Հայաստանի հիփոթեքային շուկան մոտենում է հակաճգնաժամային ցուցանիշներին

13.12.2009 | 23:41 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

“Ազգային հիփոթեքային ընկերություն” ՈւՎԿ գործադիր տնօրեն Մհեր Եդիգարյանի հարցազրույցը Մեդիամաքս գործակալությանը եւ Banks.am պորտալին

- Արդեն մոտ կես տարի է, ինչ գործում է Ազգային հիփոթեքային ընկերությունը (ԱՀԸ): Ի՞նչ արդյունքներ են արձանագրվել ընկերության գործունեության ընթացքում:

- Այս պահի դրությամբ մենք վերաֆինանսավորել ենք 2 մլրդ ՀՀ դրամի հիփոթեքային վարկեր, որոնց թիվը կազմում է մոտ 300: Այժմ մեր գործընկեր ֆինանսական հաստատություններում ուսումնասիրվում են մոտ 450-600 մլն դրամի վարկային գործեր, որոնք, մեր ակնկալիքներով, կվերաֆինանսավորվեն մինչեւ տարեվերջ:

Այսպիսով, մինչեւ տարեվերջ նախատեսում ենք հասցնել մեր պորտֆելը 2.5 մլրդ դրամի, ինչը, կարծում եմ, քիչ չէ առաջին 6 ամիսների համար:

Ընկերության գործունեության կարեւորագույն արդյունքը այն ազդակն էր, որը հաղորդվեց Հայաստանի հիփոթեքային շուկային: Ու թեւ այդ շուկան որոշակի դժվարություններ էր ապրում, Ազգային հիփոթեքային ընկերության ի հայտ գալը վստահություն ներշնչեց շուկայի մասնակիցներին եւ ապացուցեց, որ շուկան գործում է եւ ունի ներուժ:

Արդյունքում հիփոթեքային վարկավորումն ակտիվացրեցին ինչպես մեզ հետ համագործակցող կազմակերպությունները, այնպես էլ այլ բանկերն եւ վարկային կազմակերպությունները:

Ճիշտ է, Հայաստանի հիփոթեքային շուկան դեռ չի հասել նախաճգնաժամային ցուցանիշներին, բայց արդեն մոտենում է դրանց:      

- Ի՞նչ նախաձեռնություններով է ԱՀԸ-ն հանդես գալու հաջորդ տարվա ընթացքում:

- Հաջորդ տարի նախատեսում ենք շարունակել աշխատել նույն տեմպերով, իրականացնել լայնածավալ վարկավորում եւ ընդլայնել մեր գործիքակազմը:

Մենք մշտապես վերանայում ենք վերաֆինանսավորվող վարկատեսակների պայմանները եւ փորձում ենք ներկայացնել շուկային ավելի մեծ պահանջարկ վայելող ապրանքատեսակներ:  

Օրակարգում գտնվող հարցերի շարքում է վերաֆինանսավորման ժամկետի երկարացումը: Այսօրվա դրությամբ ԱՀԸ-ն վերաֆինանսավորում է վարկը տրամադրվելուց 90 օրվա ընթաքում: Եթե բանկը կամ վարկային կազմակերպությունը որոշում են տրամադրել մեր կողմից վերաֆինանսավորվող հիփոթեքային վարկ մի անձի, որը բնակարան է ձեռքբերում դեռեւս կառուցվող շենքում, ապա վերջինս, բացի ձեռքբերվողից, պետք է գրավադրի եւս մեկ այլ գույք: Փորձը ցույց տվեց, որ շատ հաճախորդներ չունեն հնարավորություն գրավադրել այլ գույք եւ այս պատճառով իրենց վարկը չի կարող վերաֆինանսավորվել:

Մենք նման դեպքերի համար կառաջարկենք վերաֆինանսավորման ժամկետն 90 օրվանից երկարացնել մինչեւ 6-9 ամիս, ինչը ժամանակ կտա կառուցվող շենքում բնակարան ձեռք բերող անձին նոր գույքը գրավադրելու համար:

Նախատեսում ենք որոշակի փոփոխություն նաեւ վերանորոգման համար տրամադրված վարկերի վերաֆինանսավորման մասով: Ներկայումս մենք վերաֆինանսավորում ենք 10 եւ ավելի տարի ժամկետով տրամադրված վարկերը,  ինչը անհարմար է այն վարկառուների համար, որոնց պահանջարկը կազմում է ընդամենը 2-3 մլն դրամ: Այդ պատճառով քննարկում ենք այս վարկատեսակների գծով առնվազն 10 տարվա մարման ժամկետի պահանջը նվազեցնել մինչեւ 3 տարի:

Մեկ այլ փոփոխություն, որով շուտով հանդես կգա ԱՀԸ-ն, կապված է վերաֆինանսավորվող վարկերի գումարի հետ: Ներկայումս մենք վերաֆինանսավորում ենք մինչեւ 20 մլն դրամ ծավալով վարկերը: Այժմ մենք քննարկում ենք վերաֆինանսավորվող վարկի գումարի ավելացման, ինչպես նաեւ ավելի խոշոր վարկերի դեպքում համաֆինանսավորման հարցերը: 

Բանկերը եւ վարկային կազմակերպությունները հաճախ հրաժարվում են տրամադրել վարկառուին 20 մլն դրամից ավել ծավալի վարկ, քանի որ նման վարկերը չեն վերաֆինանսավորվում մեր կողմից:

Թույլ տալով բանկերին ներկայացնել մեզ ավելի մեծ ծավալի վարկեր` մեր կողմից դրանց մի մասի վերաֆինանսավորման համար, ԱՀԸ-ն կլուծի այդ խնդիրը եւ դրանով զգալիորեն կընդլայնի պոտենցիալ վարկառուների շրջանակը:

- Հիմնադրման պահին ընկերության կապիտալը կազմում էր 5 մլրդ դրամ: Բացի այդ, ընկերությանը տրամադրվեց նաեւ 12 մլրդ դրամ ռուսաստանյան կայունացման վարկից: Տարվու՞մ են արդյոք աշխատանքներ կապիտալի համալրման ուղղությամբ:

- ԱՀԸ-ն հիմնադրվել է պետական-մասնավոր համագործակցության սկզբունքով եւ մասնավոր ներդրումների ներգրավման ուղղությամբ աշխատանքները մշտապես տարվում են:

Ներդրողներին ուղղակի ժամանակ է հարկավոր, որպեսզի նրանք համոզվեն ընկերության կայացման եւ հաջող գործունեության մեջ: Այս առումով մենք գիտակցում ենք, որ դժվար է կարճաժամկետ կտրվածքով ակնկալել արտասահմանյան ներդրումներ ընկերության կապիտալում: Ամեն ինչ կախված է մեր աշխատանքի արդյունավետությունից:

Բացի այդ, մենք նախատեսում ենք միջոցներ ներգրավել նաեւ կապիտալի շուկայից եւ այժմ ակտիվորեն զբաղվում ենք այդ հարցով: 2010-ին նախատեսում ենք հանդես գալ պարտատոմսերի գոնե մեկ թողարկմամբ:

- Որքան տեղյակ ենք, այս պահին ընկերությունը վերաֆինանսավորում է առնվազն 30% կանխավճարով տրվող հիփոթեքային վարկերը: Կան արդյոք նախադրյալներ պայմանների մեղմացման համար: 

- 30%-անոց կանխավճարը գործում է վարկառուի կողմից միայն մեկ գույքի գրավադրման դեպքում:

Արդեն 3 ամիս է, ինչ մենք ներդրել ենք նոր պայման, ըստ որի 2 գույքի գրավադրման դեպքում կանխավճարի չափը նվազեցվում է մինչեւ 10%: Խոսքը գնում է այն դեպքերի մասին, երբ գրավադրվում են եւ նոր ձեռքբերվող եւ եղած բնակարանները:    

- Քանի՞ ֆինանսական կազմակերպությունների հետ է համագործակցում ընկերությունը:

- Այս պահին համագործակցում ենք 10 բանկերի եւ 2 վարկային կազմակերպությունների հետ: Մոտ ապագայում նախատեսում ենք համագործակցության պայմանագրեր կնքել եւս 2-3 ընկերությունների հետ:

- 3 ամիս առաջ ընկերությունը որոշում կայացրեց իջեցնել բանկերի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքը 9-ից 7.5%: Կա՞ն արդյոք նախադրյալներ տոկոսադրույքի նոր իջեցման համար:

- Ամեն ինչ կախված է ընդհանուր տնտեսական եւ ֆինանսական շուկայի զարգացումներից: Վերաֆինանսավորման տոկոսադրույքը կշարունակի նվազել շուկայական տոկոսադրույքների ընդհանուր նվազման, ինչպես նաեւ ԱՀԸ-ի` պարտատոմսերի շուկա դուրս գալու դեպքում:

 

Դիտում՝ 23116
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai