2020-ը շատ լավ ենք սկսել, ասում է էկոնոմիկայի նախարարը

14.01.2020 | 12:52 Գլխավոր էջ / Նորություններ /
#Տիգրան Խաչատրյան #էկոնոմիկա #տնտեսական աճ
ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ամփոփել է 2019-ին կատարված աշխատանքները եւ 2020-ի անելիքները:

Banks.am-ը ներկայացնում է նախարարի ամփոփիչ ասուլիսի հիմնական մտքերը:

2020-ի սկիզբը՝ լավ հիմքով

2020-ը շատ լավ ենք սկսել, քանի որ այն կառուցված է 2019-ի շատ լավ հիմքի վրա: Արդեն հրապարակումներ ունենք այն մասին, որ 11 ամիսների արդյունքներով ունենք 7,5% տնտեսական ակտիվություն: Հատկապես առաջատար նշանակություն ունի արդյունաբերության աճը:

11 ամիսների ընթացքում արդյունաբերության ոլորտում 5,3% տնտեսական ակտիվություն է արձանագրվել, ծառայություններն աճել են գրեթե 15%-ով, ներքին առեւտրաշրջանառությունն ունեցել է 9,2% աճ, շինարարությունը՝ 4,5%, իսկ արտահանումը՝ 9%:

2019-ի 9 ամսվա արդյունքներով մասնավոր հատվածում զբաղվածությունը, ըստ պաշտոնական թվերի, 40 000-ով աճ ունի. 5300-ը՝ մշակող արդյունաբերությունում, 12 400-ը մեծածախ եւ մանրածախ առեւտրի հատվածում, 4300-ը՝ կացության եւ հանրային սննդի ոլորտում, 2300-ը՝ կապի եւ տեղեկատվության, 2100-ը՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում եւ 2700-ը՝ այլ ծառայությունների:

Միջազգային վարկանիշների բարձրացում

Moody’s եւ Fitch միջազգային վարկանշային կազմակերպությունները, նախորդ գնահատման համեմատ, մեկ աստիճանով բարձրացրել են Հայաստանի վարկանիշը:


Մի դեպքում մենք «B1»-ից վերագնահատվել ենք «Ba3», մյուս դեպքում՝ «B+»-ից «BB-»: Սա նշանակում է, որ Հայաստանը, ընդհանուր առմամբ, ներդրողի տեսանկյունից գնահատվում է որպես ավելի բարենպաստ ու քիչ ռիսկային:


Ունեցել ենք եւս մի կարեւոր աշխատանք, որն իրականացվել էր ՄԱԿ-ի Առեւտրի եւ զարգացման միջազգային կազմակերպության կողմից: Հայաստանի ներդրումային միջավայրի գնահատման արդյունքում նոյեմբերին այն հրապարակեց զեկույց, որը կարեւոր ուշադրության է արժանանում միջազգային ներդրումային հանրության կողմից:


Զեկույցն արձանագրում էր, որ Հայաստանում ներդրումային միջավայրը բարենպաստ է, օտարերկրյա ներդրումները կարգավորող օրենսդրությունը համահունչ է միջազգային լավագույն պրակտիկային, իսկ Հայաստանում արդյունաբերության եւ ծառայությունների ոլորտները խոստանում են ներդրումային բարենպաստ միջավայր:

2019-ը նախարարության աշխատանքներում

2019-ի ընթացքում ռազմավարական փաստաթղթեր են մշակվել հինգ ուղղություններով՝ գյուղատնտեսության, փոքր եւ միջին ձեռնարկատիրության, արդյունաբերության զարգացման, գործարար եւ ներդրումային միջավայրի եւ զբոսաշրջության:


Կարծում ենք, որ 2020-ն իր հիմքում պետք է ունենա այն բարեփոխումները, որոնք անհրաժեշտ են գյուղատնտեսության ռեսուրսներն օգտագործվեն ավելի արդյունավետ:

2019-ին ներդրել ենք գյուղատնտեսության ապահովագրության պիլոտային ծրագիրը:

Ունենք արդեն 100 դիմում: Ակնկալում ենք, որ մինչեւ փետրվարի վերջ այդ քանակն էականորեն կմեծանա:


Աճ զբոսաշրջության ոլորտում

2019-ին ներգնա զբոսաշրջությունն աճել է 14,4%-ով, այստեղ աճ կա Գերմանիայից, Ֆրանսիայից, Նիդեռլանդներից:


Այս թվի աճին նպաստել են նաեւ տարբեր մարզերում տարվա ընթացքում անցկացվող ավանդական փառատոնները, որոնց մասնակցել է 1500-3000 զբոսաշրջիկ:
Դիտում՝ 1949
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW