Կառավարությունն այսօր հավանություն է տվել Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագծին եւ հարակից օրինագծերի փաթեթին: Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը կառավարության նիստին ասել է, որ շրջանառության հարկը հարկման ընդհանուր համակարգին այլընտրանքային լինելու փոխարեն վերածվել է հարկման արտոնյալ համակարգի: «Ուսումնասիրությամբ պարզվել է, որ գրեթե բոլոր ոլորտներում հարկման ընդհանուր համակարգի հարկային բեռն ավելի բարձր է, քան շրջանառության հարկի բեռն է: Օրինակ՝ մշակող արդյունաբերությունում ԱԱՀ-ի եւ շահութահարկի հանրագումարային հարկային բեռը գերազանցում է շրջանառության հարկի բեռը 2 անգամ, շինարարությունում՝ 2.6 անգամ, առեւտրի ոլորտում՝ 2.6 անգամ, կացության եւ հանրային սննդի ոլորտում՝ 3 անգամ եւ այլն:Բացի դրանից՝ շրջանառության հարկի եւ միկրոձեռնարկատիրության համակարգի գործունեության անցած տարիների փորձը եւ ուսումնասիրությունը ցույց են տալիս, որ հարկման այս համակարգերում թույլատրված են գործունեության այնպիսի տեսակներ, որոնք իրենց բնույթով նման են այս համակարգերում արգելք ունեցող գործունեության տեսակներին կամ իրենց առանձնահատկություններից ելնելով՝ ուղեկցվում են այլ գործունեության տեսակներով, որոնք չեն կարող հարկվել հարկման այս համակարգերով»,- ասել է նախարարը:Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ «շրջանառության հարկի համակարգը դեֆորմացնում է ընդհանրապես տնտեսությունը եւ սխալ մոտիվացիաներ է ստեղծում, որովհետեւ մեր տնտեսական քաղաքականությունը եւ հարկային քաղաքականությունը պետք է լինի այնպիսին, որ խթանի մարդկանց աճը»:«Մեզ թվացել է, որ արտոնյալ պայմաններ ստեղծելով՝ մենք պետք է մարդկանց համար տրամպլին ստեղծեինք, որպեսզի նրանք աճեն, եւ տնտեսությունն աճի, բիզնեսն աճի, եւ նրանք փուլերով անցնեն ԱԱՀ-ով հարկվելու դաշտ: Մենք ստեղծել ենք համակարգ, որն աճելու մոտիվացիա չի տալիս, հակառակը՝ չաճելու եւ ստվերային տնտեսությունը զարգացնելու մոտիվացիա է տալիս»,- ասել է նա:Նրա խոսքով՝ պետք է փուլ-փուլ շրջանառության հարկի համակարգից ընդհանրապես հրաժարվել. «Հայաստանում պետք է լինի մեկ հարկային համակարգ եւ բոլորը պետք է աշխատեն այդ մեկ հարկային համակարգով: Ում պետք է օգնել, եկեք սուբսիդիաներով օգնենք, բայց այս դեֆորմացված վիճակից պետք է դուրս գալ»: Tweet Դիտում՝ 2110