Խոշոր հարկատուների վճարած հարկերն ավելացել են 18%-ով

30.07.2018 | 17:00 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #հարկատու
Հայաստանի 1000 ամենախոշոր հարկատուների կողմից պետական բյուջե վճարված հարկերի ծավալը 2018թ. հունվար-հունիս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 68,1 մլրդ դրամով կամ 18%-ով՝ կազմելով 446,6 մլրդ դրամ:

Խոշորագույն հարկատուների ցանկը տարվա առաջին կիսամյակի տվյալներով գլխավորել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը՝ առաջ անցնելով «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից, որը տեւական ժամանակ չէր զիջում առաջատարի իր դիրքը:

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի վճարած հարկերը հաշվետու ժամանակահատվածում կազմել են 24,6 մլրդ դրամ՝ նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ աճելով շուրջ 2,5 անգամ:

Երկրորդ հորիզոնականում հայտնվել է «Գազպրոմ Արմենիա»-ն: Վերջինս հունվար-հունիս ամիսներին վճարել է 20,7 մլրդ դրամ հարկ, ինչը զիջում է ընկերության 2017թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը 15,3%-ով:


Խոշորագույն հարկատուների ցուցակում երրորդը «Գրանդ Տոբակո»-ն է՝ 16,7 մլրդ դրամ հարկերով: Ընկերությունն ավելացրել է հարկերը 14,3%-ով, սակայն անցած տարվա առաջին կիսամյակի համեմատ մեկ հորիզոնականով զիջել է դիրքը ցուցակում:

8,9 մլրդ դրամ ցուցանիշով չորրորդ հորիզոնականում «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերությունն է: Վերջինս նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ ավելացրել է հարկերը 8,7%-ով՝ բարելավելով դիրքը ցանկում 2 հորիզոնականով:

Ամենախոշոր հարկատուների հնգյակը եզրափակում է «ՍիՓիԷս Օիլ Քորփորեյշն» ընկերությունը, որը, 2018թ. հունվար-հունիսի տվյալներով, վճարել է 8,17 մլրդ դրամ հարկ: Ընկերության վճարած հարկերը նախորդ տարվա նույն ամիսների համեմատ աճել են 32%-ով, եւ այն 7-րդից դարձել է 5-րդ հարկատուն:


Հարկատուների տասնյակում է նաեւ «Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ընկերությունը, որը 8,16 մլրդ դրամ հարկերի ծավալով (աճ՝ 59,1%) հայտնվել է 6-րդ հորիզոնականում՝ նախորդ տարվա 10-րդի փոխարեն:  

1000 խոշոր հարկատուների առաջին տասնյակում ներառվել են նաեւ «Ալեքս Հոլդինգ»-ը՝ 7,7 մլրդ դրամ (անկում՝ 31,8%-ով), «Ջեյ Թի Այ Արմենիա»-ն՝ 7,1 մլրդ դրամ (աճ՝ 77,4%), «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը՝ 6,5 մլրդ դրամ (անկում՝ 45,1%) եւ «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ»-ը՝ 5,8 մլրդ դրամ (աճ՝ 9,2%):
Դիտում՝ 1390
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW