Գագիկ Գյուլբուդաղյան. Երաժշտությունն իմ կյանքի մի մասն է

17.05.2013 | 10:21 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

«Գրանթ Թորնթոն» ՓԲԸ տնօրեն Գագիկ Գյուլբուդաղյանի հարցազրույցը  Banks.am պորտալին

-Պարոն Գյուլբուդաղյան, աշխատանքի բերումով փողկապը Ձեր կյանքի անբաժան ուղեկիցն է դարձել. փողկապ կրելը հաճելի՞ «պարտավորություն» է Ձեզ համար:

- Այն ինձ համար հաճույք է, շատ եմ սիրում նաեւ սմոկինգ կրել: Հայաստանում, ցավոք,  շատ քիչ առիթներ կան նման հագուստով ներկայանալու, բայց մենք ունենք մի առիթ` «Գրանթ Թորնթոն»-ի  տարեկան ժողովը, որին պետք է հատուկ հանդերձանքով ներկայանալ:

- Ձեզ առանց փողկապի կարելի է տեսնել ոչ աշխատանքային օրերին. կպատմեք` ինչպե՞ս եք սկսում եւ անցկացնում հանգստյան օրերը:

- Ոչ աշխատանքային օրերին ավելի շուտ եմ արթնանում. ուզում եմ այդ օրը շատ գործեր անել, ազատ օրերի ամեն մի րոպեն շատ եմ կարեւորում:

Հինգ երեխա ունեմ, երկուսը մեծ են` 25 եւ 22 տարեկան, իսկ մյուսները եռյակ են` 12 տարեկան, երկուսը տղա, մեկը՝ աղջիկ: Շաբաթ կիրակի օրերին փորձում եմ հնարավորինս շատ լինել ընտանիքիս հետ: Եթե եղանակը լավն է լինում, գնում ենք քաղաքից դուրս, երեխաներս լավ գիտեն մեր պատմամշակութային վայրերը: Շատ ընկերներ ունեմ, հանդիպում ենք, երեկոյան սրճարան այցելում, վերջին տարիներին հիմնականում երաժշտական ակումբներ ենք գնում:

- Գիտեմ, որ ստեղծագործում եք եւ երաժշտության բնագավառում եւս ասելիք ունեք: Խոսենք այդ մասին:

- Դպրոցական տարիքից հետաքրքրված եմ երաժշտությամբ: Մայրս ուզում էր, որ երաժշտական դպրոց հաճախեմ: Հիշում եմ, թե ինչպես դաշնամուրի դասընթացի ընդունելության քննությունից մեկ օր առաջ,  ֆուտբոլ  խաղալիս, ընկել ու երեսս պատռել էի, ինչի պատճառով քննության չգնացի: Մեկ տարի անց մայրս առաջարկեց կիթառի դասընթացների գնալ, համաձայնեցի, ուսուցիչս պրոֆեսիոնալ էր, շատ բան սովորեցի նրանից:

Հիմա երգեր եմ գրում, երաժշտություն: Երգ-երաժշտությունն ինձ համար ոչ թե հոբբի է, այլ  իմ կյանքի մի մասը: Վերջին տարիներին սկսել եմ նաեւ պատմվածքներ ու բանաստեղծություններ գրել: Երկու գիրք արդեն հրատարակել եմ, ուզում եմ առանձին հրատարակել նաեւ բանաստեղծությունների ժողովածու:

- Որոշ ժամանակ ստեղծագործական կյանքում դադար եք ունեցել: Ի՞նչը ստիպեց Ձեզ կրկին վերադառնալ այս բնագավառ:

- Երբ ավարտեցի Պոլիտեխնիկական ինստիտուտը, աշխատելուց բացի նվագում էի մի քանի խմբերում: Անկախացումից եւ ազատ տնտեսությանն անցնելուց հետո փոխեցի կրթությունս,  1992-94թթ. մագիստրոսի որակավորում ստացա Հայաստանի Ամերիկյան համալսարանում, դարձա տնտեսագետ եւ աշխատանքի ընդունվեցի խորհրդատվական բիզնեսում:

