“Մենք կարծում ենք, որ մեր դիրքը բացառիկ է”

28.02.2010 | 22:54 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

“Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան” ՓԲԸ գլխավոր տնօրեն Ասթրիդ Քլիֆֆորդի բացառիկ հարցազրույցը Մեդիամաքս գործակալությանը եւ Banks.am պորտալին

- Վերջերս դուք դարձաք “Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի” գլխավոր տնօրենը: Ո՞ր հարցերն էին առաջնահերթ ուշադրություն պահանջում ձեզանից նոր պաշտոնում:

- Անցած տարին դժվար էր Հայաստանի համար, հաշվի առնելով տնտեսության 15%-անոց անկումը եւ դրամի 20%-անոց արժեզրկումը: Տարին լի էր անորոշություններով եւ մենք բավականին զգույշ էինք վարկավորման, մասնավորապես, դրամային վարկավորման հարցում, քանի որ չունեինք բավարար քանակությամբ դրամային ավանդներ: Այսպիսով, բիզնեսի աճը ընդհանուր առմամբ համեստ էր, եւ դրա փոխարեն մենք կենտրոնացանք մեր բիզնես-գործընթացների վերակազկակերպման, մեր գործողությունների բարելավման վրա եւ այլն:

Այս տարի հեռանկարներն ավելի դրական են եւ կան ընդհանուր ակնկալիքներ, որ տնտեսությունը թեկուզեւ համեստ, բայցեւայնպես աճ կարձանագրի: Այս տարի մենք մեր առջեւ դրել ենք ընդլայնման մի շարք նպատակներ եւ մեզ անհրաժեշտ է նորից ուշադրությունը կենտրոնացնել բիզնեսի զարգացման վրա: Մենք մտադիր ենք ավելի մեծ ակտիվություն ցուցաբերել շուկայում` բացահայտելով որակյալ վարկավորման հնարավորությունները, քանի որ որակը միշտ մնում է մեր ուշադրության կենտրոնում: Ընթացիկ տարվա մեկ այլ առաջնահերթությունն է բանկի դրամային ավանդային բազայի մեծացումը:

- Ինչպե՞ս եք ընդհանուր առմամբ գնահատում Հայաստանի ֆինանսական համակարգը: Ի՞նչ տեղ է դրանում զբաղեցնում “Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը”:

- Իմ առաջին տպավորությունն այն է, որ Հայաստանում չափից շատ բանկեր կան: 22 բանկը շատ է փոքր երկրի համար: Բանկային համակարգի կոնսոլիդացումը կարող է իրական օգուտ բերել: Բանկերը լավ կապիտալիզացված եւ լավ վերահսկվող են թվում: Տեղական շուկան այդքան էլ լավ ինտեգրված չէ համաշխարհայինի հետ, ինչը, հավանաբար, որոշակի իմմունիտետ ապահովեց բանկերին անցյալ տարվա ճգնաժամից:

Ինչ վերաբերվում է շուկայում մեր զբաղեցրած դիրքին. մենք եկանք Հայաստան 1995 թվականին, քանի որ լավ հնարավորություններ էինք տեսնում այստեղ, եւ աշխատանքը Հայաստանում շատ դրական փորձ է ձեզ համար: Մենք Հայաստանի խոշորագույն բանկն ենք ավանդների ծավալով, ինչն արտացոլում է բնակչության վստահությունը մեր բրենդի նկատմամբ: Միջազգային ներկայության շնորհիվ, մենք կարծում ենք, որ բացառիկ դիրք ունենք միջազգային պահանջարկներով հաճախորդների սպասարկման հարցում: Խոսքը գնում է առեւտրային ընկերությունների, հայկական սփյուռքի մասին եւ այլն:

Մենք նաեւ համարում ենք, որ չափանիշներ ենք հաստատում սպասարկման որակի հարցում: Օրինակ, մենք հաճախորդներին ապահովել ենք գլխավոր տնօրենի հետ անմիջական կապ հաստատելու հնարավորություն: Հաճախորդները կարող են կապվել ինձ հետ` թողնելով իրենց հաղորդագրությունները մեր բոլոր մասնաճյուղերում տեղադրված փոստարկղերում կամ կարող են նամակ գրել ինձ մեր կայքի միջոցով: Իհարկե, մենք երբեմն սխալներ ենք թույլ տալիս, բայց կարեւորն այն է, որ մենք փորձում ենք դասեր քաղել դրանցից եւ մշտապես բարելավել սպասարկումը: Մենք նաեւ փորձում ենք առաջատարը լինել շուկայում տեխնոլոգիական նորարարությունների հարցում. նախորդ տարի, օրինակ, մենք գործարկեցինք ինտերնետ-բանկինգի ծառայությունը:

- Վերադառնալով համաշխարհային շուկային ինտեգրվելու եւ ընդհանուր առմամբ ճգնաժամի հարցին, մեկ տարի առաջ մեր հետ զրույցում այս պաշտոնում ձեզ նախորդող Թիմ Սլեյթերը նշել էր, որ հայկական տնտեսությունն ուժեղ կախվածության մեջ է ռուսականից եւ եթե վերջինս աճ կամ անկում ապրի, նույնը տեղի կունենա նաեւ Հայաստանում: Ի՞նչ եք մտածում այս մասին եւ ճգնաժամի ազդեցության մասին ընդհանուր առմամբ:

- Հույս ունեմ, որ վատագույնն արդեն անցյալում է, եւ մենք գտնվում ենք կայունացման փուլում: Իրոք, հայկական տնտեսությունը բավականին կախված է Ռուսաստանից եւ այլ երկրներից, որտեղից, մասնավորապես, ստացվում են դրամական փոխանցումներ, սակայն այսօր համաշխարհային տնտեսական ցուցանիշներն ընդհանուր առմամբ դրական են:

- Վերջին շրջանում շատ է խոսվում այն մասին, որ Հայաստանի ֆինանսա-բանկային համակարգը 2009 թվականին բավականին կայուն էր ճգնաժամի պայմաններում, բայց ոմանք կարծում են, որ բանկային եւ իրական հատվածների միջեւ դեռեւս մեծ ճեղքվածք կա: Համարվում է, որ բանկերը դժկամությամբ են վարկավորում իրական հատվածը: Ի՞նչ եք կարծում, նման խնդիր իրոք կա, թե բանկերը պարզապես գնահատում են իրենց ռիսկերը:

- Հայաստանի շատ բանկեր նախորդ տարի ավելացրել են իրենց կապիտալները եւ այսօր լավ կապիտալիզացված են: Այսպիսով, այդ ներդրումները դրական նշան են: Կարծում եմ, նախորդ տարի բանկերն ընդհանուր առմամբ ձգտում էին աջակցել իրական հատվածին եւ շարունակում էին վարկավորել` ճնայած ճգնաժամին եւ անորոշությանը: Այսօր շուկայում մենք ականատես ենք բավարար մրցակցության առեւտրային վարկավորման բոլոր տեսակներով, եւ ես տպավորություն չունեմ, որ բանկերը գերագնահատում են իրենց ռիսկերը:

- Մինչ Հայաստան գալը դուք Միացյալ Արաբական Էմիրությունների HSBC Bank Middle East Limited-ի ապահովագրության գծով ղեկավարն էիք: Ապահովագրական ոլորտը Հայաստանում իր զարգացվածությամբ զիջում է բանկայինին: Մտադի՞ր եք արդյոք կիրառել ձեր փորձը` “Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանում” ապահովագրական ծառայություններն առաջ տանելու գործում:

- Այո, դա այն ուղղություններից է մեկն է, որով ես մտադիր եմ զբաղվել: Ապահովագրությունը կարեւոր ոլորտ է ողջ HSBC Խմբի համար: Ակնհայտ է, որ ապահովագրական ծառայությունների զարգացումը Հայաստանում կախված է պետության աջակցությունից ինչպես համապատասխան օրենսդրության, այնպես էլ անհրաժեշտ ենթակառուցվածքի տեսանկյուններից: Հայտնի է, որ մոտ ժամանակներս որոշակի զարգացումներ են սպասվում կենսաթոշակային բարեփոխումների, ավտոտրասնպորտի պարտադիր ապահովագրման կապակցությամբ եւ այլն: Պետք է զբաղվել նաեւ ապահովագրական ծառայությունների պահանջարկի մեծացմամբ եւ բնակչության ուսուցանմամբ: Մենք կուսումնասիրենք մեր հնարավորությունները այս ոլորտում, քանի որ մտադիր ենք առաջարկել ծառայությունների համալիր փաթեթ:

- Անցյալ տարի “Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը” գործարկեց հեռախոսային եւ ինտերնետ-բանկինգի ծառայությունները: Ի՞նչ եք մտադիր առաջարկել հաճախորդներին այս տարի:

- Մենք մտադիր ենք զարգացնել մեր քարտային ծառայությունները. նախատեսում ենք տարեվերջին գործարկել դեբետային քարտեր, ինչպես նաեւ ցանկանում ենք ներդնել չիփային եւ փին-տեխնոլոգիաներ քարտերի համար, ինչը կապահովի մեր հաճախորդների անվտանգության ավելի բարձր մակարդակը: Մենք նաեւ մտադիր ենք ներդնել բազմաֆունկցիոնալ բանկոմատներ, որոնք թույլ կտան հաճախորդներին ինչպես գումար հանել հաշվից, այնպես էլ լրացնել հաշիվը: Մենք կշարունակենք մեր ներդրումներ կատարել բանկոմատների, հեռախոսային եւ ինտերնետ-բանկինգի զարգացման նպատակով:

- Ի՞նչ դեր է խաղում “Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը” HSBC Խմբում եւ ինչպիսի՞ն է նրա հետագա զարգացման ձեր տեսլականը:

- Ինչպես հայտնի է. HSBC-ն ներկա է 86 երկրներում, սակայն մենք չենք ցանկանում ներկա գնտվել երկրում զուտ ներկայության համար: Յուրաքանչյուր երկրի դեպքում պետք է առկա լինի ուժեղ հիմնավորում մեր բիզնեսի համար: Որպես բանկային խումբ, մենք միշտ ձգտում ենք կապված լինել միմյանց հետ եւ, կարծում եմ, HSBC Խմբին 3-միլիոնանոց Հայաստանի միանալու պատճառներից մեկը 8-միլիոնանոց հայկական սփյուռքն է եւ մեր ներկայությունը գրեթե բոլոր երկրներում, որտեղ հայեր են բնակվում: Դա էլ հենց այն է, ինչին մենք հատուկ նշանակություն ենք տալիս: Նույնը վերաբեվում է միջազգային շուկայում աշխատող ընկերություններին: Այսպիսով, ինչպես ես արդեն նշել էի, դա կլինի մեր ուշադրության կենտրոնում առաջ շարժվելու մեր ճանապարհին:

Մեր գլոբալ ներկայությունից շահում են ինչպես մեր աշխատակիցները, այնպես էլ հաճախորդները: Ներկա պահին մեր 8 հայ աշխատակիցներ աշխատում են արտասահմանում` ձեռք բերելով կարեւոր միջազգային փորձ եւ ստանալով լավագույն պրակտիկա HSBC Խմբում: “Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը”, իր հերթին, աջակցություն է ցուցաբերում խմբի այլ անդամներին` IT-ծառայությունների եւ աշխատանքային ռեսուրսների հարցում, ինչը վկայում է Հայաստանում ձեռքբերված մեր հմտությունների եւ փորձի մասին:

Դիտում՝ 20856
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai