Քենեթ Ռոգոֆ. Համաշխարհային տնտեսության «փափուկ վայրէջքի» վրա հույս մի՛ դրեք

24.02.2024 | 10:15 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
Ներկայացնում ենք Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին գլխավոր տնտեսագետ, Հարվարդի համալսարանի տնտեսագիտության եւ հանրային քաղաքականության պրոֆեսոր Քենեթ Ռոգոֆի հոդվածը՝ գրված Project Syndicate-ի համար:

Քենեթ Ռոգոֆ

Անցավ 2024 թվականի առաջին ամիսը, եւ համաշխարհային տնտեսության համակարծիք կանխատեսումները մնում են զգուշավոր լավատեսական, ընդ որում կենտրոնական բանկերի ու վերլուծաբանների մեծամասնությունը կանխատեսում է կա՛մ «փափուկ վայրէջք», կա՛մ «առանց վայրէջք» սցենարները: Նույնիսկ իմ գործընկեր Նուրիել Ռուբինին, որը հակված է բաժնետոմսերի շուկայի անկման կանխատեսումներ անել, վատագույն սցենարները համարում է ամենաքիչ հավանականը:



Գործադիր տնօրեններն ու քաղաքականություն մշակողները, որոնց հետ զրուցել եմ անցյալ ամիս Դավոսում կայացած Համաշխարհային տնտեսական ֆորումի (WEF) ժամանակ, կիսում են այս տրամադրությունը: Այն, որ 2023-ին համաշխարհային տնտեսության ռեցեսիա տեղի չունեցավ՝ ի հեճուկս տոկոսադրույքների կտրուկ աճին, փորձագետներին լավատեսորեն տրամադրեց 2024-ի նկատմամբ: Երբ նրանց խնդրում էի բացատրել իրենց լավատեսության պատճառը, նրանք կամ վկայակոչում էին ԱՄՆ-ի տնտեսության սպասվածից ավելի լավ արդյունքը կամ կանխատեսում էին, որ արհեստական բանականությունը կնպաստի արտադրողականության երկար սպասված աճին: Ինչպես նշեց ֆինանսների նախարարներից մեկը՝ «Եթե բնույթով լավատես չեք, պետք չէ ֆինանսների նախարար լինել»։

Աշխարհի տնտեսագետները, կարծես, կիսում են այս տեսակետը: WEF-ի գլխավոր տնտեսագետների կանխատեսումը 2024-ի հունվարին ցույց տվեց, որ թեեւ հարցվածների մեծամասնությունը 2024-ին նախորոշում է համաշխարհային տնտեսության մեղմ անկում, մեծամասնությունը առանձնապես անհանգստացած չէ եւ ակնկալվող դանդաղումը դիտարկում է որպես չափից ավելի մեծ պահանջարկի հետեւանքով առաջացած գնաճի օգտակար ճշգրտում:



Նույնիսկ համաշխարհային առեւտրի խոչընդոտները, որոնք առաջացել են Կարմիր ծովում առեւտրային նավերի վրա Եմենի հութիների հարձակումների եւ Ուկրաինայում եւ Գազայում շարունակվող պատերազմների պատճառով, չազդեցին վերլուծաբանների եւ բիզնես առաջնորդների լավ տրամադրության վրա: ԱՄՆ ֆոնդային շուկան ռեկորդային մակարդակի վրա է, եւ նույնիսկ սովորաբար պահպանողական Արժույթի միջազգային հիմնադրամը բարելավել է աճի իր կանխատեսումը «Համաշխարհային տնտեսական հեռանկար»-ում եւ նկարագրում է համաշխարհային աճի ռիսկերը որպես «հիմնականում հավասարակշռված»: Այս բնութագրումը զգալիորեն տարբերվում է այն զգուշավորությունից, որը հիմնականում օգտագործում է ԱՄՀ-ը, որպեսզի ֆինանսների նախարարներին չխրախուսի անընդունելի մեծ ծախսեր անել:

Ընտրական վճռորոշ տարում, երբ տասնյակ երկրներում աշխարհի բնակչության կեսը ներկայացնող ընտրողները կգնան ընտրատեղամասեր, պետական ծախսերն այսպես թե այնպես աճելու են: Մակրոտնտեսության մեջ այս երեւույթը կոչվում է «քաղաքական բյուջետային ցիկլեր». գործող քաղաքական գործիչները ցանկանում են խթանել տնտեսությունը, որպեսզի բարելավեն իրենց վերընտրվելու հնարավորությունը, ուստի մեծացնում են պետական ծախսերը եւ դրանց հետ նաեւ դեֆիցիտը:

Չնայած համեմատաբար կայուն համակարծության, վերջին զարգացումները ցույց են տալիս, որ համաշխարհային աճի ռիսկերը դեռեւս հակվում են դեպի անկում: Սկսենք նրանից, որ ես խորապես թերահավատորեն եմ վերաբերվում Չինաստանի կառավարության այն հայտարարությանը, որ իր տնտեսությունը 2023-ին աճել է 5,2%-ով:

ՀՆԱ-ի աճի ցուցանիշները վաղուց արդեն քաղաքականացված են Չինաստանում, հատկապես վերջին մեկ տարվա ընթացքում, երբ նախագահ Սի Ցզինպինը ամրապնդեց իր միանձնյա իշխանությունը՝ պաշտոնանկ անելով բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարներին: Մինչ չինական տնտեսությունը պայքարում է գնանկման, անշարժ գույքի գների անկման եւ փոքր պահանջարկի հետ, ավելի ու ավելի ակնհայտ է դառնում, որ երկրի տնտեսական դժվարությունները դեռ չեն ավարտվել, եւ Սին վճռականորեն վերահսկելու է այդ պատումը:



Երկարատեւ տնտեսական դանդաղման եւ անշարժ գույքի փլուզվող հատվածի համադրությունը կարող է Չինաստանին բերել ճապոնական «կորուսյալ տասնամյակի» շեմին: Տնտեսության գնացքի դանդաղ կործանման (անշարժ գույքի փլուզված ձեռնարկություններ եւ տեղական ինքնակառավարման մարմինների պարտք) ակնհայտ քեյնսյան լուծումը տնային տնտեսություններին ուղղակի դրամական փոխանցումներ կատարելն է: Բայց հաշվի առնելով, որ չինացի սպառողները հակված են խնայելու (ի տարբերություն վատնող ամերիկացիների), իսկ պետական պարտքն արդեն արագորեն աճում է, պարտք-գնանկում պարույրը ավելի հավանական է թվում:



Եվրոպական տնտեսական աճը, թեեւ 2023-ին խուսափեց ռեցեսիայից, ըստ ամենայնի այս տարի առանձնապես չի փայլուն չի լինելու: Ավելին, Եվրոպական երկրների մշտական դժկամությունը ներդրումներ կատարել սեփական պաշտպանության ոլորտում նշանակում է, որ եթե ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը 2025 թվականին վերադառնա Սպիտակ տուն, կարող է ցավագին ճշգրտման անհրաժեշտություն առաջանալ: Տագնապալի է, որ եվրոպական առաջնորդները կարծես թե չեն նախապատրաստվում նման սցենարի, նույնիսկ երբ Ուկրաինայում պատերազմը սպառում է իրենց զինամթերքի պաշարները ավելի արագ, քան դրանք համալրվում են:

Եվրոպան պայքարում է նաեւ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի գնաճի նվազեցման օրենքի (IRA) անբարենպաստ տնտեսական հետեւանքների դեմ. օրենքը հարկային խթաններ է օգտագործում եվրոպական ընկերություններին գայթակղելու համար: Թեեւ IRA-ն, իբր, ուղղված է արագացնելու Ամերիկայի անցումը կանաչ էներգիայի, այն ըստ էության հովանավորման (պրոտեկցիոնիստական) առեւտրային քաղաքականություն է: Գուցե այն կարճաժամկետ խթան է ապահովել ԱՄՆ-ի տնտեսությանը, սակայն դրա երկարաժամկետ հետեւանքները կարող են նմանվել 1930-ը Սմութ-Հոուլիի սակագնային ակտին, որը միջազգային առեւտրային պատերազմի պատճառ դարձավ եւ սրեց Մեծ դեպրեսիան:

Այնուամենայնիվ, Բայդենի առեւտրային հովանավորությունը մեղմ է՝ համեմատած Թրամփի ծրագրի հետ, այն է՝ գրեթե բոլոր ներմուծվող ապրանքների վրա 10% մաքսատուրք սահմանել. քայլ, որը կարող է կատարյալ խառնաշփոթ առաջացնել համաշխարհային առեւտրային համակարգում: Եվրոպական երկրները հասկանալիորեն սատարում են Բայդենին, ով, ի տարբերություն Թրամփի, բազմիցս վերահաստատել է ռուսական էքսպանսիոնիզմը զսպելու իր հանձնառությունը:



Տագնապալի է, որ ԱՄՆ-ում ո՛չ ժողովրդավարները, ո՛չ հանրապետականները շահագրգռված չեն կրճատել պետական ծախսերը, էլ չխոսենք դեֆիցիտի կրճատման մասին: Անկախ նրանից, թե որ կուսակցությունը կվերահսկի Կոնգրեսը նոյեմբերի ընտրություններից հետո, դեֆիցիտով պայմանավորված ծախսերի աճը անկասկած է: Բայց եթե իրական տոկոսադրույքները մնան բարձր, ինչպես շատերն են կարծում, կառավարությունը կարող է ստիպված լինել ընտրություն կատարել ժողովրդականություն չվայելող հարկաբյուջետային քաղաքականության խստացման կամ Դաշնային պահուստի վրա ճնշում գործադրելու միջեւ, որպեսզի այն թույլ տա գնաճի հերթական ալիքը:

Չնայած տարածված համոզմունքին, որ համաշխարհային տնտեսությունը գնում է դեպի «փափուկ վայրէջք», վերջին միտումները լավատեսության չեն ներշնչում: Աշխարհին սպասում է եւս մեկ անհանգիստ տարի, եւ քաղաքականություն մշակողներն ու վերլուծաբանները պետք է նկատի ունենան, որ «փափուկ վայրէջքը» ոչինչ չի նշանակում, եթե թռիչքուղին երկրաշարժի գոտում է:

Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի


Project Syndicate-ի հոդվածները Banks.am կայքում թարգմանաբար ներկայացվում են «Կուբ Ինվեսթ» ներդրումային ընկերության գործընկերությամբ:


Copyright: Project Syndicate, 2023.
www.project-syndicate.org
Դիտում՝ 2549
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW