Ամփոփվել է ՊԵԿ-ի՝ հունվար-օգոստոս ամիսների աշխատանքը

10.09.2018 | 13:38 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #Դավիթ Անանյան
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն այսօր ասել է, որ 2018 հունվար-օգոստոս ամիսներին հավաքագրած համախառն հարկային եկամուտները կազմել են 880 մլրդ դրամ՝ 120,8 մլրդ դրամով գերազանցելով 2017թ. նույն ժամանակաշրջանի ցուցանիշը:

Լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ հաշվետու ամիսներին հարկ վճարողներին վերադարձվել է 67,2 մլրդ դրամ (ԱԱՀ վերադարձ, հիփոթեքային վարկավորման գծով եկամտային հարկի վերադարձ եւ այլն), ինչը նախորդ տարվա միեւնույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցել է 42,7 մլրդ դրամով:

Այսպիսով՝ պետական բյուջեի համախառն զուտ հարկային մուտքերը կազմել են 812,8 մլրդ դրամ՝ 2017-ի համադրելի ժամանակաշրջանի ցուցանիշը գերազանցելով 78,1 մլրդ դրամով:

ՊԵԿ նախագահն անդրադարձել է նաեւ Հարկային օրենսգրքում առաջիկայում նախատեսվող փոփոխություններին:

«Մենք ունենք ուղղակի հարկերի գծով հարկային բեռի նվազեցման հստակ նպատակադրում, որն իրականացնելու ենք այս տարի: Այսինքն՝ կառավարությունը նախատեսում է եկամտային հարկի եւ շահութահարկի գծով հարկային բեռի նվազեցում՝ համահարթ տոկոսադրույքների կիրառման եւ սանդղակի կիրառման միջոցով: Կառավարությունը ներկայում այս երկու առաջարկների վրա է կենտրոնացած»,- ընդգծել է նա:


Բացի այդ, ծրագրվում է կրճատել հարկման այլընտրանքային համակարգեր. ներկա օրենսդրությունը նախատեսում է նման 5 համակարգ՝ ինքնազբաղվածեր, ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտներ, արտոնագրային հարկի դաշտում գործողներ, շրջանառության հարկի վճարողներ եւ հարկման ընդհանուր համակարգով հարկվողներ: Նախատեսվում է դրանց թիվը հասցնել 3-ի:

ՊԵԿ ղեկավարի խոսքով՝ շրջանառության հարկի գաղափարախոսությունը պետք է փոխվի. այն պետք է մեկնաբանվի որպես այլընտրանքային համակարգ, այլ ոչ թե արտոնյալ դաշտ:

«Շրջանառության հարկի դաշտում գործողների հարկային բեռն առնվազն պետք է հավասար լինի հարկման ընդհանուր դաշտում գործողների հարկային բեռին: Այն մեկնաբանվելու է որպես հարկման պարզ համակարգ, հետեւաբար՝ դրա հարկային բեռը պետք է համեմատաբար բարձր լինի»,- նշել է Դավիթ Անանյանը՝ հավելելով, որ առաջիկայում նախատեսվում է միասնական որոշում նաեւ ԱԱՀ շեմի վերաբերյալ:


ՊԵԿ ղեկավարը նաեւ ասել է, որ կառավարությունը հետամուտ է լինելու Հարկային օրենսգրքում առկա տարընթերցումների եւ ոչ հստակ ձեւակերպումների վերացման գործին, իսկ հաջորդ տարում բարեփոխումները հիմնականում ուղղված են լինելու օրենսգրքի հնարավորինս պարզեցմանը:

Դիտում՝ 1552
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW