Լեւոն Ալթունյան. «Մտածում եմ շեֆ խոհարար դառնալու մասին»

13.04.2012 | 10:11 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

«ԻՆԳՈ Արմենիա» ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն Լեւոն Ալթունյանի հարցազրույցը Մեդիամաքս գործակալությանը եւ Banks.am պորտալին

- Պարոն Ալթունյան, Դուք մասնագիտությամբ բժիշկ եք, սակայն տեղափոխվեցիք աշխատելու ապահովագրական ոլորտ, ընդ որում, արեցիք դա այն ժամանակ, երբ այդ շուկան, մեղմ ասած, զարգացած չէր: Դուք էքստրեմալ որոշումների սիրահա՞ր եք:

- Ոչ այնքան էքստրեմալ, որքան արագ եւ հնարավորինս ճիշտ որոշումներ կայացնելու իմ հատկությունը բացահայտվեց դեռ այն ժամանակ, երբ ես ընտրեցի “վերակենդանացում եւ անեսթեզիոլոգիա” նեղ մասնագիտությունը: Եվ այսօր՝ բժշկական կարիերաս ավարտելուց 20 տարի անց, կարող եմ առանց ավելորդ համեստության ասել, որ շատ լավ բժիշկ էի, քանի որ զգում էի դիմացինի ցավը: Այդ կարողությունը ինձ փոխանցվել է գենետիկորեն`իմ նախնիներից: Իսկ գիտելիքների առումով երախտապարտ եմ բժշկական ինստիտուտի դասախոսներիս:

Կարծում եմ, բժշկական ասպարեզում ինձ հաջողվեց ճանաչելի դառնալ: Ճանաչելիություն ասելով՝ նկատի ունեմ ոչ թե ներկայիս չափանիշները՝ առանձնատներ, թանկարժեք մեքենաներ եւ այլն, այլ գործընկերներիս հարգանքը,  երբ իրենք իրենց ընկերներին եւ բարեկամներին խորհուրդ են տալիս օգտվել հենց քո մասնագիտական ծառայություններից: Կարող եմ վստահաբար ասել, որ բժշկական պրակտիկայիս 10 տարիների ընթացքում ես հասա ճանաչելիության այդ մակարդակի: Ի դեպ, ոչ մեքենա, ոչ էլ ամառանոց այն ժամանակ ես դեռ չունեի:

Օրերից մի օր ամերիկյան մամուլում ծանոթացա մի հետազոտության հետ, համաձայն որի խելամիտ մարդը, հատկապես, եթե նա զբաղվում է էքստրեմալ գործունեությամբ, 15 տարին մեկ պետք է փոխի գործունեության ասպարեզը:

Հակառակ դեպքում կամ կգժվի, կամ էլ կդառնա անտարբեր իր աշխատանքի նկատմամբ: Ոչ առաջին, ոչ էլ երկրորդ տարբերակները ինձ ձեռք չէին տալիս: Ուստի թողեցի բժշկությունը եւ եկա ապահովագրություն: Բարեբախտաբար, այստեղ եւս արագ եւ ճիշտ որոշումներ կայացնելու անհրաժեշտություն կար, հատկապես ապահովագրական շուկայի կայացման սկզբնական փուլում:

Պետք է խոստովանեմ, որ հիմա էլ մի փոքր ձանձրանում եմ եւ սկսել եմ մտածել`իսկ չարժե՞ արդյոք լավ խոհարար դառնալ (ծիծաղում է – հեղ.):

- Ինչու՞ ընտրեցիք հենց ապահովագրական բիզնեսը:

- Դժվար է խոսքերով բացատրել, ներքուստ հենց այս բիզնեսում էլ ինձ պատկերացնում էի: Ոչ այն ժամանակ, ոչ էլ հիմա չեմ տեսնում ինձ արտադրությունում կամ առեւտրում, չնայած առեւտուրն ենթադրում է արագ դիվիդենտներ:

Կարծում եմ, ընտրությունս մեծ մասամբ պայմանավորված էր մարդկանց ցավը հասկանալու եւ այն մեղմելու իմ գենետիկական ունակությամբ, իսկ ապահովագրական ոլորտը հենց դա էլ ենթադրում է: Ես ինձ այստեղ հարմարավետ եմ զգում եւ հուսով եմ՝ այն մարդիկ, ում հետ հասցրել եմ առնչվել ապահովագրողի դերում, նկատել են ցավը մեղմելու ձգտումս:

Ես ինձ ավելի շատ հակաճգնաժամային կառավարիչ եմ համարում, քան հասարակ մենեջեր: Դա վերաբերում է թե բժշկությանը, թե ապահովագրական ոլորտին:

- Իսկ ինչպիսի՞ն կլինի Ձեր որոշումը, եթե առաջարկ ստանաք շարունակել աշխատանքը Մոսկվայում: Չէ՞ որ ԻՆԳՈ-ն ռուսաստանյան ծագում ունեցող ընկերություն է, եւ նման առաջարկը բնավ ֆանտաստիկայի ժանրից չէ:

- Այո, ֆանտաստիկայի ժանրից չէ եւ տեղավորվում է հնարավոր զարգացումների տրամաբանության շրջանակում, բայց եւ այնպես՝ չեմ կարող մինչեւ վերջ պատկերացնել իմ առաքելությունը Մոսկվայում, որտեղ բոլոր բիզնես գործընթացներն արդեն մշակված, հղկված եւ ներդրված են:

Այնուամենայնիվ, նման առաջարկ ստանալու դեպքում երեւի կհրաժարվեմ: Ես ու Մոսկվան դարձել ենք անտարբեր միմյանց նկատմամբ, Մոսկվան ինձ համար արդեն անցած փուլ է, ես ապրել եմ այնտեղ, որոշ ժամանակ աշխատել Բոտկինի անվան հիվանդանոցում: Երկրագունդն այնքան մեծ է ու հետաքրքիր, որ անիմաստ է աշխատել նույն վայրում երկու անգամ:

- «Ղեկավարը միշտ ճիշտ է» …\"՝  ձեր ընկերության աշխատակիցների համար սա ընդունելի՞ տարբերակ է : Հասկանում եմ, որ այս հարցը առաջին հերթին ուղղված է Ձեր ենթականերին, բայց, կարծում եմ, Դուք էլ պետք է որ նկատած լինեք:

- Իրականում սա անխելք ղեկավարների պատվիրանն է եւ, որպես կանոն, նման մարդկանց կողմից ղեկավարվող ընկերությունները մատնված են ձախողման: Քանզի, եթե ողջ անձնակազմն ենթարկվում է այդ կանոնին, ապա միայն մեկ անձն է պատասխանատվություն կրում ամեն ինչի համար:

Շատ մեծ հույսեր ունեմ, որ մեր ընկերության ամենածույլ եւ անգործունյա մարդը ղեկավարն է: Կադրեր ընտրելիս ղեկավարվում եմ այն սկզբունքով, որպեսզի նորեկները լինեն ինձանից ավելի խելոք, կարդացած եւ առաջադեմ: Կարծում եմ, այս մոտեցումն ապացուցում է իր արդյունավետությունը:

- ԻՆԳՈ-ն գնում է դեպի խոշորացում, առաջին հերթին նկատի ունեմ ձեր ընկերության եւ Կասկադ Ինշուրանս-ի միաձուլումը, ինչն ենթադրում է պատասխանատվության եւ աշխատանքային բեռի կրկնապատկում: Դուք հոգեբանորեն պատրա՞ստ եք դրան:

- Մարդը ռացիոնալ արարած է եւ անում է ամեն ինչ, որպեսզի քիչ աշխատի եւ շատ վայելի: Սակայն բիզնեսն յուրահատուկ ոլորտ է, այն նման է խաղամոլության, այստեղ կանգ առնելը հղի է անդառնալի կորուստներով` բիզնեսը միշտ պետք է առաջ շարժվի: Միեւնույն ժամանակ, սպառողների եւ հետինդուստրիալ հասարակություն ստեղծելով՝ մարդկությունը գնում է դեպի կործանում, բայց, մեկ է, չի կարող կանգ առնել: Սա փոքր բիզնեսի մակրո մոդելն է: Կանգ առնելը փոքր բիզնեսում կնշանակի պարտություն, ուստի պետք է շարժվել առաջ: Տվյալ դեպքում բիզնեսմենն ավելացնում է իր հոգսերը եւ պետք է պատրաստ լինի դրան. նա կամ շարժվում է առաջ, կամ պետք է գնա թոշակի:

Ինչ վերաբերում է կոնկրետ հարցին, ապա ֆիզիկապես ես ամեն կերպ դիմադրում եմ ավելացող բեռին, իսկ հոգեբանորեն, հաշվի առնելով վերոնշյալը, ամեն օր կապում եմ փողկապը եւ գալիս աշխատանքի:

- Իսկ Դուք ինքներդ Ձեզ ապահովագրու՞մ եք գերհոգնածությունից՝ մշակե՞լ եք արդյոք այն «ապահովագրական պրոդուկտը», որն իր հետ կբերի աշխատանքային նոր եռանդ, ինչու ոչ, նաեւ ազարտ: Համաձայնեք, առանց ազարտի բիզնեսը «թառամում է»…

- Այո, ապահովագրական պոլիսի բաղադրիչները կարող եմ ներկայացնել. լողը, բիլիարդը, լավ վիսկին, ճամփորդությունն ու կինս`Նատալյան: Եթե ամուսնացած չլինեի, կասեի կանայք, բաց տվյալ դեպքում` միանշանակ կինս (ծիծաղում է – հեղ.):

- Ի դեպ, Ձեզ հաջողվե՞լ է բացահայտել կանանց տրամաբանությունը:


- Որպես կենսաբանական տիպար կանայք ավելի ուժեղ են, քան տղամարդիկ: Դրա վառ վկայությունն են դժվարին 90-ական թվերը, երբ կանայք սկսեցին իրենց վրա վերցնել ընտանիքի կերակրողի դերը, նրանք ավելի շուտ համակերպվեցին շուկայում տեղի ունեցող փոփոխություններին: Իմ կարծիքով, կինը միայն ֆիզիկապես է թույլ:

Ուրիշ բան, որ նրանց տրամաբանությունը միշտ չէ, որ նույն հունով է գնում տղամարդկանց տրամաբանության հետ, ինչը թույլ է տալիս տղամարդկանց խոսել կանանց տարօրինակ տրամաբանության մասին: Միեւնույն ժամանակ, որքանով ինձ է հատնի, կանայք էլ շշնջում են տղամարդկանց տարօրինակ տրամաբանության մասին:

Նշված համատեքստում միշտ պետք է հիշել այն ասացվածքը, որ եթե կինը ճիշտ չէ, ապա իրենից պետք է ներողություն խնդրել…

- Պարոն Ալթունյան, Ձեր այս իմաստուն պատասխանից կարելի է ենթադրել, որ Դուք քաջատեղյակ եք երջանկության մեխանիկայի կանոններին:

- Կա նման բան: Ես ինձ երջանիկ մարդ եմ համարում, ունեմ ամուր ընտանիք՝ կատարյալ կին եւ կատարյալ որդի: Կինս ապահովում է իմ հուսալի թիկունքը: Դա շատ կարեւոր է:

Տղաս սովորում է ավարտական դասարանում ՝ 2 տարի է, ինչ ուսանում է Եվրոպայում: Հետաքրքրված է մաթեմատիկայով, քիմիայով, տնտեսագիտությամբ: Զբաղվում է դասական երաժշտությամբ, ի դեպ, այդ գործում բավականին հաջողություններ ունի : Շատ է կարդում, ճիշտ է՝ ավելի շատ նախընտրում է «մոդայիկ» հեղինակներին, բայց եւ այնպես, կարող եմ ասել, որ այսօր նա շատ ավելի կարդացած է, քան ես:

Երջանիկ եմ նաեւ, քանի որ զբաղվում եմ հետաքրքիր գործով:

- Ոչ այնքան վաղ անցյալում ռուսերենը Ձեզ համար ավելի հարմար լեզու էր: Սակայն, հետեւելով Ձեր վերջին հրապարակային ելույթներին, հասկանում եմ, որ դա ընդամենը անցյալում էր: Կարելի է ենթադրել, որ Դուք հմուտ տիրապետում եք ինքնակատարելագործման արվեստին: Դա այդպե՞ս է:

- Ամեն դեպքում, փորձում եմ, քանի որ ԶԼՄ-ներով ելույթ ունենալու ընթացքում տեսնում եմ տեսախցիկի այն կողմը գտնվող ունկնդիրների ինտելեկտուալ զարգացումը եւ ձգտում եմ համապատասխանել այդ մակարդակին:

Մտաբերում եմ Իլֆի եւ Պետրովի խոսքերը, որոնք բնութագրում էին \"12 աթոռ\"-ի կերպարներից մեկին՝ Էլոչկային: Մոտավորապես այսպես. «եթե Շեքսպիրի բառապաշարը կազմում էր 12 000 բառ, մարդակերների ցեղի սեւամորթ ներկայացուցչինը՝ 300, ապա Էլլոչկային արտահայտվելու համար անհրաժեշտ էր ընդամենը 30-ը»:

Ես զգում եմ, որ փորձում եմ խոսել ընդամենը 1500-2000 բառերի միջոցով, մինչդեռ հայերենը շատ ավելի հարուստ ու գեղեցիկ լեզու է: Փորձում եմ լրացնել այդ բացը, երբեմն ստացվում է, երբեմն՝ ոչ, երբեմն էլ բարդույթավորվում եմ: Ամեն դեպքում, կարող եմ ասել, որ ինքնակատարելագործման ճանապարհին եմ:

Լեւոն Ալթունյանի հետ զրուցեց Խորեն Օրմանյանը:

Դիտում՝ 4304
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW