Մհեր Աբրահամյան. Թիմային եւ առողջ մթնոլորտը հաջողության հասնելու կարեւոր նախապայման է

02.05.2024 | 22:27 Գլխավոր էջ / Նորություններ / Հարցազրույցներ /
#Մհեր Աբրահամյան #IDBank
«Առանց փողկապի» հարցազրույցների շարքում զրուցել ենք IDBank-ի Վարչության նախագահ Մհեր Աբրահամյանի հետ:

- Պարոն Աբրահամյան, նախքան IDBank-ի ղեկը ստանձնելը, երկար տարիներ աշխատել եք ՀՀ Կենտրոնական բանկում: Որքանո՞վ էր սահուն այս անցումը եւ ի՞նչ տվեցին ձեզ ԿԲ-ում աշխատելու տարիները:

- Անցումը բավականին հետաքրքիր էր ինձ համար: Չէի ասի, թե առեւտրային բանկերը եւ Կենտրոնական բանկն ընդհանուր կողմեր չունեն, բայց էական տարբերություններ, իհարկե, կան գործունեության մեջ. տարբեր նպատակներ են հետապնդում, տարբեր ռազմավարություն եւ քաղաքականություն ունեն:

Աշխատանքային գործունեությանս մեծ մասը ԿԲ-ում է անցել, հնարավորություն եմ ունեցել աշխատել կառույցի երկու բլոկներում: Աշխատանքս սկսել եմ գների կայունության ոլորտում՝ Դրամավարկային քաղաքականության դեպարտամենտում, այնուհետեւ աշխատել եմ ֆինանսական կայունության բլոկում եւ վերջին տարիներին ղեկավարել եմ Ֆինանսական համակարգի կարգավորման վարչությունը, որն առնչվում է ՀՀ ֆինանսական բոլոր կառույցների՝ ոչ միայն բանկերի, այլեւ ապահովագրական, ներդրումային ընկերությունների, արժեթղթերի շուկայի մյուս մասնակիցների հետ:

ԿԲ-ում աշխատանքն ինձ շատ առավելություններ է տվել՝ գիտելիք, փորձ, կառուցողական գործնական հարաբերություններ հաստատելու, ճիշտ աշխատանքային մթնոլորտ եւ լավ թիմ ձեւավորելու, ավելի լայն մտածելու կարողություն:

Մհեր Աբրահամյան


Երբ տեղափոխվեցի IDBank հետաքրքիր մի պատմություն եղավ. մի քանի ամիս անց սկսեցինք ԿԲ-ից ստանալ նորմատիվային դաշտի, կանոնակարգերի փոփոխություններ, որոնք ինքս էի ներկայացրել ԿԲ խորհրդին, երբ դեռ աշխատում էի այնտեղ: Ինձ համար բավականին տարբեր ընկալում կար այդ փաստաթղթերի վերաբերյալ, երբ արդեն առեւտրային բանկում էի գտնվում: Այսինքն՝ բովանդակային առումով նայած, թե որտեղ ես գտնվում, ինչ աշխատանքային պարտականություններ ունես, դրանից ելնելով էլ ընկալումները կարող են փոքր-ինչ տարբեր լինել: Իհարկե, բանկային, ֆինանսական համակարգի եւ ենթակառուցվածքների վերաբերյալ իմ պատկերացումները, գիտելիքներն ինձ մեծապես օգնեցին IDBank-ում նոր իրողությանը հարմարվել: Երեւի թե, միակ էական տարբերությունն այն էր, որ առեւտրային բանկերում, այնուամենայնիվ, բիզնես մտածողությունը շատ ավելի է գերակայում, քան ԿԲ-ում, ընդհանուր առմամբ, շուրջ կես տարի տեւեց այս ադապտացումը, որից հետո ինձ շատ ավելի լավ եւ հանգիստ զգացի այս աշխատանքում:

- Ձեր կենսագրականը հուշում է, որ ավարտել եք ԱՄՆ-ի Թաֆթս համալսարանի Ֆլեթչերի իրավունքի եւ դիվանագիտության դպրոցը։ Ինչո՞վ էր պայմանավորված այս ոլորտ մուտք գործելը եւ որքանո՞վ են իրավունքն ու դիվանագիտությունը կիրառելի Ձեր ներկայիս աշխատանքում:

- Կարծում եմ՝ դիվանագիտությունը ցանկացած պարագայում է կարեւոր եւ օգտակար, թե՛ աշխատանքում, թե՛ առօրյայում: Թաֆթս համալսարանը իրավունքի եւ դիվանագիտության ուղղությամբ առաջատարներից է աշխարհում, բայց կրթությունս այնտեղ տնտեսագիտական եւ ֆինանսների ուղղվածությամբ էր: Իհարկե, այն պարունակում էր նաեւ միջազգային իրավունք, դիվանագիտություն առարկաներ եւս, բայց տնտեսագիտությունը եւ ֆինանսները գերակայում էին: ԱՄՆ-ում ուսուցումն ամենահիմնարար գիտելիքներ ստանալու փուլն է եղել իմ կյանքում: Մինչ օրս նույնիսկ ուսանողական այդ ժամանակների գրքեր եւ գրառումներ ունեմ, որոնք երբեմն վերընթերցում եմ: Ընդհանրապես, կրթությունը մարդու կյանքում ամենակարեւոր ներդրումն է, եւ այն մեծապես նպաստել է իմ հետագա աշխատանքային եւ անձնական հաջողություններին: ԱՄՆ-ում ուսումը բացի կրթությունից ու գիտելիքներից, նաեւ հրաշալի ընկերներ է տվել, նաեւ պրոֆեսորադասախոսական միջավայր, որոնց հետ մինչ օրս կապի մեջ ենք։

- Ինչպե՞ս կառավարել ենթականերին՝ չխանգարելով նրանց աշխատանքին: Դուք առիթ ունենո՞ւմ եք մտորել այս հարցի շուրջ: Ընդհանուր առմամբ, ո՞րն է ենթակաների հետ արդյունավետ հաղորդակցվելու Ձեր բանաձեւը:

- Ինչպես եւ հարցում է նշվում, առաջինը՝ չխանգարելն է (ծիծաղում է, հեղ.): Կարծում եմ՝ ղեկավարի ամենակարեւոր դերն այնպիսի միջավայրի եւ մթնոլորտի ստեղծումն է, որտեղ մարդիկ կկարողանան իրենց դրսեւորել, բարիք ու արժեք ստեղծել՝ լինի դա ընկերության, որեւէ համակարգի, թե երկրի համար: Մյուս կարեւոր բաղադրիչը աշխատանքի ճիշտ կազմակերպումն է, որտեղ բոլորի ջանքերը, ձգտումները եւ աշխատանքն ուղղվի ընդհանուր նպատակի իրականացմանը:

Մհեր Աբրահամյան


Մեր «նարնջագույն թիմը» բավականին մեծ է արդեն, մոտ 800 թիմակից ունենք, որոնցից յուրաքանչյուրը շատ կարեւոր աշխատանք է կատարում՝ անկախ իր զբաղեցրած պաշտոնից եւ հաստիքից, երեւի թե ամենակարեւորը՝ թիմային ոգին միշտ բարձր պահել եւ բոլորիս ջանքերն ուղղել մեր ընդհանուր նպատակների իրականացմանը: Ըստ էության, որեւէ գաղտնիք չկա, հաջողության հստակ բանաձեւ չկա, մի քանի սկզբունք կնշեի, որոնք ինձ համար միշտ կարեւոր են եղել՝ անկախ նրանից ինչ պաշտոններ եմ զբաղեցրել. անմիջականություն ոչ միայն ղեկավարների, ենթակաների, այլ թիմի բոլոր մասնակիցների հետ, մարդկանց ոգեւորելու եւ մոտիվացնելու կարողությունը եւ ձգտումն է, արդարության եւ օբյեկտիվության սկզբունքը, այսինքն՝ որոշումներում լինել բաց, թափանցիկ, քանի որ հաճախ ղեկավարներն իրենց օրինակով պետք է առաջնորդեն գործընկերներին: Ես կողմնակից եմ թիմային եւ առողջ մթնոլորտի ստեղծմանը, դրա ջատագովն եմ, որը հաջողության հասնելու կարեւոր նախապայման է:

- Փողը կա՛մ տիրում է իր տիրոջը, կա՛մ ծառայում նրան. ինչպե՞ս կմեկնաբանեք այս ասացվածքը:

- Միանշանակ, ես երկրորդ տարբերակի կողմնակիցն եմ: Փողն ընդամենը միջոց է, հնարավորություն՝ ցանկությունները, նպատակներն իրականացնելու համար: Իհարկե, դրա վատ դրսեւորումներն էլ են հաճախ հանդիպում, բայց ի վերջո կարեւոր է, թե մարդը կյանքում ինչ սկզբունքներով եւ արժեքներով է առաջնորդվում: Եթե այդ առումով ամեն ինչ ճիշտ է եւ տեղին, ապա փողն ընդամենը միջոց եւ հնարավորություն է, ոչ ավելին:

- Համաձա՞յն եք այն կարծիքի հետ, որ համատարած թվայնացումը հանգեցնում է աշխատանքի ինտեգրմանը անձնական տիրույթ՝ խախտելով հավասարակշռությունը աշխատանքի եւ ընտանիքի միջեւ:

- Իհարկե, ցանկացած երեւույթ, այդ թվում՝ թվայնացումը, տեխնոլոգիաները, սմարթ հեռախոսները եւ տեխնոլոգիական ցանկացած այլ լուծում, բնականաբար, ունեն իրենց դրական եւ բացասական հետեւանքները, կարեւորը, որ կարողանանք դրանք օգտագործել ի օգուտ մեր նպատակների: Թվայնացումն ավելի շատ դիտարկում եմ որպես հնարավորություն, քան սպառնալիք: Չենք կարող անտեսել թվայնացման օգուտները եւ դրական ազդեցությունը՝ սկսած նրանից, որ շատ արագ եւ հարմարավետ ձեւով մարդը կարողանում է իր անձնական եւ աշխատանքային հարցերը կարգավորել, ժամանակ խնայել, ինֆորմացիայի աղբյուր ունենալ, ինչն անհնար է թերագնահատել:

Կարեւոր է, որ կարողանանք կառավարել դրանք, եթե դառնում են անկառավարելի, բալանսը փոխվում է ոչ ի օգուտ անձնական կյանքի: Ինքս փորձում եմ բալանսավորել, ինչը շատ ավելի հաճախ ստացվում է:

- Գլոբալ մարտահրավերներն այսպես թե այնպես ներխուժում են առօրյա կյանք եւ առաջ քաշում սթրեսը կառավարելու անհրաժեշտություն: Ձեր պարագայում՝ ինչպե՞ս է լուծվում այս հարցը:

- Կյանքը ցույց է տալիս, որ մարտահրավերները եւ դրանցով պայմանավորված սթրեսներն անվերջ են եւ անխուսափելի: Պարզապես պետք է սովորենք ճիշտ կառավարել դրանք: Խնդիրներից երբեք չհուսահատվենք, փորձենք դասեր քաղել եւ ավելի ուժեղանալ, փորձել այնպես անել, որ հետագայում ավելի հաղթահարելի լինեն այդ դժվարությունները եւ խնդիրները, հակառակ պարագայում դրանք թուլացնում են մարդուն եւ կարող են բերել ավելի վատ հետեւանքների: Սթրեսը հաղթահարելու լավագույն միջոցը դրական լիցքերով լցվելն է, ապագայի վերաբերյալ նոր նպատակներ դնելը եւ դրանց հասնելը:

Մհեր Աբրահամյան


- Ո՞րն է Ձեր այն նախընտրելի զբաղմունքը, որը թույլ է տալիս կտրվել առօրյա հոգսերից, լիցքաթափվել եւ, միաժամանակ, կենտրոնացնել ուժերն՝ առաջ շարժվելու համար:

- Սիրում եմ ճամփորդել: Ցանկացած հնարավորության դեպքում, նույնիսկ կարճատեւ՝ 2-3-օրյա ճամփորդությունները շատ լավ հնարավորություն են  առօրյայից եւ աշխատանքից կտրվելու, բայց շատ շուտ կարոտում եմ նաեւ զբաղվածությունն ու աշխատանքային դրայվը: Երբ սովորում ես աշխատանքային ծանրաբեռնված տեմպին, հետո հակառակն օրգանիզմիդ համար սկսում է սթրեսային դառնալ: Երբեմն ինձ մոտ այնպես է լինում, որ մեկ շաբաթյա հանգիստը ձանձրալի կարող է թվալ:

Փորձում եմ լիցքաթափվել ընտանիքիս, ընկերներիս հետ ժամանակ անցկացնելով:

- Եվ վերջում, ի՞նչ խորհուրդ կտաք այն երիտասարդներին, որոնք մտադրված են իրենց աշխատանքային ուղին կապել բանկի հետ:

- Բանկային գործը շատ հետաքրքիր է եւ պատասխանատու, քանի որ ցանկացած բանկ գործ ունի տասնյակ հազարավոր մարդկանց ֆինանսական միջոցների հետ: Այն ապրանքը, որ մենք «վաճառում ենք» հիմնականում փողն է: Միեւնույն ժամանակ, այս աշխատանքը շատ ոգեւորող եւ մոտիվացնող է, նաեւ այն տեսանկյունից, որ սոցիալական պատասխանատվության բաղադրիչ ունի իր մեջ, քանի որ հնարավորություն է տալիս բարելավել մարդկանց կյանքի որակը, նպաստել բիզնեսի զարգացմանը:

Բոլոր այն երիտասարդները, որոնք սիրում են այս գործը, խորհուրդ կտամ առաջին հերթին շատ լավ կրթություն ստանալ, որպեսզի հետագայում կարողանան դառնալ իրենց գործի պրոֆեսիոնալներ, այդ պարագայում անձնական մեծ հաջողություններ  կունենան եւ բանկային, ֆինանսական լավագույն ծառայությունները կմատուցեն մեր քաղաքացիներին, որով էլ կնպաստեն նրանց կյանքի որակի բարձրացմանը:

Արփի Ջիլավյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Դիտում՝ 6341
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW