IATA. Ավիաընկերությունները $312 մլրդ-ի վնաս կկրեն

02.06.2020 | 11:58 Գլխավոր էջ / Նորություններ /
#IATA #Ալեքսանդր դե Ժյունյակ
Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) հաշվարկներով՝ 2020թ. կորոնավիրուսի համավարակի հետեւանքով ավիաընկերություններն ամբողջ աշխարհում կկրեն առնվազն $312 մլրդ-ի (€280  մլրդ-ի) վնաս։

Այս մասին ֆրանսիական Le Monde թերթին տված հարցազրույցում ասել է IATA-ի ղեկավար Ալեքսանդր դե Ժյունյակը (Alexandre de Juniac), ընդգծելով, որ «սա հսկայական, աննախադեպ ցուցանիշ է»։

Անդրադառնալով օդային տրանսպորտի գործունեության վերսկսմանը, նա նշել է, որ այս առումով IATA-ի մոտեցումները կարելի է բնութագրել երեք բառով. «խորհրդատվություններ, համագործակցություն, ներդաշնակեցում»։

«Սա նշանակում է, որ սահմանների բացումը պետք է համակարգվի եթե ոչ գլոբալ, ապա գոնե տարածաշրջանային մակարդակում։ Սանիտարական միջոցառումները եւս պետք է համաձայնեցված լինեն երկրների միջեւ՝ ավիաընկերությունների համար անկառավարելի եւ ռիսկային իրավիճակներից խուսափելու համար։ Հենց այս նպատակով Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) հովանու ներքո, Առողջապահության համաշխարհային կազմակերպության եւ կառավարությունների հետ համագործակցությամբ մենք ստեղծել ենք ոլորտի վերագործարկման համար թիրախային խումբ, որը կապահովի առողջության վերահսկման գործընթացը՝  ինքնաթիռում անվտանգությունն ապահովելու եւ բացառելու համար վարակի փոխանցումը մեկ երկրից մյուսին»,- ընդգծել է IATA-ի ղեկավարը։


Ալեքսանդր դե Ժյունյակը նշել է, որ մոտ օրերս կհրապարակվի հատուկ ուղեցույց, որտեղ ներկայացված կլինեն առողջության վերահսկման ընթացակարգերը։  IATA-ն այն ներկայացրել է 21 երկրի, որոնց կողմից ստացվել է նախնական հավանություն։

Մասնավորապես, IATА-ն առաջարկում է ջերմության վերահսկում թռիչքից առաջ եւ ժամանումից հետո, դիմակի պարտադիր կրում, հնարավորության դեպքում՝ առողջության մասին հայտարարագիր, ինքնաթիռների ախտահանում, փաթեթավորված սնունդ, միայն մեկ կտոր ձեռքի ուղեբեռ, ինչպես նաեւ սահմանափակ տեղաշարժ ինքնաթիռի ներսում։

«Մենք կարծում ենք, որ, եթե վերահսկման եւ պաշտպանության այս համակարգը ստեղծվի, ապա անհրաժեշտություն չի լինի անվտանգության նպատակով ուղեւորների միջեւ ազատ նստատեղեր թողնել»,- ընդգծել է IATA-ի ղեկավարը։

Նշենք, որ Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիան (IATA) միավորում է 293 ավիաընկերություն։
Դիտում՝ 2831
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW