պարզբանմամաբ, որը ներկայացնում ենք ստորեւ.«Պարետատունը իրականացնում է պարբերական ստուգումներ «Երեւան Մոլ»-ի տարբեր հատվածներում՝ ֆուդկորտում, սպասարկման կենտրոնում, վարչական՝ գրասենյակային հատվածներում, եւ ցանկացած տեղ կանոնների անհամապատասխանություն հայտնաբերելու դեպքում, նշվում է «Երեւան Մոլ»-ի անունը՝ որպես մեկ տնտեսվարող սուբյեկտ։Հունիսի 17-ին իրականացված հերթական ստուգման ժամանակ հայտնաբերվել են կանոնների խախտումներ «Երեւան Մոլ»-ի գրասենյակում, մասնավորապես, երկու աշխատակից չի կրել դիմակ, նրանց միջեւ հեռավորությունը եղել է պակաս, քան մեկուկես մետրը եւ ջերմաչափման գրանցումը կատարվել է օրական մեկ անգամ։«Հունիսի 18-ին, 12։00-ից սկսած 24 ժամով փակվել է միայն մոլի գրասենյակային մասը։ «Երեւան Մոլ»-ում գործող բոլոր խանութները եւ ֆուդկորտը շարունակում են իրենց բնականոն աշխատանքը ամեն օր՝ ժամը 10։00ից -22։00-ը», - պարզաբանել է «Երեւան Մոլ»-ի մարքեթինգի եւ հասարակայնության հետ կապերի տնօրեն Շուշան Ավագիմյանը։ Կարեւոր ենք համարում ընդգծել, որ տնտեսվարողների մասին տեղեկատվություն տարածելիս անհրաժեշտ է առաջնորդվել տեղեկատվության մատուցման հստակությամբ։ Ընդհանրացման արդյունքում ոչ ճշգրիտ տեղեկատվություն են ստանում քաղաքացիները եւ մեծ վնաս են կրում տնտեսվարողները։ Խնդրում ենք գործել զգույշ։Հիշեցնում ենք, որ «Երեւան Մոլ»-ն առաջինն էր Հայաստանում, որը կարեւորելով հանրային առողջության պահպանման անհրաժեշտությունը, առանց պարետատան հրահանգման մարտի 15-ից «Գալաքսի» ընկերությունների խմբում հանդես եկող այլ տնտեսվարողների հետ ժամանակավորապես դադարեցրեց իր գործունեությունը՝ մեծ վնասներ կրելու գնով։ «Երեւան Մոլ»-ը վերաբացումից հետո հետեւել է քաղաքացիների առողջության պահպանման ցուցումներին՝ հատուկ լրացուցիչ միջոցներ ձեռնարկելով դրա համար, այդ թվում նաեւ մոլի այցելուներին անվճար դիմակների տրամադրում, հեռավորության պահպանման ցուցումներ, ջերմաչափում մուտքի մոտ։ Նշենք նաեւ, որ «Երեւան Մոլ»-ն ամբողջ տարածքի ախտահանման աշխատանքներ է կատարում ամենօրյա ձեւաչափով, օրը երկու անգամ՝ այցելուներին տրամադրելով դիմակներ եւ ձեռնոցներ»։ Tweet Դիտում՝ 2387