Ներկայացնում ենք Չինաստանի Համաշխարհային տնտեսագիտության ընկերության նախկին նախագահ Յու Յոնգդինգի հոդվածը՝ գրված Project Syndicate-ի համար:2024 թվականի սկիզբը նշանավորվեց Չինաստանի տնտեսության համար ավելի ու ավելի վատատեսական կանխատեսումներով։ Թեեւ Չինաստանի կառավարությունը մնում է լավատես, Արժույթի միջազգային հիմնադրամը կանխատեսում է, որ ՀՆԱ-ի աճը 2023-ի 5,4%-ից այս տարի կդանդաղի մինչեւ 4,6%-ը: Միեւնույն ժամանակ սպասվում է, որ չինական ֆոնդային շուկայի անկումը կշարունակվի:Սակայն Չինաստանի տնտեսական հեռանկարներն ավելի պայծառ են, քան թվում է: Կառավարությունը դեռ պետք է հրապարակի 2024 թվականի իր կանխատեսումը, բայց չինացի տնտեսագետների մեծամասնությունն ակնկալում է, որ որպես թիրախ կսահմանվի 5% տարեկան աճը: Հաշվի առնելով 2023 թվականին Չինաստանի սպասվածից ավելի լավ տնտեսական ցուցանիշները, ես կարծում եմ, որ 5% աճը եւ՛ անհրաժեշտ է, եւ՛ իրագործելի:Սպառումը եղել է Չինաստանի աճի հիմնական շարժիչ ուժը 2023-ին՝ կազմելով ՀՆԱ-ի աճի 82,5%-ը։ Չինաստանի կառավարությունը չի հրապարակել վերջնական սպառման թվերը, բայց դրանց մասին կարելի է դատել սոցիալական սպառման ապրանքների մանրածախ վաճառքից: Դրանք անցյալ տարի աճել են 7,2%-ով, ինչն արտացոլում է սպառողական ծախսերի վերականգնումը 2022-ի անկումից հետո:Սակայն աճի այս թափը պահպանելը քիչ հավանական է, եւ չինացի տնտեսագետներից շատերը 2024-ին կանխատեսում են սպառման զգալի դանդաղում: Լուսանկարը՝ REUTERS Աշխարհային պահանջարկի նվազման պատճառով Չինաստանի զուտ արտահանման աճը յուանով 2023 թվականին 1,3%-ով կրճատվել է: Հաշվի առնելով, որ համաշխարհային տնտեսական վիճակը դժվար թե բարելավվի 2024- ին, ողջամիտ է ենթադրել, որ զուտ արտահանման դերը Չինաստանի ՀՆԱ-ի աճի մեջ նվազագույն կլինի: Հետեւաբար, ՀՆԱ-ի 5% աճի նպատակին հասնելու համար ներդրումների աճը պետք է զգալիորեն ավելանա։ Չինաստանի հիմնական միջոցների ներդրումները (FAI), որը կապիտալի ձեւավորման ցուցիչ է, 2023-ին աճել են ընդամենը 3%-ով՝ 2022-ի 5,1%-ի համեմատ:FAI-ն բաղկացած է երեք հիմնական կարգերից՝ արտադրություն, անշարժ գույք եւ ենթակառուցվածք: Արտադրության հատվածում 2023-ին մի քանի ճյուղեր զգալի աճ են գրանցել, իսկ էլեկտրական մեքենաների ու սարքավորումների, գործիքների ու հաշվիչների, ավտոմեքենաների ու բարձր տեխնոլոգիաների ոլորտներում ներդրումներն աճել են համապատասխանաբար 34,6 21,5, 17,9 եւ 10,5 տոկոսով: Սակայն արտադրության ոլորտում ներդրումների ընդհանուր աճը կազմել է ընդամենը 6,3%՝ 2022-ի 9,1%-ի դիմաց: Մինչդեռ անշարժ գույքի ներդրումները 2023-ին նվազել են 9,1%-ով եւ, չնայած բարելավման նշաններին, սպասվում է, որ այս տարի եւս կնվազի: Եթե արտադրական ներդրումները զգալիորեն չաճեն, իսկ անշարժ գույքի ներդրումների վերականգնումը անբավարար մնա, ապա մոտավոր հաշվարկը (ըստ առկա եւ մի փոքր հակասական տվյալների վրա) ցույց է տալիս, որ ենթակառուցվածքի ներդրումները պետք է աճեն ավելի քան 10%-ով՝ փոխհատուցելու սպառման աճի անկումը: Նկատի ունենալով, որ 2023-ին ենթակառուցվածքի ներդրումներն աճել են ընդամենը 5,8%-ով, երկնիշ աճ ապահովելը դժվար է լինելու: Լուսանկարը՝ REUTERS Այնուամենայնիվ, այն փաստը, որ Չինաստանի տնտեսությունը կարծես գտնվում է գնանկումային ժամանակաշրջանում, երբ ինչպես սպառողական գների, այնպես էլ արտադրողական գների ինդեքսը բացասական տարածքում են, թույլ է տալիս քաղաքականություն մշակողներին գործարկել լուրջ հարկաբյուջետային գործիքներ տնտեսական աճը խթանելու համար՝ առանց գնաճի մասին անհանգստանալու՝ գոնե կարճաժամկետ հեռանկարում:Հաշվի առնելով այս գնանկումային ճնշումները՝ Չինաստանի Ժողովրդական բանկը պետք է թուլացնի իր դրամավարկային քաղաքականությունը եւ գնաճի թիրախը սահմանի 3-4%: Բանկը պետք է ավելի մեծ շեշտ դնի տոկոսադրույքների վրա՝ որպես կարճաժամկետ մակրոտնտեսական գործիք, այլ ոչ ֆինանսական ռեսուրսներն ուղղի կոնկրետ ճյուղեր եւ ընկերություններ:Ենթակառուցվածքային ներդրումները մնում են կառավարության ամենաարդյունավետ գործիքը տնտեսությունը խթանելու համար, երբ պահանջարկը փոքր է։ Եթե կառավարությունը դժվարությունների հանդիպի պետական պարտատոմսերի թողարկման միջոցով ենթակառուցվածքային ներդրումների ֆինանսավորելու հարցում, Ժողովրդական բանկը կարող է իրականացնել քանակական մեղմացման իր սեփական տարբերակը եւ գնել պետական պարտքը բաց շուկայում:Հակառակ որոշ տնտեսագետների պնդումների, Չինաստանը չի պայքարում ենթակառուցվածքի չափազանց մեծ ներդրումների դեմ: Իրականում երկիրը դեռեւս ունի ենթակառուցվածքային մեծ բաց, որը պետք է փակի, հատկապես այնպիսի կարեւոր ոլորտներում, ինչպիսիք են առողջապահությունը, տարեցների խնամքը, կրթությունը, գիտական հետազոտությունները, քաղաքաշինությունը եւ տրանսպորտը: Չինաստանի հանրային կառույցները չեն համապատասխանում զարգացած երկրների ստանդարտներին եւ նույնիսկ հետ են մնում որոշ զարգացող տնտեսություններից:Անշուշտ, ենթակառուցվածքային ներդրումը հաճախ ոչ շահութաբեր է եւ դրամական զգալի հոսքեր չի առաջացնում, այդ պատճառով նման ներդրումները պետք է ֆինանսավորվեն ուղղակիորեն պետական բյուջեից: Բայց որպեսզի Չինաստանը բավարարի իր ենթակառուցվածքի կարիքները, քաղաքականություն մշակողները պետք է ներդրումներ կատարեն արդյունավետ, բարձրորակ նախագծերում: Լուսանկարը՝ REUTERS Չինաստանի որոշումը՝ 2023 թվականին լրացուցիչ 137 միլիարդ դոլարի պետական պարտատոմսեր թողարկելու մասին նշանակալի քաղաքական փոփոխություն է: Թույլ տալով, որ բյուջեի դեֆիցիտ/ՀՆԱ հարաբերակցությունը 3%-ից հասնի 3,8%-ի՝ Չինաստանի կառավարությունն ազդարարեց, որ այլեւս չի կարող սահմանափակել տարեկան բյուջեի դեֆիցիտը եւ պետական պարտքը համապատասխանաբար ՀՆԱ-ի 3%-ով եւ 60%-ով (ըստ Եվրամիության Մաստրիխտի պայմանագրի մոդելի):Թեեւ 2024 թվականին կառավարության առաջնահերթությունը տնտեսական աճի խթանումն ու տնտեսական վստահության վերականգնումն է, Չինաստանը պետք է նաեւ հաղթահարի տեղական իշխանությունների մեծ պարտքերը եւ անշարժ գույքի ոլորտում շարունակվող իրացվելիության ճգնաժամը, որը հակառակ դեպքում կարող է վերածվել լիակատար պարտքային ճգնաժամի: Բարեբախտաբար, Չինաստանի կառավարությունն ունի ֆինանսական ռեսուրսներ, որոնք անհրաժեշտ են այս մարտահրավերներին առերեսվելու համար: Իրականացնելով էքսպանսիոնիստական հարկաբյուջետային եւ դրամավարկային քաղաքականություն եւ բովանդակալից բարեփոխումներ առաջ մղելով՝ Չինաստանը 2024 թվականին լավ հնարավորություն կունենա հաղթահարելու իր տասնամյա տնտեսական դանդաղումը եւ պահպանելու կայուն աճը գալիք տարիներին:Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի Project Syndicate-ի հոդվածները Banks.am կայքում թարգմանաբար ներկայացվում են «Կուբ Ինվեսթ» ներդրումային ընկերության գործընկերությամբ: Copyright: Project Syndicate, 2023.www.project-syndicate.org Tweet Դիտում՝ 1861