Արա Մակարյան. «Կանաչ» վարկավորումն Արմսվիսբանկի առաջնահերթություններից է

20.06.2019 | 09:36 Գլխավոր էջ / Նորություններ / Հարցազրույցներ /
#Արա Մակարյան #Արմսվիսբանկ
Banks.am-ը զրուցել է Արմսվիսբանկի Վարկավորման դեպարտամենտի տնօրենի տեղակալ, Նախագծերի ֆինանսավորման բաժնի պետ Արա Մակարյանի հետ:

- Այլընտրանքային էներգետիկան վերջին տարիներին լայն կիրառություն է ստանում աշխարհում՝ ներառելով նաեւ Հայաստանը: Զուգահեռաբար ակտիվանում է նաեւ դրա ֆինանսավորման ոլորտը: Ինչպիսի՞ն է ներկայում պահանջարկն այս ֆինանսական միջոցների, մասնավորապես՝ Արմսվիսբանկի առաջարկած «կանաչ» վարկավորման նկատմամբ:

- Արմսվիսբանկի համար վերականգնվող էներգիայի եւ, ընդհանրապես, էներգետիկ ոլորտի ֆինանսավորումը ռազմավարական բիզնես ուղղություններից է, եւ այդ ոլորտում բանկը ֆինանսավորում սկսել է իրականացնել դեռեւս 2006-ից՝ փոքր հիդրոէլեկտրակայանների նախագծերի ֆինանսավորմամբ։ Վերջին երկու տարիների ընթացքում բավական բարձր պահանջարկ ունեն արեւային էներգիայի ֆինանսավորման ծրագրերը։ Միայն այս տարվա առաջին 5 ամիսների ընթացքում մեր կողմից նշված ոլորտում ֆինանսավորվող ծրագրերի թիվը 2018-ի ամբողջ տարվա ցուցանիշների համեմատ աճել է մոտ 3,5 անգամ։ Հատկապես բարձր է պահանջարկը էներգաինտենսիվ գործունեություն ծավալող իրավաբանական անձանց կողմից։

- «Կանաչ» վարկեր տրամադրում եք բացառապես իրավաբանական անձ հաճախորդներին. ի՞նչ առանձնահատկություն ունի կորպորատիվ շուկան, ինչո՞վ է այն տարբերվում սպառողականից:

- Արմսվիսբանկը, հրաժարվելով մասսայական բանկային ծառայությունների մատուցումից, առաջարկում է հիմնականում կորպորատիվ եւ ներդրումային բանկային ծառայություններ։ Կորպորատիվ հաճախորդների շուկան պայմանականորեն կարելի է բաժանել երկու խմբի՝ ներդրումներ՝ սեփական կարիքների համար սպառվող էլեկտրաէներգիայի արտադրության համար եւ ներդրումներ՝ էլեկտրաէներգիա արտադրելու եւ վաճառելու նպատակով։ Կորպորատիվ հաճախորդների կողմից սպառվող էլեկտրաէներգիայի ծավալները զգալիորեն գերազանցում են սպառողական շուկայի ծավալներին։ Վերականգնվող էներգիայի կիրառման արդյունքները  կորպորատիվ հաճախորդների առօրյա գործունեության մեջ առավել մասշտաբային եւ շոշափելի են դառնում։ Բնավ սա չի նշանակում, որ  սպառողական շուկայի կողմից «կանաչ» էներգիայի կիրառումը չպետք է խրախուսվի։ Բանկը «կանաչ» վարկեր առաջարկում է նաեւ իր հաճախորդ հանդիսացող ֆիզիկական անձանց։

- Բանկի կողմից առաջարկվող տվյալ գործիքը բիզնեսին «խոստանում է» ընթացիկ ծախսերի կրճատում եւ ֆինանսների տնօրինման արդյունավետության բարձրացում: Ի՞նչ ծավալի տնտեսումների մասին է խոսքը:

- Արեւային էներգիայի կիրառումը խթանվում է արտոնյալ պայմաններով վարկավորման միջոցով, ինչի շնորհիվ վարկի մարման ժամկետը կարող է լինել ընդհուպ մինչեւ 10 տարի՝ բավական գրավիչ տոկոսադրույքով։ Ոլորտի առաջատար ընկերությունների հետ համագործակցության շնորհիվ բանկն իր հաճախորդներին առաջարկում է այնպիսի լուծումներ, որոնց շնորհիվ նրանք ոչ միայն կոմունալ ծախսերի կրճատման միջոցով ամբողջովին սպասարկում են տրամադրված վարկային միջոցները, այլ նաեւ որոշ դեպքերում ունենում նույնիսկ ազատ խնայողություններ՝ մինչեւ 25%-ի չափով, ինչը լավ հնարավորություն է ընձեռում իրենց գործունեության զարգացման կամ արդյունավետության բարձրացման համար։

- Շուկայում վերականգնվող էներգետիկայի ոլորտի վարկավորում առաջարկում են նաեւ մյուս ֆինանսական կառույցները: Մրցունա՞կ են արդյոք ձեր առաջարկած պայմանները. որքանո՞վ է բանկն ակտիվ այս ոլորտում եւ ի՞նչ դիրք ունի շուկայում:

- Ինչպես արդեն նշեցի, բանկը վերականգնվող էներգիայի ոլորտում իրականացնում է ֆինանսավորում սկսած դեռեւս 2006-ից։ Բանկի մրցակցային առավելություններից են ոլորտում երկարամյա փորձը, անհատական մոտեցումը յուրաքանչյուր հաճախորդին, պրոֆեսիոնալ անձնակազմը, հաջող համագործակցությունը ոլորտի առաջատար ընկերությունների հետ։ Առավելությունների շարքից հատուկ կարելի է առանձնացնել պարբերաբար ընդլայնվող համագործակցությունը միջազգային ֆինանսական կառույցների ու մասնավոր ֆոնդերի հետ, ինչի շնորհիվ մենք հաճախորդներին առաջարկում ենք երկարաժամկետ եւ գրավիչ պայմաններով ֆինանսավում։ Ներկայում բանկն ակտիվորեն համագործակցում է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի եւ  Գերմանահայկական հիմնադրամի հետ, որոնք ունեն վերականգնվող էներգիայի եւ էներգաարդյունավետության խթանման հատուկ ծրագրեր։

Փոքր ՀԷԿ-երի նախագծերի հիմնական պոտենցիալը Հայաստանում գրեթե սպառված է, սակայն  վերջին մեկ տարում բանկը ֆինանսավորել է թվով 3 փոքր ՀԷԿ-ի նախագիծ, իսկ 2006-ից մինչ օրս՝ ավելի քան 50 հիդրոէլեկտրակայան շահագործման է հանձնվել բանկի ֆինանսավորմամբ։

Սկսած 2018-ի երկրորդ եռամսյակից՝ Արմսվիսբանկն արեւային էներգիայի ոլորտում իրականացրել է ավելի քան 30 նախագծի ֆինանսավորում՝ ընդհանուր առմամբ շուրջ 8,000 ԿՎտ դրվածքային հզորությամբ։ Այս ցուցանիշներն արդեն խոսում են առաջարկվող ֆինանսավորման պայմանների մրցունակության վերաբերյալ։ Նշեմ, որ սեփական կարիքների համար արեւային կայանների տեղադրման նախագծերի դեպքում հաճախ հաճախորդից հավելյալ գույքային ապահովություններ չենք պահանջում, իսկ որոշ դեպքերում ֆինանսավորում ենք առանց հաճախորդի կանխավճարի։

Ամփոփելով վերոգրյալը, նշեմ, որ բանկը ներկայում Հայաստանում վերականգնվող էներգիայի ոլորտում ֆինանսավորում իրականացնող առաջատար բանկերից մեկն է։

- Իսկ ի՞նչ չափանիշներով եք ընտրում վարկառու կազմակերպություններին:

- Վարկառու կազմակերպությունների ընտրություն իրականացնելիս հատուկ ուշադրություն է դարձվում տվյալ կազմակերպության կողմից սպառվող էլեկտրաէներգիայի ծավալին, գործունեության ոլորտին, ֆինանսական կայունությանը եւ գործունեության մուլտիպլիկատիվ (բազմապատկական) ազդեցությանը երկրի տնտեսության վրա։ Հատկապես խրախուսվում են արտադրությամբ եւ արտահանմամբ զբաղվող ընկերությունները, որոնք ունեն ընդլայնման եւ նոր աշխատատեղերի ստեղծման մեծ ներուժ։

- Վերականգնվող էներգետիկան, էներգախնայողությունից զատ, ունի կարեւորագույն բնապահպանական նշանակություն: Ինչպե՞ս կբնութագրեիք բանկի կողմից այս պրոդուկտի ներդրումը՝ սոցիալական  պատասխանատվության տեսանկյունից:

- Վերականգնվող էներգիան ամբողջ աշխարհում ներկայում առաջնային ուղղություններից է՝ ելնելով հենց իր բնապահպանական նշանակությունից։ Ինչպես գիտենք՝ գլոբալ տաքացումն այսօր լուրջ մարտահրավեր է, որի կանխարգելման ու հետեւանքների մեղմման տեսանկյունից վերականգնվող էներգիան ունի լրջագույն դերակատարում։ Հայաստանի պարագայում այն նաեւ կարեւոր է էներգետիկ անկախության եւ անվտանգության տեսանկյունից։  

Արմսվիսբանկը՝ լինելով սոցիալապես պատասխանատու բանկ եւ հոգալով շրջակա միջավայրի պահպանման համար, ներդրել է համապատասխան վարկային գործիքներ եւ առավելագույնս խրախուսում է իր հաճախորդներին՝ կիրառելու «կանաչ» տեխնոլոգիաներ ու վերականգնվող էներգիա։ Սոցիալական պատասխանատվության շրջանակում բանկն իրականացնում է նաեւ բարեգործական եւ սոցիալական ծրագրեր՝ «կանաչ» տեխնոլոգիաների կիրառմամբ, որոնց մասին, սակայն, քիչ է բարձրաձայնում։

- Արմսվիսբանկն այս տարի Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի կողմից սննդի ոլորտում «կանաչ» ներդրումների աջակցության համար արժանացել է մրցանակի: Ինչպե՞ս է բանկին հաջողվել արժանանալ նման գնահատանքի, եւ որքանո՞վ է այն պարտավորեցնող ձեզ համար:

- Ճիշտ նկատեցիք՝  Հայաստանում «Կանաչ տնտեսությունների ֆինանսավորման» նոր ծրագրի պաշտոնական մեկնարկին նվիրված միջոցառման շրջանակում ՎԶԵԲ-ը մրցանակներ շնորհեց հայաստանյան այն ֆինանսական կառույցներին ու գործարարներին, որոնք ակտիվ գործունեություն են ծավալել վերականգնվող էներգիայի եւ էներգաարդյունավետ սարքավորումների ներդրման ոլորտներում:

«Փոփոխության գործակալ» անվանակարգում սննդի ոլորտում «կանաչ» ներդրումների աջակցության համար Արմսվիսբանկն արժանացավ ՎԶԵԲ-ի մրցանակի:

Միաժամանակ, «Սննդի ոլորտում լավագույն ներդրում» անվանակարգում մրցանակի արժանացավ «Արմսվիթ» ՍՊԸ-ն, որի ֆինանսավորումն իրականացվել է Արմսվիսբանկի կողմից՝ «Կովկասի էներգաարդյունավետության ծրագրի» շրջանակում:

Անշուշտ, մրցանակի արժանանալը շատ գոհացուցիչ է, այսինքն` կատարված աշխատանքն ունեցել է արդյունավետ  ու դրական արդյունք: Մյուս կողմից՝ այն պարտավորեցնող է՝ անընդհատ ձգտելու ու ավելի բարելավելու գրանցված արդյունքները:

Դրական համագործակցությունը բերում է նաեւ նոր հնարավորություններ: Մասնավորապես` այս տարվա փետրվարին ՎԶԵԲ-ի եւ Արմսվիսբանկի միջեւ GCF-GEFF Armenia էներգաարդյունավետության ծրագրերի շրջանակում կնքվել է վարկավորման նոր պայմանագիր՝ ընդհանուր` 2,5 մլն եվրո գումարի չափով:

Վերոհիշյալ ծրագրերի շրջանակում բանկն իր հաճախորդներին առաջարկում է էներգախնայող նախագծերի ֆինանսավորում` մինչեւ 7 տարի մարման ժամկետով, արտոնյալ պայմաններով: Ներկայում իրականացման փուլում են գտնվում «կանաչ» տեխնոլոգիաների, հատկապես՝ կլիմայի հարմարվողականությանն ու մեղմացմանն ուղղված մի շարք ներդրումային նախագծեր: Այս ծրագրի շրջանակում հաճախորդները հնարավորություն կունենան ստանալ անվճար տեխնիկական աջակցություն եւ որոշակի պահանջների բավարարման դեպքում՝ նաեւ վարկի գումարի մինչեւ 20%-ի չափով հետվերադարձ` Scaling-Up Renewable Energy Programme (SREP) ծրագրի շրջանակում տրամադրվող Strategic Climate Fund (SCF)-ի գրանտային միջոցների շնորհիվ:
   
- Ի՞նչ կանխատեսումներ ունեք Հայաստանում այլընտրանքային էներգետիկայի ֆինանսավորման հեռանկարների վերաբերյալ: Որքանո՞վ է այս ուղղությունը կարեւոր, մասնավորապես, Արմսվիսբանկի համար: Ապագայի ի՞նչ ծրագրեր ունեք այս ոլորտում:

- Կարծում եմ՝ Հայաստանում այլընտրանքային էներգիան զարգացման մեծ ներուժ ունի։ Մասնավորապես, արեւային էներգիայի պոտենցիալի զգալի մասը դեռեւս օգտագործված չէ, իսկ հողմային էներգիան դեռ լայն կիրառում չի ստացել։

Այս ուղղությունն Արմսվիսբանկի համար առաջնայիններից մեկն է։ Հաշվի առնելով առկա ֆինանսավորման ռեսուրսների սահմանափակ լինելը՝ ներկայում ակտիվորեն բանակցում ենք տարբեր միջազգային կառույցների հետ՝ համապատասխան ռեսուրսներ ներգրավելու ուղղությամբ՝ այլընտրանքային էներգիայի ֆինանսավորման անընդհատությունն ապահովելու նպատակով։ Ապագայում ծրագրում ենք զգալի նախագծեր ֆինանսավորել լիցենզավորված արեւային կայանների ոլորտում, որոնց համար շուկայում այսօր հատուկ նախատեսված ֆոնդեր ու ռեսուրսներ չկան:

Արա Մակարյանի հետ զրուցել է Սիրանուշ Սիմոնյանը
Դիտում՝ 14865
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW