Հանքարդյունաբերությունը, կայուն զարգացումը եւ պետական մոտեցումը

23.11.2022 | 16:09 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (ԶՊՄԿ) նոյեմբերի 22-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում (ՀԱՊՀ) «Հանքարդյունաբերություն, կայուն զարգացում, ներդրումներ» խորագրով կոնֆերանս էր կազմակերպել՝ ձեռնարկության 70 ամյակի առիթով: Կոնֆերանսի ընթացքում ներկայացվեց ԶՊՄԿ Կայուն զարգացման առաջին զեկույցը:

Banks.am-ը ներկայացնում է հատվածներ կոնֆերանսի մասնակիցների ելույթներից:

Կայուն զարգացման ռազմավարությունը

Ռոման Խուդոլի, ԶՊՄԿ գլխավոր տնօրեն, Գեոպրոմայնինգ ընկերությունների խմբի նախագահ

Հանքարդյունաբերությունը տնտեսության ամենաողնաշարային ճյուղերից է եւ դրան բաժին է ընկնում Հայաստանի արտահանման միջինը 40%-ը։ Այս տարվա 9 ամիսների արդյունքներով արդյունաբերությունն ապահովել է բյուջեի եկամուտների մոտ 20%-ը։ Առաջին 9 ամիսների տվյալներով՝ ԶՊՄԿ-ն բյուջե է փոխանցել 130 մլրդ դրամ եւ ակնկալում ենք, որ մինչեւ տարեվերջ այդ ցուցանիշը կգերազանցի 150 մլրդ դրամը:

Ռոման Խուդոլին


Հայաստանը մեծ ներուժ ունի այս ոլորտի զարգացման համար: Աշխարհում վերականգնվող էներգիային անցնելու պատճառով որոշ մետաղների, մասնավորապես՝ պղնձի նկատմամբ պահանջարկը մի քանի անգամ կաճի։ Սա նոր հնարավորություններ կբացի ոլորտի համար: Միեւնույն ժամանակ՝ մեծ պատասխանատվություն կսահմանի, քանի որ կարեւոր է ոչ միայն արտադրել, այլեւ պատասխանատու կերպով անել դա:

ԶՊՄԿ-ն իր առջեւ խնդիր է դրել հետեւել միջազգային պրակտիկայի լավագույն օրինակներին։ Մեր գործունեության ընթացքում հատուկ ուշադրություն ենք դարձնում պատշաճ կառավարմանը, կայուն եւ կառուցողական արդյունաբերական հարաբերությունների պահպանմանը եւ լրջորեն վերաբերվում բնապահպանական եւ սոցիալական խնդիրներին:

Գնել Սանոսյան, ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար

ԶՊՄԿ-ն իսկապես հզոր համակարգ է, մեր երկրի տնտեսության մեջ կարեւոր դերակատարում ունեցող: Կոմբինատում տարեցտարի ներդրվում են լավագույն տեխնոլոգիաներն ու փորձը: Կարեւոր է առաջ եկող բնապահպանական խնդիրները հաշվի առնելը, որը, կարծում եմ, հետեւողականորեն արվում է ղեկավարության կողմից:

Գնել Սանոսյանը


Շատ կարեւոր է նաեւ սոցիալական ոլորտի հետ կապված տարվող աշխատանքները, աշխատատեղերից սկսած՝ մինչեւ ամենատարբեր սոցիալական ծրագրեր:

Արմեն Ստեփանյան, ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրեն

Կարեւոր է հանքարդյունաբերության ոլորտում կարողությունների բացահայտումը` թե՛ ֆինանսական, թե՛ մարդկային: Կարող ենք ունենալ նպատակներ, բայց չունենալ համապատասխան կարողություններ դրանց հասնելու համար: Կարող են նաեւ ֆինանսական մեծ հնարավորություններ լինել, սակայն կարեւոր է ոլորտները ճիշտ հասցեագրելու փորձառությունը եւ խնդիրներին թիրախային ճիշտ լուծումներ տալու կարողությունը:

Արմեն Ստեփանյանը


Պետք է այնպես շահագործենք մեր ռեսուրսները, որ ապագա սերունդներին ապրելու համար բարենպաստ միջավայր թողնենք, ստեղծենք այնպիսի տնտեսություն, որը կախված չլինի բացառապես հանքարդյունաբերությունից:

Պետության մոտեցումը եւ հանրության հետ երկխոսությունը

Բաբկեն Թունյան, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ

Պետությունն ունի հստակ քաղաքականություն եւ վերաբերմունք հանքարդյունաբերության ոլորտի նկատմամբ: Սակայն պետք է ընդունենք, որ սա այն ոլորտն է, որտեղ հանրային ընկալումները մեկ ծայրահեղությունից մյուսն են տատանվում: Ոմանք գտնում են, որ Հայաստանին հանքարդյունաբերություն պետք չէ, ոմանք էլ համոզված են, որ պետք է ավելացնել ծավալները:

Մենք գտնում ենք, որ Հայաստանի համար հանքարդյունաբերությունն անհրաժեշտություն է, բայց այն պետք է պատասխանատու լինի: Այսինքն՝ ընդերքը պետք է այնպես շահագործել, որ շրջակա միջավայրի վրա ազդեցությունը նվազագույնի հասցվի: Չի լինում այնպես, որ շրջակա միջավայրը չտուժի, բայց կան միջազգային ստանդարտներ, թույլատրելի նորմեր, որոնց պետք է հետեւել եւ ճիշտ վերահսկողություն սահմանել: Կարծում եմ, որ վերջին շրջանում այդ ճանապարհով գնում ենք առաջ:

Բաբկեն Թունյանը


Ընդերքը, ի վերջո, պատկանում է ժողովրդին եւ ընդերքի հարստությունը, որը դառնում է փող, կապիտալ, պետք է հնարավորինս արդարացի վերաբաշխվի մեր երկրի, հասարակության մեջ:

Հայկ Ակարմազյան, Կայուն զարգացման եւ բնապահպանական ծրագրերի խորհրդատու, ՀԱՊՀ դոցենտ

Այսօր ընտրության առաջ ենք՝ կամ պետք է համակերպվենք, որ հանքարդյունաբերական ձեռնարկությունները չեն կարող չունենալ արտանետումներ, բնապահպանական ռիսկեր, կամ պետք է հրաժարվենք հանքարդյունաբերությունից: Կարծում եմ, որ մեր երկրի պարագայում ակնհայտ է, որ հրաժարվելը խելամիտ չէ:

Հայկ Ակարմազյանը, Լուսինե Թովմասյանը եւ Վահրամ Ավագյանը


Մեզ մնում է մեկ ճանապարհ՝ հանքարդյունաբերությունը դարձնել ավելի պատասխանատու: Ուրախ եմ, որ խոշոր ընկերությունը հրապարակային կերպով հայտարարում է, որ հավատարիմ է լինելու պատասխանատու հանքարդյունաբերության սկզբունքներին:

Վահրամ Ավագյան, «Լիճքվազ» ՍՊԸ կայուն զարգացման գծով տնօրեն

Հանրության հետ երկխոսությունը ազգային օրենսդրության որոշ մեխանիզմներով պարտադրված է տնտեսվարողներին: Իսկ միջազգային չափորոշիչները, որոնք որոշ ընկերությունների պրակտիկայում կիրառվում են, հանրության հետ ավելի սերտ երկխոսություն են պարտադրում, օրինակ, սահմանելով շահագրգիռ կողմերի հետ հանդիպումների նվազագույն պարբերականություն:

Թերևս, խնդիր ունենք տեսանելի հեռանկարում պետական ինստիտուտների նկատմամբ հանրային վստահությունը վերականգնելու, ձեւավորելու, որի պակասը հանգեցրեց տնտեսական մեծ ներուժ ունեցող ծրագրի կասեցմանը (խոսքը Ամուլսարի ծրագրի մասին է-խմբ.):

Լուսինե Թովմասյան, Հայաստանի Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) քարտուղար

Խնդիրը շատ ավելի բարդ է, քան մենք պատկերացնում ենք, քանի որ հանրության վստահությունը վերականգնելը շատ բարդ գործ է, իսկ այն, որ մենք հանքարդյունաբերության ոլորտում ունենք որոշակի բացասական ժառանգություն, ակնհայտ է: Երկխոսության, հանրային ընկալման ձեւավորումը պետք է լինի ոչ թե ռեակտիվ, այլ ինտերակտիվ: Այսինքն՝ ե՛ւ մասնավոր հատվածը, ե՛ւ կառավարությունը շատ մեծ աշխատանք ունի կատարելու՝ խոսելու բնակչության հետ, թե իրենք ինչ օգուտներ են ստանում տվյալ գործունեությունից:

Պետական կառավարման մարմինները, ընկերությունները պետք է կարողանան ազդակիր համայնքների բնակիչների եւ հասարակության համար գտնել այն լեզուն, որը հասկանալի կլինի: Սրան պետք է նպաստեն նաեւ քաղաքացիական հասարակության կազմակերպությունները:

Կառավարության աշխատանքը եւ հարկային փոփոխությունները

Վարդան Ջհանյան, ԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ

Վերջին տարիներին կառավարության վերաբերմունքը մեր ոլորտի հանդեպ փոխվել է, հիմա ունենք լրիվ ուրիշ մոտեցում: Տեսնում ենք դրական փոփոխությունները, տեսնում ենք, որ մեզ լսում են, մեր բարձրացած խնդիրների վերաբերյալ քննարկումներ են կազմակերպվում: Խնդիրները հիմնականում դրական լուծում են ստանում, ոչ միայն ոլորտի, այլեւ տնտեսության զարգացման եւ երկրի կայացման համար:

Վարդան Ջհանյանը


Մոտենում ենք այն կետին, երբ գրեթե կատարյալ հարաբերություններ կլինեն հանքարդյունաբերության ոլորտի եւ կառավարության միջեւ:

Նարինե Թադեւոսյան, Երեւանում ՀԲ գրասենյակի ծրագրերի ավագ պատասխանատու

Համաշխարհային բանկի կողմից արված տարբեր հետազոտություններ ցույց են տալիս, որ հանքարդյունաբերության ոլորտում Հայաստանի հարկային բեռը միջին մակարդակի վրա է: Նոր փոփոխությունների գնահատական դեռեւս չկա, բայց կառավարության, միջազգային մեր գործընկերների կողմից տարբեր քննարկումների ժամանակ մատնանշվել է, որ կարող են տանել դեպի բարձր շեմ, ինչն էլ ազդեցություն կունենա ներդրումային գրավչության վրա: Սակայն միայն սա չէ, որ կարող է ազդել ներդրումային գրավչության վրա, այլ գործոններ եւս կան:

Եթե մի պահ դուրս գանք Հայաստանից եւ ընդհանուր նայենք, ապա հետագայում էներգակիրների վերափոխումը պահանջելու է շատ ինտենսիվ եւ մեծ քանակությամբ նոր հանքարդյունաբերություն: Հանքարդյունաբերական ռսուրսների պահանջարկը տարբեր գնահատականներով առաջիկա 30 տարվա ընթացքում աճելու է հարյուրապատիկ: Հայաստանին հիմա պետք է եղած ներուժը գնահատել՝ ապագայի ծրագրերը ճիշտ կազմելու համար:

Արփի Ջիլավյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Դիտում՝ 8462
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai