Արկադի Փինաչյան. Աճող ցուցանիշներ՝ խիստ մրցակցային պայմաններում

03.07.2019 | 09:28 Գլխավոր էջ / Նորություններ / Հարցազրույցներ /
#Արկադի Փինաչյան #Արմսվիսբանկ
Banks.am- ը զրուցել է Արմսվիսբանկի տնօրինության անդամ, գործադիր տնօրենի տեղակալ-բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Արկադի Փինաչյանի հետ

- Պրն Փինաչյան, Արմսվիսբանկը 2018-ին աճ է արձանագրել բոլոր հիմնական ֆինանսական ցուցանիշների ուղղությամբ: Որո՞նք եք եղել այդ աճի հիմնական շարժիչները, եւ կարո՞ղ ենք ասել, որ բանկին հաջողվել է կատարել ավելի վաղ նախանշած բոլոր խնդիրները:
 
- Արմսվիսբանկի հիմնական ֆինանսական ցուցանիշները 2018-ին, իսկապես, զգալի աճ են արձանագրել, եւ այս աճն ավելի խոսուն է, քանի որ գրանցվել է խիստ մրցակցային միջավայրում:

Բանկի ակտիվները 2018-ին աճել են շուրջ 42%-ով, իսկ սեփական կապիտալը՝ 15%-ով: Պահպանելով կայուն աճի միտումը՝ զուտ շահույթը կազմել է ավելի քան 5 մլրդ դրամ, որը բանկի գործունեության ամբողջ պատմության ընթացքում աննախադեպ է: Ընդ որում, զուտ շահույթը գերազանցում է նախորդ տարվա նույն ցուցանիշը շուրջ 37%-ով: Ակտիվների եւ կապիտալի շահութաբերության գծով (ROA եւ ROE) բանկը պահպանել է բանկային համակարգում իր առաջատար դիրքերը (համապատասխանաբար՝ 2,2% եւ 11,8%):

Բանկը պահպանել է նաեւ «մեկ աշխատակցին բաժին ընկնող հասույթ» եւ «մեկ աշխատակցին բաժին ընկնող շահույթ» որակական ցուցանիշների ուղղությամբ իր առաջատար դիրքերը, որոնք 2018-ին կազմել են 152,6 եւ 46,9 մլն դրամ՝ աճելով համապատասխանաբար 17,2%-ով եւ 19,3%-ով:

Նման աճի հիմնական խթանները բխում են բանկի որդեգրած ռազմավարու¬թյունից, մոտեցումներից եւ մշակված ծրագրերից: Անշուշտ, նման արդյունքների ստացման գործում մեծ են բանկի կառավարման մարմինների եւ աշխատակազմի ցուցաբերած ջանքերը:

- Ինչպիսի՞ դինամիկա է գրանցվել բանկի վարկային պորտֆելում: Որո՞նք են վարկավորման ամենաշահութաբեր եւ որո՞նք՝ ամենահեռանկարային ուղղությունները:

- 2018-ի վերջի դրությամբ վարկային պորտֆելը (այդ թվում՝ ֆակտորինգի պորտֆելը) կազմել է 74,6 մլրդ դրամ, որը նախորդ տարվա նույն ցուցանիշի համեմատությամբ աճել է շուրջ 18,3%-ով: Վարկային պորտֆելում հիմնականում ընդգրկված են կապիտալ ներդրումների, էներգաարդյունավետության բարձրացման, շրջանառու միջոցների համալրման, առեւտրի ֆինանսավորման նպատակով հաճախորդներին տրամադրված վարկային գործիքները: Բացի այդ, վարկային պորտֆելում ընդգրկված են բանկի կողմից իրականացրած նախագծային ֆինանսավորումները եւ հիփոթեքային վարկերը:

Բանկի համար վարկավորման կարեւոր ռազմավարական ուղղություններից են նաեւ ֆակտորինգային ծառայությունները, որոնց պորտֆելը 2018-ի վերջում կազմել է 3,2 մլրդ դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է շուրջ 73%-ով:

Կցանկանայի անդրադառնալ երկու կարեւոր իրադարձությունների: Առաջին, առեւտրի ֆինանսավորման ոլորտում գրանցած արդյունքներով՝ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի կողմից բանկն արժանացել է «2018թ. ամենաակտիվ թողարկող բանկը Հայաստանում» պատվավոր մրցանակին: 2018-ին ՎԶԵԲ-ը $3 մլն-ով ավելացրել է առեւտրի ֆինանսավորման վերա¬կանգնվող վարկային գծի սահմանաչափը՝ հասցնելով $12 մլն-ի. ներկայում այն արդեն կազմում է $15 մլն:


Բացի այդ, 2018-ը բանկի համար հատկանշական էր «կանաչ» վարկավորման ոլորտում իրականացրած ծրագրերի մասով: Բանկը ֆինանսավորել է 8 արեւային կայանների տեղադրման նախագծեր: Այդ ոլորտում ֆինանսավորման ծավալների կտրուկ աճ է գրանցվել 2019-ի առաջին կիսամյակում. մասնավորապես՝ բանկն արդեն ֆինանսավորել է ավելի քան 30 նման նախագծեր, որոնց ընդհանուր դրվածքային հզորությունը կազմել է շուրջ 8 ՄՎտ: Կայանները տեղադրվել են իրավաբանական անձանց կողմից` հիմնականում սեփական կարիքների համար սպառվող էլեկտրաէներգիայի արտադրության նպատակով: Ներկայում առկա է ֆինանսա¬վոր¬ման չափազանց մեծ պահանջարկ:

Այս ակտիվությունը պայմանավորված է նաեւ բանկի կողմից առաջարկվող երկարաժամկետ եւ մատչելի վարկավորման պայմաններով, որոնք հնարավոր է եղել ապահովել վերականգնվող էներգիայի եւ էներգաարդյունավետության խթանման հատուկ ծրագրերի շրջանակում ՎԶԵԲ-ի եւ Գերմանահայկական հիմնադրամի հետ ակտիվ համագործակցության շնորհիվ։


Ամփոփելով՝ նշեմ, որ բանկը ներկայում Հայաստանում «կանաչ» վարկավորում իրականացնող առաջատար բանկերից մեկն է եւ հաճախորդների համար առաջարկում է ճկուն եւ հարմարավետ պայմաններ՝ հաճախ չպահանջելով լրացուցիչ գույքային ապահովություն, իսկ որոշ դեպքերում ֆինանսավորումն իրականացվում է առանց կանխավճարի։

- 2018-ի օգոստոսին հայտարարեցիք հիփոթեքային վարկերի տոկոսադրույքների իջեցման մասին: Հաշվի առնելով հանգամանքը, որ հիփոթեքային վարկերի նկատմամբ պահանջարկը բնակչության շրջանում օրեցօր ավելանում է, կարո՞ղ ենք ակնկալել, որ Արմսվիսբանկն առաջիկայում հանդես կգա հիփոթեքային վարկավորման նոր առաջարկներով:

- Մասնագիտացված չլինելով մանրածախ բանկային ծառայությունների շուկայում՝ բանկն առանձնակի հետաքրքրություն է ցուցաբերում հիփոթեքային վարկավորման ոլորտում, որտեղ տարիներ շարունակ արձանագրել է կայուն աճ: 2018թ. վերջին հիփոթեքային վարկերի պորտֆելը կազմել է շուրջ 8 մլրդ դրամ՝ նախորդ տարվա համեմատությամբ աճելով շուրջ 25%-ով:

Հիփոթեքային վարկավորման շրջանակում բանկը համագործակցում է «Ազգային հիփոթեքային ընկերություն» եւ «Բնակարան երիտասարդներին» ՎՎԿ-ների հետ: Բացի այդ, բանկը հաճախորդներին առաջարկում է սեփական ռեսուրսներով հիփոթեքային վարկեր:

Ինչպես նկատեցիք, բանկը 2018-ին վերանայել է հիփոթեքային վարկերի տոկոսադրույքները: Պետք է ընդգծեմ, որ մեզ մոտ այդ աշխատանքները կրում են մշտական բնույթ, եւ, շուկայի միտումներին համահունչ, բանկն անընդհատ հանդես գալիս է նոր առաջարկներով՝ բարելավելով տոկոսադրույքները եւ վարկավորման մյուս էական պայմանները:

2018-ից բանկն առաջարկում է մինչեւ 20 տարի մարման ժամկետով հիփոթեքային վարկեր: Բացի այդ, բարելավվել է որոշ հիփոթեքային վարկերի վարկավորման առավելագույն սահմանաչափը՝ 70%-ից բարձրացվելով մինչեւ 80%: Բացի այդ, այն հաճախորդները, որոնք չունեն բավարար չափով կանխավճար, այժմ ծրագրային վարկերի շրջանակում կարող են այդ մասով ապահովագրել իրենց ռիսկերը:

Բանկը 2018-ից սկսել է տրամադրել նաեւ փոփոխական տոկոսադրույքով հիփոթեքային վարկեր:

- Ձեր գործունեության կարեւորագույն մասն են կազմում ներդրումային ծառայությունները: Ինչպիսի՞ն էր տարին ներդրումային գործունեության տեսանկյունից:

- Բնականաբար, ներդրումային ծառայությունների մատուցումը բանկի ռազմավարական հիմնական ուղղություններից է, եւ այս ուղղությամբ նույնպես բանկը գրանցել է դրական արդյունքներ:

2018-ի վերջին բանկի արժեթղթերի պորտֆելը կազմել է ավելի քան 131 մլրդ դրամ, որի գերակշիռ մասը պետական պարտատոմսեր են: Արժեթղթերի պորտֆելն աճել է նախորդ տարեվերջի նույն ցուցանիշի համեմատությամբ շուրջ 59%-ով, որը բանկային համակարգում ամենաբարձր ցուցանիշն է:

2018-ին բանկը, ֆինանսական շուկայից միջոցների ներգրավման նպատակով, իրականացրել է սեփական պարտատոմսերի 3 թողարկում՝ ընդհանուր $16 մլն եւ 3 մլրդ դրամ ծավալներով, որոնք 2018-ի վերջին ցուցակված են եղել Հայաստանի ֆոնդային բորսայում: 2019-ին բանկն իրականացրել է պարտատոմսերի եւս 3 տեղաբաշխում` համապատասխանաբար 3 մլրդ դրամ, $5 մլն եւ €3 մլն ծավալներով:


Պետք է արձանագրեմ, որ ներկայում առեւտրային բանկերի մեծ մասն ակտիվ գործունեություն է ծավալում պարտատոմսերի շուկայում՝ տեղաբաշխելով սեփական պարտատոմսերը: Արմսվիսբանկը նաեւ բավական ակտիվ է պարտատոմսերի երկրորդային շուկայի իրացվելիության կազմակերպման ծառայությունների ոլորտում: Ներկա պահին բանկն ապահովում է ֆոնդային բորսայում այլ ընկերությունների, այդ թվում՝ բանկերի, 12 թողարկման կորպորատիվ արժեթղթերի ամենօրյա երկկողմանի գնանշումներ (market making):  

2018-ին Արմսվիսբանկն առաջին անգամ Հայաստանի բանկային համակարգում, ՎԶԵԲ-ի հետ համատեղ եւ Frontclear կազմակերպության երաշխավորությամբ, կնքել է պետական պարտատոմսերով 2,3 մլրդ դրամ ծավալով ռեպո պայմանագիր: Նշված գործարքն իրականացվել է Կապիտալի շուկաների միջազգային ասոցիացիայի (ICMA) կողմից ընդունված եւ միջազգային ֆինանսական շուկաներում արժեթղթերով ռեպո գործարքների կնքման գործընթացը կարգավորող Գլոբալ գլխավոր ռեպո համաձայնագրի (GMRA) շրջանակում:

Այս ուղղությամբ նույնպես առկա են նոր զարգացումներ. Գլոբալ գլխավոր ռեպո համաձայնագրի (GMRA) շրջանակում 2019-ի հունվարի դրությամբ արդեն կնքվել է 6,6 մլրդ դրամի ռեպո գործարք: Այդ պատճառով Frontclear կազմակերպության կողմից բանկն արժանացել է հատուկ մրցանակի:
 

- Մրցանակներ՝ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկից, Հայաստանի ֆոնդային բորսայից եւ Կենտրոնական դեպոզիտարիայից, որոնք նաեւ «պարտավորեցնում» են չիջեցնել նշաձողը. դժվար չէ՞ մշտապես պահպանել որակն ու ավելի հեռուն գնալ:

- Իսկապես, 2018-ի գործունեության արդյունքներով բանկն արժանացել է մի շարք մրցանակների, այդ թվում՝ Հայաստանում «Կանաչ տնտեսությունների ֆինանսավորման» նոր ծրագրի պաշտոնական մեկնարկին նվիրված միջոցառման շրջանակում «Փոփոխության գործակալ» անվանակարգում սննդի ոլորտում «կանաչ» ներդրումների աջակցության համար արժանացած ՎԶԵԲ-ի մրցանակի, բանկը ճանաչվել է աշխարհի 200 երկրում ավելի քան 47 000 բաժանորդ ունեցող Global Banking&Finance Review հեղինակավոր ամսագրի կողմից 2018-ի Հայաստանի առեւտրի ֆինանսավորման լավագույն բանկ, արժանացել «AMX բորսայի անդամ 2019» մրցանակաբաշխության «Կորպորատիվ արժեթղթերի շուկայում բորսայի անդամ 2019» եւ «Կարգավորվող շուկայի հաշվարկային համակարգի անդամ 2019» մրցանակներին:

Նշված մրցանակները բանկի գործունեության իրական գնահատման առումով ավելի նշանակալի են, ինչը, անշուշտ, բանկի կառավարման մարմինների եւ բանկի աշխատակազմի համար ոգեւորիչ են եւ, միաժամանակ, պարտավորեցնող՝ հետագա աշխատանքներում ավելի բարձր նշաձող սահմանելու եւ դրան հասնելու համար:

- Ինչպիսի՞ն է ֆինանսական ցուցանիշների դինամիկան ընթացիկ տարում: Որքանո՞վ է հաջողվում բանկին հասնել իր նախանշած թիրախներին:

- Ուրախությամբ պետք է փաստեմ, որ 2019-ի առաջին կիսամյակի ֆինանսական ցուցանիշները նույնպես դրական են եւ զարգանում են մեր պլանավորած սցենարներին համապատասխան՝ առաջանցիկ տեմպերով:

Ընթացիկ տարվա համար պլանավորել ենք աճ հիմնական ծառայությունների գծով: Բանկը կշարունակի ակտիվ դերակատարում ունենալ պետական պարտատոմսերի շուկայում՝ հանդիսանալով պետական պարտատոմսերի շուկայի գործակալ, եւ կորպորատիվ արժեթղթերի շուկայում՝ առաջարկելով ներդրումային ծառայությունների լայն փաթեթ: Վարկային ծրագրերի մասով կընդգծեի ՓՄՁ վարկավորման, առեւտրի ֆինանսավորման ծրագրերի եւ էներգաարդյունավետության ու վերականգնվող էներգիայի զարգացման հեռանկարները:

2019-ին բանկը ՎԶԵԲ-ի հետ կնքել է ՓՄՁ եւ GCF-GEFF Armenia էներգաարդյունավետության ծրագրերի շրջանակում վարկավորման 2 նոր պայմանագիր՝ ընդհանուր €10 մլն եվրո գումարի չափով: Ներկայում բանկը բանակցություններ է վարում որոշ ֆինանսական կառույցների հետ՝ վարկավորման նոր պայմանագրեր կնքելու ակնկալիքով:
 
Մենք ձգտում ենք անընդհատ բարելավել մեր կողմից առաջարկվող պրոդուկտների պայմանները, բարձրացնել հաճախորդների սպասարկման եւ ծառայությունների որակը, ինչպես նաեւ ներգրավել մատչելի ֆինանսական ռեսուրսներ ու մշակել նոր պրոդուկտներ:

Արկադի Փինաչյանի հետ զրուցել է Սիրանուշ Սիմոնյանը
Դիտում՝ 12901
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW