«Արմսվիսբանկ» ՓԲԸ-ի՝ $5 մլն ընդհանուր ծավալով պարտատոմսերն այսօր ցուցակվել են AMX ֆոնդային բորսայի Bbond հարթակում։ «Բանկի գործունեությունն արժեթղթերի շուկայում իրականացվում է մի շարք, այդ թվում՝ միջոցների ներգրավման նպատակով սեփական պարտատոմսերի թողարկման ուղղությամբ: Ներկայում բանկն ունի պարտատոմսերի 9 թողարկում՝ 8 մլրդ դրամ, $36 մլն եւ €13 մլն: Բանկի թողարկած պարտատոմսերի նկատմամբ ներդրողները ցուցաբերում են բավական մեծ հետաքրքրություն: Վերջինիս մասին է վկայում պարտատոմսերի վերջին տեղաբաշխման շրջանակում սահմանված ժամկետից շուտ դոլարային պարտատոմսերի ամբողջ ծավալով վաճառքը»,- Ֆոնդային բորսայում պարտատոմսերի ցուցակումն ազդարարող զանգի հնչեցման արարողության ժամանակ ասել է Արմսվիսբանկի ներդրումային դեպարտամենտի տնօրեն Կարեն Տուրյանը:Բանկի դոլարային պարտատոմսերը (SWISB2A) ցուցակվել են $5 մլն ծավալով, $100 դոլար անվանական արժեքով, 72 ամիս շրջանառության ժամկետով, 6,5% արժեկտրոնային եկամտաբերությամբ եւ վճարումների կիսամյակային պարբերականությամբ։ «Ուրախ ենք, որ Արմսվիսբանկը մեծ ակտիվություն է ցուցաբերում արժեթղթերի շուկայում՝ կատարելով իր կողմից թողարկված պարտատոմսերի հերթական ցուցակումը բորսայում, ինչպես նաեւ արդեն տեւական ժամանակ գործելով որպես շուկա ստեղծող մի շարք կորպորատիվ արժեթղթերի եւ պետական պարտատոմսերի համար»,- ասել է Հայաստանի ֆոնդային բորսայի ֆինանսական տնօրեն Միքայել Հայրապետյանը։Արմսվիսբանկում նշել են, որ սա բանկի՝ մինչ օրս թողարկած պարտատոմսերի 10-րդ ցուցակումն էր AMX - Հայաստանի ֆոնդային բորսայում։«Բանկն արժեթղթերի շուկայում մատուցում է բրոքերային եւ պահառուական, ինչպես նաեւ արժեթղթերի թողարկման եւ տեղաբաշխման համալիր ծառայություններ: Արմսվիսբանկն AMX-ում ներկայում իրականացնում է 7 թողարկման ուղենիշային պետական պարտատոմսերի եւ 14 թողարկման կորպորատիվ արժեթղթերի ամենօրյա երկկողմանի գնանշումներ (market making): Ընդ որում, բանկը 2018 թվականի ավարտի դրությամբ տիրապետում էր ՀՀ բանկային համակարգում ամենամեծ արժեթղթերի պորտֆելը, որը գերազանցում է 130 մլրդ դրամ»,- հավելել է Կարեն Տուրյանը։«Հայաստանում վերջին մեկ-երկու տարվա ընթացքում կորպորատիվ պարտատոմսերի շուկան մեծ վերելք է ապրում թե՛ ցուցակումների քանակով, թե՛ շրջանառության ծավալներով։ Եվ մենք լիահույս ենք, որ Արմսվիսբանկի ու մյուս ընկերությունների ակտիվությունն արժեթղթերի շուկայում լավ օրինակ կծառայի այն կազմակերպությունների համար, որոնք ֆինանսավորում ներգրավելու կամ ֆինանսավորումը դիվերսիֆիկացնելու մասին են մտածում»,- հավելել է Միքայել Հայրապետյանը՝ կարեւորելով կորպորատիվ պարտատոմսերի շուկայում գործընկերների ներգրավվածությունը:«Արմսվիսբանկը 2007թ. սեպտեմբերի 13-ից Հայաստանի ֆոնդային բորսայի անդամ է: Երկու կողմերն էլ բարձր են գնահատում համագործակցությունը եւ դրա վառ օրինակն է այն հանգամանքը, որ այս տարի Արմսվիսբանկն արժանացել է «AMX բորսայի անդամ 2019» մրցանակաբաշխության «Կորպորատիվ արժեթղթերի շուկայում բորսայի անդամ 2019» եւ «Կարգավորվող շուկայի հաշվարկային համակարգի անդամ 2019» մրցանակներին»,- ասված է հաղորդագրությունում: Tweet Դիտում՝ 7604