“Ագրոբիզնեսին առաջարկում ենք մեր ներդրումային գործիքակազմը”

24.01.2010 | 18:01 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի (ՀԳՏՏԶՀ - FREDA) գործադիր տնօրեն Տիգրան Խանիկյանի հարցազրույցը Մեդիամաքս գործակալությանը եւ Banks.am պորտալին

- Ի՞նչ նպատակով է ստեղծվել հիմնադրամը եւ ի՞նչ արդյունքներ է արձանագրել իր գործունեության ընթացքում:

- Հիմնադրամի ստեղծումը Գյուղատնտեսական զարգացման միջազգային հիմնադրամի (IFAD) եւ ՀՀ կառավարության նախաձեռնությունն է: Հիմնադրամի ստեղծման մասին կառավարության որոշումն ընդունվել է 2009թ. հունվարի 8-ին, իսկ կառույցի փաստացի գործունեությունը սկսվել է անցած տարվա սեպտեմբերից: Հիմնադրամի բարձրագույն ղեկավար մարմինը հոգաբարձուների խորհուրդն է` ՀՀ վարչապետի նախագահությամբ:

Հիմնադրամը կոչված է աջակցելու ագրոբիզնեսի այն ոլորտներին, որոնք նպաստում են Հայաստանի գյուղական տարածքների զարգացմանը:  ՀԳՏՏԶՀ-ի աջակցության թիրախային սեգմենտներն են գյուղմթերքի մշակումը, կաթի եւ կաթնամթերքի վերամշակումը, գինեգործությունը եւ ձկնաբուծությունը: Մեր խնդիրն է` գտնել վերոհիշյալ թիրախային խմբերում գործող ագրոբիզնեսներն ու առաջարկել մեր ներդրումային գործիքակազմը:

Հիմնադրամը մասնակցություն է ձեռքբերում ընկերությունների կապիտալում` սովորական կամ արտոնյալ բաժնետոմսերի լրացուցիչ թողարկման միջոցով եւ, որպես բաժնետեր, կարող ենք տրամադրել ձեռնարկություններին կարճաժամկետ ստորադաս փոխառություններ աշխատող կապիտալի համար:

2009թ. տարեվերջին կայացավ ՀԳՏՏԶՀ-ի առաջին բաժնեմասնակցային ներդրումը: Բաժնետոմսերի բաժանորդագրման պայմանագիր ստորագրվեց հիմնադրամի և “Ակվատեխավտոմատիկա” ՓԲԸ-ի միջև, որի հիմնական գործունեությունը ձկնաբուծությունն է: Ներդրումն իրականացվել է տվյալ ձեռնարկության արտադրական գործընթացներն ընդլայնելու համար: Խոսքը գնում է նոր ջրավազանների կառուցման, մանրաձկան ձեռքբերման, աճեցման եւ վաճառքի մասին:

- Նկարագրեք հիմնադրամի եւ ընկերությունների միջեւ գործակցային հարաբերությունների հաստատման ընթացքը:

- Ենթադրենք, մեզ դիմում է տնտեսվարող սուբյեկտ, որն ուզում է ընդլայնել իր բիզնեսը: Հիմնադրամն անցկացնում է տվյալ ձեռնարկության սեփական կապիտալի գնահատում` օգտագործելով միջազգային փորձը, որում մեզ տեխնիկական աջակցություն է ցուցաբերում մեր գործընկերը` դանիական IFU կազմակերպությունը: Ի դեպ, ՀԳՏՏԶՀ-ն ստեղծվել է հենց Սկանդինավյան երկրների նմանատիպ կառույցների օրինակով, որոնք ունեն երկար տարիների արդյունավետ աշխատանքի փորձ: Մասնավորապես, դանիական IFU-ն գործում է 1960-ականներից:

Եթե ընկերությունը համապատասխանում է մեր կողմից սահմանված չափանիշներին, հիմնադրամը առավելագույնը 7 տարով ձեռք է բերում մասնակցություն ընկերության կապիտալում եւ նպաստում ընկերության զարգացմանը:

Հիմնադրամը, բաժնետոմսերի թողարկման եղանակով, տալիս է ձեռնարկությանը լրացուցիչ ֆինանսական միջոցներ, ձեւավորում տվյալ ձեռնարկությունում կորպորատիվ կառավարման համակարգ, համապատասխանեցնում ընկերության հաշվապահական հաշվառումը միջազգային ստանդարտներին, աջակցում է ձեռնարկությանը մնացած աշխատանքային ընթացակարգերում, օգնում է ներդնել եվրոպական շուկա արտահանման համար պահանջվող անհրաժեշտ տեխնոլոգիաներ եւ այլն:

Աջակցությունը ագրոբիզնեսում գործող ձեռնարկություններին անուղղակիորեն ազդում է նաեւ ֆերմերների բարեկեցության վրա, որոնք արդեն հստակ տեղյակ են լինելու իրենց արտադրանքի իրացման ուղղությունների մասին:

Այսպիսով` գոյանում է գյուղմթերքի արտադրություն-վերամշակում-արտահանում արժեքային շղթան, եւ մեր առաքելությունն է` ներդնել արժեքային շղթայի զարգացման մեջ եւ այսպիսով նպաստել երկրում աղքատության մակարդակի կրճատմանը:

Բանակցային գործընթացը մեր ռեսուրսներից օգտվելու հայտ ներկայացրած ընկերության հետ սովորաբար տեւում է շուրջ 3 ամիս` կախված ձեռնարկության զարգացման աստիճանից: Ամեն ինչ կախված է ձեռնարկության պատրաստակամությունից բացահայտելու իր ֆինանսական հոսքերը: Եթե ընկերությունը վարում է ճշգրիտ հաշվապահական հաշվառում, ապա մեզ հետ համագործակցությունը իր համար դյուրին կլինի:

- Ի՞նչ պահանջներ է ներկայացնում ՀԳՏՏԶՀ-ն կապիտալի ֆինանսավորման գործիքից ցանկացող ձեռնարկությանը:   

- Նախ եւ առաջ ընկերությունը պետք է լինի մեր թիրախային խմբում: Ընկերության կողմից ներկայացված ներդրումային առաջարկը պետք է լինի իրագործելի, նպատակահարմար եւ նպաստի վերոհիշյալ արժեքային շղթայի զարգացմանը:

Ընկերությունը պետք է ներկայացնի վերջին 3 տարիների իր ամբողջ հաշվապահական հաշվառումը, պայմանագրերը, ակտիվների նկատմամբ սեփականության մասին վկայող փաստաթղթերը, իր վարկային պատմությունը, ինչպես նաեւ ներկայացնի իր սպասումները` մեր աջակցության միջոցով ակնկալվող արդյունքների մասին:

Ընկերությունների առջեւ չի դրվում պարտադիր աուդիտի եւ հաշվապահական հաշվառումը միջազգային ստանդարտներով վարելու պահանջ, չնայած այս հանգամանքը միմիայն կարող է օգնել տնտեսվարողին:   

Հինմնադրամի եւ ընկերության միջեւ կնքվող պայմանագրում ամրագրվում է այն ժամկետը, որով հիմնադրամը մտնում է ընկերության կապիտալի մեջ: Ժամկետն ավարտվելուն պես մենք նախապատվության սկզբունքով վաճառելու ենք մեր բաժնեմասը տնտեսվարողին: 

Հիմնադրամը մտնում է ընկերությունների կապիտալի մեջ մինչեւ 7 տարի ժամկետով: Ի դեպ, տնտեսվարողը կարող է օգտվել ՙքոլ՚ օպցիոնի իրավունքից եւ սահմանված ժամկետից շուտ գնել մեր բաժնեմասը: ՄԵզ եւս իրավունք է վերապահվում որոշակի պայմանների առկայության դեպքում կիրառել “փութ” օպցիոն եւ ժամանակից շուտ դուրս գալ ընկերության կապիտալից:

Սովորական բաժնետոմսերի տեսքով մասնակցություն ձեռքբերելիս, ընկերության կապիտալում մեր բաժնեմասի առավելագույն չափը կարող է կազմել 45%, բայց ոչ ավել քան 200 մլն դրամ: Արտոնյալ բաժնետոմսերի դեպքում` առավելագույնս 25%, բայց ոչ ավել քան 100 մլն դրամ: Մեր կողմից տնտեսվարողին տրամադրվող ստորադաս փոխառությունների սահմանաչափը ֆիքսված չէ, սակայն փաստացի այն չի կարող լինել ավելի մեծ, քան ի սկզբանե ընկերության կապիտալում մեր ներդրման չափը:

- Ի՞նչ կապիտալով է ստեղծվել հիմնադրամը եւ որոնք են հիմնադրանի ֆինանսավորման աղբյուրները:

- Մեր ֆինանսական աղբյուրը IFAD-ի վարկային միջոցներն են:

ՀԳՏՏԶՀ-ը հիմնադրվել է ավելի քան 5 մլն ԱՄՆ դոլար կապիտալով, որը դրամային արտահայտմամբ կազմում է շուրջ 2 մլրդ:

ՀԳՏՏԶՀ-ն տեսնում է ինստիտուցիոնալ ներդրողներից լրացուցիչ միջոցների ներգրավելու հնարավորություն, բայց ի սկզբանե պետք է հաջողությամբ տեղաբաշխենք առկա միջոցները եւ ապացուցենք, որ նախաձեռնությունը հաջողվել է:

- Հայաստանում գյուղատնտեսության ֆինանսավորման բնագավառում ակտիվ գործունեություն են ծավալում մի շարք բանկեր եւ վարկային կազմակերպություններ: Որո՞նք են ՀԳՏՏԶՀ-ի համեմատական առավելությունները:

- Վարկ ստանալու համար ընկերությունը պետք է ունենա հստակ գրավ, որի արժեքը պետք է նույնիսկ գերազանցի ստացվող վարկի գումարը: Մեր դեպքում գրավային գործընթաց չկա, կա ակտիվի գնահատման գործընթաց:

Մենք գնահատում ենք տվյալ ընկերության զուտ ակտիվների արժեքը եւ առկա ակտիվների` ապագա հոսքեր ստեղծելու ունակությունը: Այս երկուսի համադրության արդյունքում մենք որոշում ենք, թե որքան արժե տվյալ բիզնեսը: Վարկային գործընթացը նման մոտեցում չի պահանջում. այստեղ պետք է գրավի առկայություն եւ տվյալ վարկը սպասարկելու համար արդեն իսկ տվյալ պահին առկա դրամական հոսքեր:

Մինչդեռ մենք կազմում ենք հստակ տպավորություն ընկերության ինչպես ներկա, այնպես էլ ապագա դրամական հոսքերի մասին, որոնք կգոյանան մեր մասնակցության արդյունքում: Հինմադրամի ֆինանսավորումն ավելի ռիսկային է, քան վարկը:

Առավելությունը նաեւ նրանում է, որ մեր դեպքում չկա վարկի ամենամսյա մարումների հարց, այլ կա ֆինանսական տարի, որը փակելուց հետո տնտեսվարող սուբյեկտի տնօրենների խորհուրդն է որոշում` վճարել դիվիդենտներ, թե կատարել վերաներդրում: Կապիտալում մասնակցելու գործիքն ավելի ճկում է քան վարկը: Ի դեպ, կապիտալի ներդրումն իրականացվում է դրամով:

- Ընկերությունների կողմից ներկայացված քանի՞ հայտեր են այս պահին ուսումնասիրվում հիմնադրամի կողմից:

- Այս պահին մենք աշխատում ենք 5 նոր ներդրումային նախագծերի վրա: Նաեւ հանդիպումներ ենք անցկացրել ավելի քան 100 ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ, որոնց ներկայացվել է կապիտալի ֆինանսավորման գործիքը:

Դիտում՝ 22331
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai