«Երեմյան Փրոջեքթսի» նոր ֆերման կամրապնդի ՀՀ պարենային անվտանգությունը

08.08.2022 | 15:35 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

«Երեմյան Փրոջեքթս» ընկերության Ջերմուկ քաղաքի տավարաբուծական ֆերմայում անսովոր իրարանցում է: Ֆերմա են այցելել ընկերության ղեկավարները, Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ), ՀՀ կառավարության ներկայացուցիչներն ու լրագրողները:



Օրերս կառավարության, ԵԱԶԲ-ի եւ «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունների խմբի մաս կազմող «Երեմյան ֆարմի» միջեւ համագործակցության հուշագիր է ստորագրվել, ըստ որի՝ Եվրասիական զարգացման բանկը 25 մլն դոլարի ներդրում է կատարելու, որով «Երեմյան ֆարմը» խոշոր տավարաբուծական եւ խոզաբուծական նոր ֆերմա է կառուցելու Լոռու մարզի Տաշիր համայնքում:



Մինչ այդ, Ջերմուկի ֆերմայում ներկաները ծանոթացել են տեղում կատարվող աշխատանքներին, կենդանիների պահման պայմաններին ու «Սերմից՝ սեղան» հայեցակարգին, որով ընկերությունը կերի որակը վերահսկում է սերմը ցանելու փուլից:

Հյուրերի այցից բացի, Ջերմուկի ֆերմայում այլ նշանակալի իրադարձություն էլ կա:  Գրասենյակային տարածքներից մեկում փակցված գրատախտակին գրված է. «օգոստոսի 5, 2022թ. ծնել է 12727 համարի անգուս կովը: Հորթը՝ 35 կգ, արու»:

Ինչպես աշխատակիցներն են ասում, յուրաքանչյուր կենդանու մասին տեղեկատվությունը ֆերմայում համակարգված է ու «պահվում է» կենդանու ականջին փակցված պիտակում:



«Երեմյան Փրոդաքթս». Ջերմուկի ֆերմայից՝ սպառողի սեղանին

2019 թվականին «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունը Ջերմուկում ստեղծեց միջազգային ստանդարտներին համապատասխան, ժամանակակից տեխնոլոգիաներով եւ սարքավորումներով հագեցած ֆերմա, որտեղ բուծվում են Եվրոպայից ներկրված մաքրացեղ ֆլեկվի, հոլշտեյն, անգուս եւ ջերսի տոհմային բարձրարժեք գենետիկայով կովեր:

Առաջին հայացքից, ֆերման հին ու բարի վեստերններն է հիշեցնում. գեղեցիկ բնապատկերներ, տարատեսակ գունավորումով կովեր, տարածքում վազվզող շներ: Միայն թե կովբոյների ու շերիֆների փոխարեն այստեղ պրոֆեսիոնալ անձնակազմ է, որը հետեւում է կենդանիների պահման պայմաններին ու բոլոր գործընթացներին, որպեսզի ֆերմայից ստացվող կաթնամթերքն ու մսամթերքը «Երեմյան Փրոդաքթս» պիտակով հասնի սպառողի սեղանին:



Ընկերության «Երեմյան Փրոդաքթս» նախագիծը մեկնարկեց 2020թ. գարնանը՝ կորոնավիրուսի համավարակի պայմաններում: Այսօր «Երեմյան Փրոդաքթս» ապրանքանիշը ներկայանում է մսամթերքի եւ կաթնամթերքի տեսականիով՝ մաքուր կաթ, թթվասեր, մածուն, կաթնաշոռ, կարագ, ռեժան, բնական մրգային ըմպելի յոգուրտներ, թան, ինչպես նաեւ պանրի տեսականի՝ լոռի, սուլուգունի, մոցարելլա, ռիկոտտա, բուրրատա։



Ջերմուկի ֆերմայում կենդանիներին խնամում են հիգիենայի պահանջներին համապատասխան. իրականացվում է կանոնավոր ախտահանում, կիրառվում են ջրամատակարարման ավտոմատ սարքեր, հանգստի ռետինե ներքնակներ, ավտոմատ քորիչներ, ֆիլտրեր, օդափոխության համակարգ, գոմաղբի ավտոմատ հեռացման քերիչներ:



Ֆերման ունի ամբողջությամբ մեքենայացված կիթի սրահ, որից կաթը փակ ցիկլով եւ հատուկ ֆիլտրացիա անցնելով՝ հոսում է սառնարան, ապա հատուկ մեքենայով տեղափոխվում Երեւանի «Արցախ» գործարանի կաթի վերամշակման արտադրամաս: Այստեղ կաթն անցնում է լաբորատոր մի շարք հետազոտություններ եւ անհրաժեշտ մշակումներ՝ պաստերիզացումից մինչեւ փաթեթավորում:



«Երեմյան Փրոջեքթսն» առանձնահատուկ ուշադրություն է դարձնում կենդանիների ճիշտ կերակրմանը: Այս նպատակով ընկերությունը մշակել է «Սերմից՝ սեղան» հայեցակարգն ու ֆերմայի համար անհրաժեշտ կերն արտադրում է ինքնուրույն:



«Ունեինք որակյալ կերի պահանջակ ու չգտնելով այն՝ որոշեցինք արտադրել սեփականը: Այսօր աշխատում ենք արտերկրի մեր գործընկերների հետ, որոնք մեզ համար մշակում են կերակրման ճիշտ բաղադրատոմսեր, նշելով՝ երբ է պետք քաղել խոտը, ինչ հատիկավոր կերեր է պետք խառնել իրար», - ասում է «Երեմյան Փրոջեքթս» ընկերության ղեկավար Դավիթ Երեմյանը:

Կերի ստացման համար ընկերությունն Արմավիրի մարզում ձեռք է բերել սեփական հողատարածքներ, որտեղ  մասնագետները ցանում են սերմը, աճեցնում են առվույտ եւ եգիպտացորեն, ստանում որակյալ ու բարձր սննդարարությամբ կերեր: Գործընթացն ամբողջացնելու համար Արարատի մարզում հիմնվել է կերաղաց, որտեղ տարբեր հատիկային կերերի՝ ցորենի, գարու, եգիպտացորենի, սոյայի եւ արեւածաղկի քուսպի համապատասխան չափաբաժիններով խառնուրդից ստանում են ճիշտ բալանսավորված կեր:

Ֆերմայում մասնագետներն ամեն օր հետեւում են կենդանիների առողջական վիճակին, մթերատվությանն ու ըստ այդմ, հարկ եղած դեպքում, որոշակի փոփոխություններ կատարում կերի ռացիոնում։ Ֆերմայում կերակրման գործընթացն ավտոմատացված է։



Նոր ֆերման՝ անասնապահական խոշորագույն նախագիծ Հայաստանում

Օգոստոսի 5-ին Եվրասիական զարգացման բանկի, ՀՀ կառավարության ու «Երեմյան ֆարմի» միջեւ ստորագրված համագործակցության հուշագրով՝ «Երեմյան ֆարմ»-ին տրամադրվելու է 25 մլն դոլար՝ Լոռու մարզի Տաշիր համայնքում էլ ավելի խոշոր տավարաբուծական ու խոզաբուծական ֆերմա կառուցելու համար:

ԵԱԶԲ  խորհրդի նախագահ Նիկոլայ Պոդգուզովն ասում է՝ որոշումը կայացվել է տեսնելով «Երեմյան Փրոջեքթս» ընկերության պրոֆեսիոնալիզմը ոլորտում:

«Ընկերությունը դրսեւորում է բարձրագույն պրոֆեսիոնալիզմ, կիրառում է ժամանակակից տեխնոլոգիաներ: Սա համապատասխանում է պարենային անվտանգության ապահովման այսօրվա մեր մարտահրավերներին: Հաճույքով ենք ֆինանսավորում նախագիծը, քանի որ այն լրջորեն ամրապնդում է Հայաստանի պարենային անվտանգությունը», - ասում է Նիկոլայ Պոդգուզովը:

«Երեմյան Փրոջեքթսի» Ջերմուկի ֆերմա այցելության ընթացքում տեղի է ունեցել Տաշիրում կառուցվելիք նոր ֆերմայի հիմնարկեքը:

Նիկոլայ Պոդգուզովը եւ Դավիթ Երեմյանը


Ծրագրով նախատեսվում է Տաշիր համայնքում կառուցվել 29 հեկտար մակերեսով խոշոր անասնապահական համալիր, որը ներառելու է 1200 գլուխ խոշոր եղջերավոր կենդանիների եւ 580 գլուխ մայրացու խոզերի համար նախատեսված ֆերմաներ, սպանդանոց, կերախառնուրդի պահեստ, կերային կուլտուրաների աճեցման համար նախատեսված հողատարածք, գյուղատնտեսական մեքենաների կայանատեղի։ Այսինքն, ի տարբերություն Ջերմուկի ֆերմայի, Տաշիրում բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքնները՝ կերային կուլտուրաների աճեցումը, կերաղացը, գործելու են տեղում:

Ֆերմայում նախատեսվում է բուծել Եվրոպայից ներկրված կանադական մաքրացեղ խոզատեսակներ՝ լանդրաս, յորկշիր, դյուրոկ: Տարեկան նախատեսվում է ստանալ 700 տոննայից ավելի տեղական բարձորակ միս։

«Ինչ վերաբերում է նոր տավարաբուծարանին, ունենոլու ենք 1200 կաթնատու անասուն եւ ակնկալում ենք օրական 30 տոննայից ավեի բարձրորակ կաթ ստանալ: Մենք շեշտադրում ենք հատկապես տավարաբուծությունն ու կաթնարտադրությունը, որովհետեւ Հայաստանում այս ուղղությամբ խնդիր կա», - ասում է Դավիթ Երեմյանը:

Նրա խոսքով՝ ֆերմայում կիրառվելու են նորագույն տեխնոլոգիաներ, ինչը թույլ կտա աշխատանքն առավել արդյունավետ դարձնել. «Հույս ունեմ՝ այս մոդելը վարակիչ կլինի մեր մյուս ֆերմերների համար»:

Ծրագրի ընդհանուր արժեքը 31 մլն դոլար է: Ֆերմայի կառուցման արդյունքում նախատեսվում է ստեղծել մոտ 300 աշխատատեղ, ավելացնել կաթի տարեկան արտադրությունը մինչեւ 11 հազար տոննա, այսինքն՝ տարեկան լրացուցիչ 1,6%-ով։



Դավիթ Երեմյանը նշում է՝ արտահանման մասին դեռեւս չեն մտածում, որովհետեւ ներքին շուկայում որակյալ կաթի մեծ պահանջարկ կա.

«Այս ծրագիրն աննախադեպ է ինչպես «Երեմյան Փրոջեքթսի», այնպես էլ՝ ՀՀ անասնապահության ոլորտի համար: Մեծ պատասխանատվություն ենք ստանձնում Հայաստանում ժամանակակից անասնաբուծության եւ կաթնամթերքի արտադրության նոր մշակույթ զարգացնելու գործում: Հույս ունեմ՝ կարճ ժամանակում կտեսնեք արդյունքներն ու կապացուցենք, որ Հայաստանում հնարավոր է ունենալ մրցակցային անասնապահություն եւ կաթնարտադրություն»:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշում է՝ Տաշիրում կառուցվելիք նոր ֆերման Հայաստանի անասնապահական ոլորտի խոշորագույն նախագծերից է.  

«Այս ծրագիրը շատ մեծ ազդեցություն է ունենալու գյուղատնտեսության արտադրողականության բարձրացման, գյուղատնտեսական ապրանքների որակի բարձրացման վրա: Այն նոր նշաձող է սահմանելու գյուղատնտեսության ու գյուղատնտեսական ստանդարտների մեջ»:

Յանա Շախրամանյան  

Դիտում՝ 44282
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai