Այսօր Թբիլիսիում մեկնարկած Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) կառավարիչների տարեկան ժողովի շրջանակում կայացել է «Համագործակցային ֆինտեխ հանրույթ՝ օգտվելով Միջին միջանցքի խթանից» (Collaborative Fintech Community: Building on the Middle Corridor Momentum) քննարկումը։Քննարկմանը մասնակցել են Վրաստանի Ազգային բանկի նախագահի պաշտոնակատար Նատիա Տուրնավան, Սինգապուրի դրամական կարգավորչի ֆինտեխ տնօրեն Սոփնեդու Մոհանթին, Հարավային Կորեայի բանկի կառավարիչ Չան Յոնգ Րին, Լիտվայի Բանկի խորհրդի անդամ Սիմոնաս Կրեպշտան եւ Raisin ընկերության տնօրեն Թամազ Գեորգաձեն։3 բաղադրիչՍինգապուրի դրամական կարգավորչի գլխավոր ֆինտեխ տնօրեն Սոփնեդու Մոհանթին նշել է, որ կորոնավիրուսի համավարակի հետեւանքով առանցքային կարեւորություն ստացավ 3 բաղադրիչ․1. Ազգային թվային ID-ների ներմուծումը2. Փոխհամատեղելի վճարային համակարգերի ստեղծումը3. Անհատների եւ բիզնեսների մասին տվյալների վերլուծությունըՆրա խոսքով՝ այս բաղադրիչների առկայությունը մեծ հնարավորություններ է բացում ֆինտեխ ընկերությունների համար։ Սոփնեդու Մոհանթին, մասնավորապես, ասել է, որ այսօր Սինգապուրից Թաիլանդ կարելի է դրամական փոխանցում կատարել բջջային հեռախոսի միջոցով «երեք քլիք» անելով՝ գործառնության կատարման համար անհրաժեշտ է միայն նշել ստացողի հեռախոսահամարը։Հարավային Կորեայի բանկի կառավարիչ Չան Յոնգ Րին եւս նշել է, որ COVID-19-ի համավարակը արագացրեց ֆինտեխ ոլորտի զարգացումը եւ բաց բանկինգի (open banking)-ի ներդրումը։ Խոսելով կարգավորիչներ առջեւ ծառացող մարտահրավերների մասին՝ նա առանձնացրել է բանկային եւ ոչ բանկային հաստատությունների կարգավորման ներդաշնակեցման խնդիրը։Կարգավորումը՝ նորարարությունների խթան Լիտվայի Բանկի խորհրդի անդամ Սիմոնաս Կրեպշտան կեսկատակ-կեսլուրջ ասել է, որ «Եվրոպական միությունը քաջ հայտնի է իր կարգավորիչ պահանջների համար»։ Սակայն, նկատել է նա, «հաճախ հենց կարգավորումն է նորարարությունների խթան հանդիսանում»։ Կրեպշտան, մասնավորապես, նշել է, որ այսօր հենց եվրոպական կարգավորիչներն են մասնավոր բանկերին դրդում ներմուծել ակնթարթային վճարումների (instant payments) տեխնոլոգիաները։ Նրա խոսքով՝ հինգ տարի առաջ Լիտվայի Բանկը եւ երկրի բոլոր մասնավոր բանկերը հուշագիր էին ստորագրել ակնթարթային վճարումների ներդրման վերաբերյալ, եւ այսօր Լիտվայում վճարումների 65%-ը հենց ակնթարթային է։ Խոսելով միասնական շուկայի առավելությունների մասին՝ Սիմոնաս Կրեպշտան նշել է, որ լիցենզիա ստանալով Լիտվայում՝ ֆինանսական ընկերությունը կարող է ծառայություններ մատուցել ողջ Եվրոպական միության տարածքում, որտեղ 400 միլիոն մարդ է ապրում։«Բանկերը ֆինտեխ ընկերությունների դաշնակիցներն են» Վրաստանի Ազգային բանկի նախագահի պաշտոնակատար Նատիա Տուրնավան ասել է, որ ֆինտեխի զարգացումը երկրում դիտարկվում է որպես ընդհանուր տնտեսական զարգացման ռազմավարության բաղադրիչ։ «Վրաստանում ընդամենը 3,7 միլիոն մարդ է բնակվում, եւ մեր ներքին շուկան չափազանց փոքր է զարգացում ապահովելու համար։ Այդ պատճառով մենք դիրքավորվում ենք որպես միջազգային առեւտրի տարածաշրջանային հանգույց եւ տրամաբանական է, որ դրան զուգահեռ զարգացնենք նաեւ ֆինանսական եւ անդրսահմանային վճարումների համակարգերը», - նշել Տուրնավան։«Մեր մոտեցումն է այն, որ բանկերը ֆինտեխ ընկերությունների դաշնակիցներն են, այլ ոչ թե մրցակիցները», - ասել է Վրաստանի Ազգային բանկի ղեկավարը։ Նա նշել է, որ վրաստանյան ֆինտեխի լուծումներն օգտագործվում են նաեւ երկրի սահմաններից դուրս, մասնավորապես, Հայաստանում եւ Ուզբեկստանում։ Նատիա Տուրնավան խոսել է նաեւ Թուրքիայի եւ Ադրբեջանի վճարային համակարգերի հետ համագործակցության մասին։ Նա տեղեկացրել է, որ աշխատանքներ են տարվում QR կոդերով միասնական վճարային համակարգի ներդրման ուղղությամբ։ Լուսանկարը՝ Մեդիամաքս Նատիա Տուրնավան ասել է, որ Վրաստանի Ազգային բանկը ֆինտեխ ընկերություններին լիցենզիաների լայն եւ ճկուն ընտրանի է առաջարկում։ Նա տեղեկացրել է, որ Ազգային բանկի ենթակառուցվածքում ստեղծվել է համակարգ, որի շնորհիվ ֆինտեխ ընկերությունները կարող են անվտանգ թեստավորել իրենց API-ները։Raisin ընկերության տնօրեն Թամազ Գեորգաձեն նշել է, որ երբեմն խնդիրների պատճառ է դառնում այն, որ կարգավորիչ մարմինները «միմյանց հետ մրցակցության մեջ գտնվող» առաջնահերթություններ ունեն՝ ֆինանսական կայունության ապահովում, շուկայի մասնակիցների միջեւ մրցակցության խթանում, հաճախորդների շահերի պաշտպանություն։ «Որպես հետեւանք՝ երբեմն այնպես է ստացվում, որ հնարավոր չէ երջանկացնել բոլորին», - նկատել է Գեորգաձեն։Առկա ֆինանսական ճարտարապետությունն այլեւս չի բավարարում Քննարկման վերջնամասում Սինգապուրի դրամական կարգավորչի ֆինտեխ տնօրեն Սոփնեդու Մոհանթին նշել է, որ գործող ֆինանսական ճարտարապետությունն այլեւս չի բավարարում այսօրվա պահանջներին։ «Օրինակ, ըստ կանխատեսումների, մոտ ապագայում ֆինանսական բջջային հավելվածների 95%-ը տվյալները պահպանելու է «ամպային» (cloud) համակարգերում, սակայն այսօր աշխարհում եզակի կարգավորիչներ կան, որոնք մշակած կարգավորումներ ունեն «ամպային» լուծումների համար», - մանրամասնել է նա։Արա Թադեւոսյան (Թբիլիսի)«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 9530