UNCTAD-ը ներկայացրել է Հայաստանի ներդրումային միջավայրի վերաբերյալ զեկույցը

04.10.2019 | 17:05 Գլխավոր էջ / Նորություններ /
#UNCTAD #Տիգրան Խաչատրյան
Երեւանում կայացել է ՄԱԿ-ի Առեւտրի եւ զարգացման համաժողովի (UNCTAD/ՄԱԿԱԶՀ) կողմից Հայաստանի համար մշակված «Ներդրումային քաղաքականության ուսումնասիրություն» զեկույցի շնորհանդեսը։

Էկոնոմիկայի նախարարությունում նշել են, որ զեկույցը կազմել են UNCTAD ներդրումային քաղաքականության ամփոփման բաժնի մասնագետները։


Նրանք Հայաստան են ժամանել զեկույցը Հայաստանի շահագրգիռ մարմիններին ներկայացնելու եւ այն համատեղ քննարկելու նպատակով։

«Հայաստանի կառավարության կարեւորագույն առաջնահերթությունն է բաց, թափանցիկ ներդրումային եւ գործարար միջավայրի ձեւավորումը եւ դրա շարունակական բարելավումը։ Կարծում եմ, որ այս աշխատանքը այդ համատեքստում շատ մեծ նշանակություն ունի։ Հաջողությունները մշտապես կախված են նրանից, թե որքանով ճիշտ ենք ընկալում իրավիճակը, որքանով ճիշտ ենք ձեւակերպում այն նշանակետը, որին պետք է ուղղված լինեն մեր առաջիկա քայլերը։ Եվ եթե այդ երկու հարցերի վերաբերյալ մենք ունենք ճիշտ պատկերացում, ապա ներկա կետից դեպի նշված կետը շարժվելու առնչությամբ անելիքները այսպիսի քննարկումների առարկա են դառնում։ Այսինքն, եթե բավականաչափ հստակ մենք կարող ենք տալ առաջին երկու հարցի պատասխանը, ապա մնացած հարցերում մենք կարող ենք լինել ավելի ճկուն»,- ասել է էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

Նա կարեւորել է զեկույցի շուրջ քննարկումները եւ կարծիքները, շեշտելով՝ որ շարունակական երկխոսությունը թույլ կտա հասնել նախանշված նպատակին:

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մշտական համակարգող Շոմբի Շարփի խոսքով՝ Հայաստանն ապացուցել է, որ կարող են ստեղծվել համապատասխան գրավիչ պայմաններ օտարերկրյա ներդրումներ ներգրավելու համար։

«Լինելով փոքր պետություն՝ Հայաստանն ունի միջազգային լայն շփումներ եւ դրանց ընդլայնման հնարավորություն, ինչպես նաեւ արժեքավոր մարդկային կապիտալ՝ ներդրումներ ներգրավելու եւ լայնամասշտաբ արտահանումներ իրականացնելու այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են բարձր տեխնոլոգիաները, արհեստական բանականությունը, զբոսաշրջությունը, թեթեւ արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը եւ վերամշակող արդյունաբերությունը»,- ասել է նա:

UNCTAD ներդրումային քաղաքականության ամփոփման բաժնի ղեկավար Շանտալ Դյուպասքյեն էլ հավելել է.

«Այս պլանը կյանքի կոչելու համար մենք իրականացրեցինք իրավիճակի մեր սեփական ուսումնասիրությունը, որպեսզի երկրին օգնենք ներգրավելու ներդրումներ, թիրախավորելու հիմնական շուկաները եւ արտահանման ուղղությունները»։
Դիտում՝ 2806
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW