Կապիտալի համալրման եւ բանկերի խոշորացման հարցը շարունակում է մնալ ՀՀ բանկային համակարգի առավել քննարկվող եւ զգայուն թեման: Մնացել են հաշված ամիսներ, երբ ուժի մեջ կմտնի ՀՀ Կենտրոնական բանկի կողմից բանկերի նորմատիվային ընդհանուր կապիտալի նվազագույն չափը 5 մլրդ դրամից 30 մլրդ-ի հասցնելու որոշումը, ինչն էականորեն կփոխի ՀՀ բանկային համակարգի պատկերը:Հաշվի առնելով հարցի արդիականությունը՝ Banks.am-ը փորձել է հասկանալ՝ որոնք են նորմատիվային ընդհանուր կապիտալի առանձնահատկությունները եւ ինչով է այն տարբերվում հաշվեկշռում արտացոլված կապիտալից: Բանկային կապիտալի մասին Ընդհանուր կապիտալը՝ բանկի հիմնական եւ լրացուցիչ կապիտալների հանրագումարն է: Ընդ որում, հիմնական կապիտալը ներառում է կանոնադրական կապիտալը, չբաշխված շահույթն ու գլխավոր պահուստը, իսկ լրացուցիչ կապիտալը հիմնականում բաղկացած է վերագնահատման որոշ պահուստներից: Բանկերի ընդհանուր կապիտալի ցուցանիշն արտացոլվում է նրանց կողմից հրապարակվող ֆինանսական հաշվետվություններում: Միաժամանակ, ֆինանսական հաշվետվությունների հետ մեկտեղ բանկերը հրապարակում են իրենց հիմնական տնտեսական նորմատիվների վերաբերյալ հաշվետվություն, որտեղ ներկայացվում է ընդհանուր կապիտալի մեկ այլ ցուցանիշ՝ նորմատիվային ընդհանուր կապիտալը: Այն որոշակիորեն տարբերվում է հաշվեկշռում ներկայացվող կապիտալի ցուցանիշից՝ պայմանավորված դրանց հաշվարկման մեթոդաբանական առանձնահատկություններով: Բանկերի հաշվեկշռում ընդհանուր կապիտալի մեծությունը հաշվարկվում է՝ համաձայն Ֆինանսական հաշվետվությունների ներկայացման միջազգային ստանդարտների (IFRS): Մինչդեռ ընդհանուր կապիտալի նվազագույն չափի նորմատիվի պահանջների կատարման տեսանկյունից հաշվարկին մասնակցող տարրերի կազմը եւ բուն հաշվարկը կատարվում է ՀՀ ԿԲ խորհրդի հաստատած «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» Կանոնակարգ 2-ով սահմանած հատուկ մեթոդաբանությամբ:Այսպիսով, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից բանկերի ընդհանուր կապիտալի նվազագույն պահանջի վերանայման որոշումը վերաբերում է նորմատիվային ընդհանուր կապիտալի ցուցանիշին:Ինչպե՞ս է հաշվարկվում նորմատիվը Նախեւառաջ, ԿԲ չափանիշներով՝ չբաշխված շահույթը նորմատիվային ընդհանուր կապիտալի հաշվարկում ներառվում է բանկի համալրված կանոնադրական կապիտալի առավելագույնը 150%-ի չափով, իսկ գերազանցող մասը դուրս է մնում հաշվարկներից, ինչն առաջացնում է տարբերություն նորմատիվային եւ հաշվեկշռային ցուցանիշների միջեւ:Այնուհետեւ, բանկի հիմնական կապիտալի մեծությունից կատարվում են մի շարք պակասեցումներ: Ամենաէականը, թերեւս, բանկի սեփականությունը հանդիսացող եւ բանկային գործունեության համար չօգտագործվող նյութական ակտիվների, ինչպես նաեւ դրանց վրա կատարված կապիտալ ներդրումների հաշվեկշռային արժեքի պակասեցումն է դրանց՝ բանկի սեփականությունը դառնալու օրվանից 6 ամիս հետո: Քանի որ գրեթե բոլոր բանկերում գրավների բռնագանձման արդյունքում առկա են լինում բանկային գործունեության համար չօգտագործվող նյութական ակտիվներ, ինչպիսիք են՝ հողամասեր, շենք/շինություններ, արտադրական տարածքներ, բնակարաններ, առանձնատներ, սարքավորումներ, հոսքագծեր եւ ավտոմեքենաներ, որոնց մեծ մասի իրացումը բանկի սեփականությունը դառնալու օրվանից 6 ամսվա ընթացքում քիչ հավանական է, ապա դժվար չէ կռահել, որ բանկերի ընդհանուր կապիտալից պակասեցվում են հսկայածավալ գումարներ:Բացի այդ, բանկի հիմնական կապիտալից պակասեցնումներ են կատարվում այլ ուղղություններով, մասնավորապես.- Բանկի սեփականությունը հանդիսացող եւ բանկի գործունեության համար օգտագործվող շենքերի եւ շինությունների արժեքի` բանկի հիմնական կապիտալի հաշվեկշռային մեծության 25% գերազանցող գումարը, - Այլ բանկերի, վարկային կազմակերպությունների եւ այլ ֆինանսական գործառնություններ իրականացնող անձանց կանոնադրական կապիտալներում իրականացված ներդրումների հաշվեկշռային արժեքի չափով եւ մի շարք այլ պակասեցումներ:Ուշագրավ է, որ բանկի ներգրաված երկարաժամկետ ստորադաս փոխառությունները՝ չնայած բնույթով պարտավորություն լինելուն, փոխառության մարման ժամկետից կախված, ամբողջությամբ կամ մասամբ ներառվում են ընդհանուր կապիտալի հաշվարկում՝ բանկի լրացուցիչ կապիտալի կազմում: Այս գործիքի գրավչությունն այն է, որ ստորադաս փոխառություն կարելի է ներգրավել նաեւ ազատ փոխարկելի արտարժույթներով, ինչը թույլ է տալիս մեծացնել նորմատիվային կապիտալի ցուցանիշը արտարժութային միջոցներով՝ առանց փոխարկելու ՀՀ դրամի, իսկ ընդհանուր կապիտալի մյուս բոլոր տարրերը, այդ թվում՝ կանոնադրական հիմնադրամը, համալրվում են բացառապես ՀՀ դրամով:Այնուամենայնիվ, լրացուցիչ կապիտալը նորմատիվային ընդհանուր կապիտալի հաշվարկում ընդգրկվում է արդեն պակասեցված հիմնական կապիտալի՝ 2016-ին՝ առավելագույնը 40%-ի, 2017-ին՝ 30%-ի, իսկ 2018-ից սկսած՝ 20%-ի չափով:Արդյունքում՝ բանկի նորմատիվային կապիտալի մեծությունն իրենից ներկայացնում է արդեն իսկ էականորեն պակասեցված հիմնական կապիտալի եւ վերջինիս՝ առավելագույնը 40%-ը կազմող լրացուցիչ կապիտալի հանրագումարը:ԶարգացումներՀՀ բանկերի նորմատիվային ընդհանուր կապիտալի նկատմամբ ԿԲ նոր պահանջն ուժի մեջ կմտնի արդեն 2017-ին, եւ ոլորտի փորձագետների կարծիքով՝ մինչ այդ առեւտրային բանկերից շուկայում կարող են մնալ առավելագույնը 16-ը: Հիշեցնենք, որ 2015-ից ի վեր ՀՀ բանկային համակարգում տեղի է ունեցել կոնսոլիդացիայի երկու գործարք. Ինեկոբանկը գնել է ՊրոԿրեդիտ Բանկի 100% բաժնետոմսերը, կնքվել է Հայէկոնոմբանկի եւ ԲՏԱ Բանկի միացման հուշագիրը: Ընդ որում, երկու դեպքում էլ գործընթացը, կարծես, թեւակոխել է վերջնական փուլ՝ չնայած որ բանկերի ցուցանիշներում այն դեռեւս լիովին չի արտացոլվել: Մասնավորապես, Հայէկոնոմբանկից Banks.am-ին հայտնեցին, որ բանկի հաշվետվությունները դեռեւս չեն ներառում ԲՏԱ Բանկի ցուցանիշները: Իսկ Ինեկոբանկում նշեցին, որ ՊրոԿրեդիտ Բանկի գնման գործարքն արտացոլվել է բանկի հաշվետվությունում` համախմբված հաշվեկշիռի տեսքով, սակայն բանկի նորմատիվային ընդհանուր կապիտալը չի ներառում ՊրոԿրեդիտ Բանկի ցուցանիշը:Բացի այդ, որոշ բանկեր համալրել են իրենց ընդհանուր կապիտալը բաժնետերերի, այդ թվում՝ նոր բաժնետերերի կատարած ներդրումների եւ բաժնետոմսերի թողարկման եւ տեղաբաշխման միջոցով:Ընդհանուր առմամբ, 2015թ. վերջի դրությամբ՝ ԿԲ նոր պահանջին բավարարում է 6 բանկ՝ Ամերիաբանկ, Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ, ՎՏԲ-Հայաստան Բանկ, Արդշինբանկ, Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան եւ Ինեկոբանկ: Երեք բանկի (Հայբիզնեսբանկ, Պրոմեթեյ Բանկ եւ Արարատբանկ) ընդհանուր նորմատիվային կապիտալը գտնվում է համեմատաբար ապահով՝ 20-30 մլրդ դրամի սահմաններում, եւս 9 բանկինը՝ 10-20 մլրդ դրամի սահմաններում, իսկ 3 բանկի նորմատիվային կապիտալը չի գերազանցում 10 մլրդը (տե՛ս աղյուսակը): Բանկային հատվածում իրավիճակը ներկայացնելու նպատակով Banks.am-ը համախմբել է բոլոր՝ 21 առեւտրային բանկերի նորմատիվային ընդհանուր կապիտալի ցուցանիշները՝ 2015թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ: Դիտարկումներում ներառվել են նաեւ ՊրոԿրեդիտ Բանկն ու ԲՏԱ Բանկը:Աղյուսակի տվյալները վերցված են բանկերի հրապարակած միջանկյալ ֆինանսական հաշվետվություններից: Բանկերը դասավորված են՝ ըստ նորմատիվային ընդհանուր կապիտալի չափի՝ ամենամեծից մինչեւ ամենափոքրը: Համեմատության համար ներկայացվել են նաեւ բանկերի ընդհանուր կապիտալի հաշվեկշռային ցուցանիշները: Բանկերի թիվը N Բանկի անվանում Ընդհանուր կապիտալ (հաշվեկշռում ներկայացված, հազ. դրամ) Նորմատիվային ընդհանուր կապիտալ (հազ. դրամ) ԿԲ նոր պահանջը գերազանցող/զիջող մասը (հազ. դրամ) 6 1 Ամերիաբանկ 59 323 535 60 489 124 +30 489 124 2 Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ 55 976 790 42 949 375 +12 949 375 3 ՎՏԲ-Հայաստան Բանկ 46 003 125 41 706 654 +11 706 654 4 Արդշինբանկ 50 017 815 39 879 809 +9 879 809 5 Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան 53 036 352 38 086 144 +8 086 144 6 Ինեկոբանկ 40 722 945 30 850 951 +850 951 3 7 Հայբիզնեսբանկ 28 620 952 26 275 111 -3 724 889 8 Պրոմեթեյ Բանկ 23 986 474 23 065 971 -6 934 029 9 Արարատբանկ 22 483 295 21 232 260 -8 767 740 9 10 Արմսվիսբանկ 18 329 926 19 024 369 -10 975 631 11 Կոնվերս Բանկ 22 714 026 18 283 774 -11 716 226 12 Յունիբանկ 22 843 830 17 998 001 -12 001 999 13 Մելլաթ Բանկ 19 269 887 17 025 419 -12 974 581 14 Հայէկոնոմբանկ 11 033 294 13 271 388 -16 728 612 15 Անելիք Բանկ 17 236 129 11 123 385 -18 876 615 16 ՊրոԿրեդիտ Բանկ 9 200 796 11 025 769 -18 974 231 17 Արցախբանկ 11 556 584 10 431 159 -19 568 841 18 Առէկսիմբանկ- Գազպրոմբանկի Խումբ 28 325 580 10 151 271 -19 848 729 3 19 Զարգացման Հայկական Բանկ 10 567 989 8 323 992 -21 676 008 20 Բիբլոս Բանկ Արմենիա 5 408 339 7 959 522 -22 040 478 21 ԲՏԱ Բանկ 5 294 303 5 431 611 -24 568 389 Նորմատիվային ընդհանուր կապիտալի հաշվարկման բավականին խիստ պահանջների պատճառով, սովորաբար, բանկերի նորմատիվային ընդհանուր կապիտալի ցուցանիշը լինում է հաշվեկշռային ընդհանուր կապիտալի ցուցանիշից ցածր՝ մեծ մասամբ պայմանավորված բանկերի հիմնական կապիտալից կատարվող պակասեցումներով, ինչպես նաեւ IFRS-ի համաձայն հրապարակվող զուտ շահույթի մեծության եւ ՀՀ օրենսդրությամբ որոշվող հարկվող շահույթի անհամապատասխանությամբ: Սակայն եթե բանկն ունի ներգրավված երկարաժամկետ ստորադաս փոխառություններ, չնայած կատարվող պակասեցումներին՝ նորմատիվային ընդհանուր կապիտալի մեծությունը կարող է եւ գերազանցել ընդհանուր կապիտալի հաշվեկշռային ցուցանիշը:Սիրանուշ Սիմոնյան Tweet Դիտում՝ 31742