Մայիսի 2-ին Թբիլիսիում մեկնարկել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) կառավարիչների տարեկան ժողովը։Banks.am-ի թղթակիցը հաղորդում է Թբիլիսիից, որ 57-րդ տարեկան ժողովի կարգախոսն է «Կամուրջ դեպի ապագա» (Bridge to the Future): Ժողովի աշխատանքները շարունակվելու են մինչեւ մայիսի 5-ը։ԱԶԲ տարեկան ժողովի քննարկումներից մեկը նվիրված էր Միջին միջանցքի ներուժին՝ տնտեսական աճը եւ տարածաշրջանային ինտեգրումը խթանելու, պատմական առեւտրային ուղիները վերակենդանացնելու, Եվրոպայի եւ Ասիայի միջեւ առեւտրի համար ռազմավարական այլընտրանքներ առաջարկելու տեսանկյունից: Քննարկմանը մասնակցել են նախարարներ Վրաստանից եւ Ադրբեջանից, Եվրոպական հանձնաժողովի, Եվրոպական ներդրումային բանկի, Համաշխարհային բանկի, Առեւտրի համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչներ։Կայացել են նաեւ «Կայուն զարգացումը ֆինանսներում՝ ESG-ների դերը կապիտալի շուկաներում», «Տեխնոլոգիաների դերը ներառական ֆինանսների խթանման եւ հաճախորդների ճկունությանն աջակցելու գործում» քննարկումները, որոնց մասնակցել են Վրաստանի պետական ու մասնավոր հատվածի եւ միջազգային ֆինանսական ինստիտուտների ներկայացուցիչներ։Այսօր Թբիլիսիում նաեւ ներկայացվել է ԱԶԲ ասիական զարգացման առաջին զեկույցը՝ Aging Well in Asia։ Դրանում ասվում է, որ զարգացող Ասիան արագ ծերանում է, եւ տարածաշրջանը պետք է պատրաստվի այս ժողովրդագրական փոփոխությանը: Զեկույցում առանձնացված է «որակյալ ծերացման» չորս հիմնական ուղղություն՝ առողջությունը, զբաղվածությունը եւ թոշակի անցումը, տնտեսական անվտանգությունը եւ սոցիալական ներգրավվածությունը: Tweet Դիտում՝ 1528