Այս փոփոխություններն իրենց հետքը թողեցին իմ կյանքում, դադարեցի զբաղվել  երգարվեստով: Տարիներ անց, տարբեր իրադարձությունների բերումով, հասկացա, որ ունեմ ասելիք ու կրկին վերադարձա երգարվեստ: Պատճառի մասին ավելի մանրամասն գրել եմ իմ ստեղծագործություններից մեկում:

Այս տարի՝ 50 ամյակիս առթիվ,  կազմակերպեցինք մի համերգ, որի ժամանակ իմ եւ երաժիշտ ընկերներիս կատարմամբ հնչեցին ստեղծագործություններս եւ, այնուհետեւ, համերգի տեսագրությամբ թողարկվեց DVD սկավառակ: Այդ համերգն ասես հաշվետվություն լիներ ընկերներիս ու մտերիմներիս առջեւ:  

- Իսկ նոր` ավելի մեծ ծավալով համերգ կազմակերպելու ծրագրեր չունե՞ք:

- Ընկերներիս առաջարկով աշնանը հնարավոր է մեծ համերգ կազմակերպենք Գաֆեսճյան արվեստի կենտրոնում, որտեղ կլինեն պրոֆեսիոնալ երաժիշտներ: Մտածում եմ նաեւ մի քանի տարի անց, երբ երեխաներս մեծանան  եւ տիրապետեն երաժշտական գործիքներին, նրանց հետ մի խումբ հիմնեմ:

Ներկայումս մոտ 40 երգ ունեմ, որից միայն 10-ը ներկայացվեցին ծննդյանս առթիվ կազմակերպված համերգին: Ինձ համար շատ կարեւոր է, որ երգերս կատարեն պրոֆեսիոնալները: Կա նաեւ մի հետաքրքիր գաղափար` ստեղծագործություններս ներկայացնել կամերային երգչախմբի, լարային եւ ջազ նվագախմբերի կատարմամբ:   

- Պարոն Գյուլբուդաղյան, իսկ ինչի՞ց եք ներշնչվում:

- Ներշնչանքը, այդ մուսա կոչվածը գալիս է վերեւից: Կարող է գիշերը նստեմ ու մի բանաստեղծություն գրեմ: Ռուսերեն եմ գրում, բանաստեղծությունները հիմնականում դառնում են երգի խոսքեր: Թեմատիկան այն կյանքն է, որը ես ապրում եմ, մտքերը, որոնք ունեմ:

Առաջին գիրքը, որ գրեցի, «Հոգու էվոլյուցիա»-ն  է: Կարծում եմ, հոգին միակ բանն է, որ դեռ էվոլյուցիա չի տեսել: Երկրորդ գիրքը, որ միանգամայն այլ ժանրի ստեղծագործություն է, հրատարակվեց «Копье судьбы» վերնագրով:

- Ձեզ հաջողվել է Հայաստան բերել աշխարհահռչակ խմբեր ու կատարողների: Պատմեք մի փոքր այդ մասին:

- Երբ սկսեցի երաժշտությամբ զբաղվել, շատերի պես ես էլ ունեի կուռքեր` Բիթլզ, Ջետրո Թալ, Դիփ Փարփլ եւ այլն: Հայաստանում այդ խմբերն երբեք չէին եղել, եւ չկային մասնագիտացած ընկերություններ, որոնք կլրացնեին այդ բացը:  

Տարիներ անց ես եւ իմ ընկեր Վարդան Գրիգորյանը հիմնեցինք «Վիբրոգրաֆուս» պրոդյուսերական կազմակերպությունը եւ 5 համերգ կազմակերպեցինք Հայաստանում` Ջետրո Թալի, Յուրաի Հիփի, Ջոն ՄքԼաֆլինի, Դիփ Փարփլի եւ Յան Անդերսոնի ու սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ: Բոլոր համերգները կազմակերպեցինք մեծ դժվարությամբ, բայց մեծ ոգեւորությամբ: Աշխատում էինք ոչ թե շահույթի, այլ հայ հանդիսատեսին նման մեծության աստղերին տեսնելու հնարավորություն տալու համար:

Համաշխարհային ճանաչում ունեցող կատարողի համերգ կազմակերպելու համար պետք է հովանավորներ ունենալ, իսկ մեր իրականության մեջ հաճախ չափազանց բարդ է հովանավորներին շահագրգռել եւ ներգրավել ծրագրերում: Ես շատ շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց եւ կազմակերպություններին, որ աջակցեցին մեզ համերգների կազմակերպման եւ հովանավորման հարցում:   

- Ղեկավարելով նման մեծության կազմակերպություն` ինչպե՞ս եք ժամանակ գտնել այլ գործերով զբաղվելու համար:

- Ազատ ժամանակ ունեն ամենազբաղված մարդիկ, նրանք գնահատում են ժամանակը, կարողանում ամեն ինչի համար ժամանակ գտնել: Ես չեմ ընդունում այն մարդկանց, ովքեր ասում են` «ժամանակ չունեմ».  օրն ունի 24 ժամ, որի յուրաքանչյուր րոպեն պետք է ճիշտ օգտագործել:

- Իսկ սպորտով զբաղվու՞մ եք:

- Մանկուց տարբեր մարզաձեւեր եմ փորձել: Հետագայում էլ պահում էի սպորտային կեցվածքը, բայց  վերջին տարիներին առողջական խնդիր եղավ, չեմ կարողանում շատ սպորտով զբաղվել: Ծրագրում եմ մոտ ապագայում լողով զբաղվել, հիմա աղջկաս հետ սեղանի թենիս եմ խաղում: Սպորտը շատ եմ կարեւորում. մարդու մարմինը Աստծո կողմից տրված տաճար է, պետք է այն ճիշտ պահել:

- Այս հարցն ավանդաբար ուղղում ենք արական սեռի մեր զրուցակիցներին. խոհանոցում հաճա՞խ եք լինում եւ ի՞նչ նպատակներով:

- Կինս, կարդալով այս հարցազրույցը, կասի, որ ճիշտ չեմ ասում (ծիծաղում է - հեղինակ), բայց ես շատ եմ սիրում պատրաստել: Վերջերս սովորեցի սթեյք պատրաստել, ով փորձել է, ասում է, որ նման համեղ սթեյք չի կերել: Հատուկ բաղադրատոմսով եմ պատրաստում, հատուկ մսով: Բայց, իհարկե, դա լինում է երկու-երեք ամիսը մեկ անգամ: Ասեմ, որ տղամարդիկ ավելի համեղ են պատրաստում: Սիրում եմ նաեւ խորոված պատրաստել, պապիկիցս ու հայրիկիցս եմ սովորել լավ խորոված պատրաստելը:

- Հայկական բիզնես միջավայրում շա՞տ եք հանդիպում արվեստով հետաքրքրված մարդկանց:

- Արվեստով հետաքրքրվածների շատ եմ հանդիպում,  իսկ ստեղծագործողների`քիչ: Հասկանում եմ, որ դա դժվար է, նաեւ շնորհ պետք է լինի, բայց պետք է կարողանալ զարգացնել այդ շնորհը:  

- Ի՞նչ սկզբունքներով եք առաջնորդվում կյանքում, եւ ո՞րն եք համարում հաջողության գրավականը:

- Պետք չի բողոքել: Մարդուն մի կյանք է տրված, որով նա պետք է ինչ-որ բան ապացուցի իրեն եւ Աստծուն, պետք է կարողանալ լիարժեք ապրել, լինել ազնիվ եւ նվիրված աշխատանքին:

Մարդը պետք է միշտ լավն ասի, ձգողականության օրենքի համաձայն ամեն մարդ դեպի իրեն է ձգում այն, ինչ ասում, մտածում ու ցանկանում է: Կարեւորում եմ նաեւ երազանքներ ունենալն ու դրանց ձգտելը: Պետք է մտքում գծել երազանքին հասնելու ճանապարհն ու առաջ գնալ: Ես շատ երազանքներ եմ ունեցել եւ հիմա էլ ունեմ, իմ մեջ գծում եմ դրանց ճանապարհն ու հասնում իրականացմանը:

Գագիկ Գյուլբուդաղյանի հետ զրուցել է Սիրանուշ Եղիազարյանը:

Դիտում՝ 6412
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai