Ուղեցույց՝ գյուղոլորտն ապահովագրողների համար
14.01.2020 | 09:58
Գլխավոր էջ /
Նորություններ /
Հոդվածներ /

Լուսանկարը՝ http://www.sciencebrainwaves.com/




Պիլոտային ծրագիրը մեկնարկել է 2019-ի հոկտեմբերի 1-ից:
2020-ի գյուղատնտեսական տարվան ընդառաջ՝ Banks.am-ն ուղեցույցի տեսքով ներկայացնում է ծրագրի կարեւոր կետերը:
1. Ապահովագրվող մշակաբույսերը
2020 թվականի գյուղատնտեսական սեզոնի համար կապահովագրվի 2 մշակաբույս՝ ծիրան եւ խաղող, 3 ռիսկերից՝ կարկուտ եւ հրդեհ, գարնանային ցրտահարություն:
Ծիրանենիների տարիքը պետք է լինի 4-ից մինչեւ 30 տարեկան, իսկ խաղողի վազերինը՝ 4 տարեկանից բարձր:
2. Ընտրված մարզերը
Կարկուտի եւ հրդեհի դեպքում ընտրվել է 6 մարզ՝ Արարատ, Արմավիր, Արագածոտն, Կոտայք, Վայոց ձոր եւ Տավուշ, գարնանային ցրտահարության դեպքում՝ 2 մարզ՝ Արարատ եւ Արմավիր:
3. Ապահովագրավճարի չափը
Ապահովագրության պայմանագրի գինը կախված է մի քանի գործոնից՝ մշակաբույսից, ռիսկի տեսակից, հողատարածքի չափից, ֆերմերի ընտրած ապահովագրական ծածկույթից, ռիսկային գոտուց եւ սուբսիդավորման չափից:
Հայաստանի բոլոր համայնքները բաշխվել են ըստ 5 ռիսկային գոտիների:
Ընտրվել է փոխհատուցման ծախսերի 5 մակարդակ՝ հիմնվելով 1 հեկտարի կտրվածքով հաշվարկած հնարավոր ամենացածր եւ ամենաբարձր արտադրական ծախսերի վրա՝ ըստ ապահովագրված մշակաբույսերի:
Ծրագրով ապահովագրավճարի չափը կսուբսիդավորվի 50-65%՝ կախված ապահովագրական պրոդուկտից:
4. Ինչպես օգտվել ծրագրից
Ծրագրից օգտվելու համար գյուղատնտեսությունում տնտեսավարողները դիմում են գործակալության անդամ ապահովագրական ընկերություններից որեւէ մեկին՝ «Ինգո Արմենիա» ապահովագրական ՓԲԸ, «Ռոսգոսստրախ - Արմենիա» ապահովագրական ՓԲԸ, «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ՓԲԸ:
Նրանց հետ կնքվում է ապահովագրության պայմանագիր: Դրանից հետո ապահովագրական ընկերությունն իրականացնում է հետհաշվարկ եւ վերաֆինանսավորման (պայմանագրով սահմանված ապահովագրավճարի սուբսիդավորման) հայտ է ներկայացնում գործակալությանը:
Հայտի բավարարման դեպքում գործակալությունը սուբսիդավորման գրություն է ներկայացնում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, որն էլ, իր հերթին, գրավոր դիմում է ՀՀ ֆինանսների նախարարությանը՝ ապահովագրական ընկերության բանկային հաշվին սուբսիդավորման ենթակա գումարը փոխանցելու համար:
Գրություն-հայտը ներկայացնելու օրվան հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում ՀՀ ֆինանսների նախարարությունն իրականացնում է համապատասխան սուբսիդավորման գումարի վճարումը:
5. Անհրաժեշտ փաստաթղթերը
Գյուղատնտեսության ապահովագրության պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ է փաստաթղթերի հետեւյալ փաթեթը՝
- անձնագիր,
- հողամասի սեփականության վկայական,
- վարձակալության պայմանագիր կամ այլ իրավական փաստաթղթեր,
- լրացված ապահովագրական դիմում:
6. Կապ
Ծրագրի վերաբերյալ խորհրդատվություն ստանալու համար կարելի է դիմել Գյուղատնտեսական ծրագրերի մշակման, ռեսուրսների օգտագործման եւ կոոպերացիայի զարգացման վարչություն՝ 011 525 232 հեռախոսահամարով:
Բողոքների դեպքում գործում է էկոնոմիկայի նախարարության թեժ գիծը՝ 055 54 19 68 հեռախոսահամարով:
Պատրաստեց Արփի Ջիլավյանը
Վերջին լուրեր
23.04.2025 | 15:54 Նորություններ
Վերազինված դասասենյակներ՝ սահմանամերձ շրջանների երեխաների համար
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: