Պատրաստված է Հայաստանում. հագուստ եւ տեքստիլ

23.02.2016 | 11:43 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

Վերջին տարիներին «Պատրաստված է Հայաստանում» պիտակով տեքստիլ արտադրանքը եւ հագուստն ավելի շատ է նկատվում խանութներում: Banks.am-ը փորձել է պարզել, թե ինչ տեմպերով է առաջ շարժվում Հայաստանի թեթեւ արդյունաբերության այդ հատվածը, ինչ ներուժ ունի, եւ ինչ խնդիրներ կան դաշտում:

Հագուստի եւ տեքստիլ արտադրությունը՝ թվերով

ՀՀ էկոնոմիկայի նախարարության տվյալների համաձայն՝ այսօր Հայաստանում գործում է 22 մանածագործական եւ հագուստի արտադրությամբ զբաղվող 87 ընկերություն: Ընդհանուր առմամբ, ոլորտում ներգրավված է 3200 աշխատող:  

«Աշխատատեղերի առումով ոլորտում 2015թ. գրանցել ենք շուրջ 5,2% աճ, աճ ունենք նաեւ արտադրության ծավալների առումով, մասնավորապես՝ հագուստի արտադրության բնագավառում՝ մոտ 16,8%, մինչդեռ մանածագործության մեջ գրանցվել է անկում՝ մոտ 14%»,- Banks.am-ի հետ զրույցում փաստում է ՀՀ էկոնոմիայի նախարարության արդյունաբերության զարգացման վարչության պետ Արմեն Եգանյանը՝ պարզաբանելով, որ մանածագործության ոլորտում, որտեղ հիմնականում կտորի արտադրությունն է, որոշ ընկերությունների մոտ պատվերների, մյուսների մոտ՝ հումքի ձեռքբերման հետ կապված խնդիրներ են եղել:

Ընդհանուր առմամբ, անցած տարում հագուստի արտադրության ծավալը կազմել է 9,5 մլրդ դրամ, իսկ մանածագործությանը՝ 0,5 մլրդ, որը, ի դեպ, այս ցուցանիշով եւս անկում է արձանագրել: Ընդ որում, մանածագործական արտադրանքը սպառվում է հիմնականում ներքին շուկայում՝ որոշ չափով հումք հանդիսանալով հագուստի արտադրության համար, իսկ հագուստն արտահանվում է եվրոպական եւ ամերիկյան շուկա, ԱՊՀ երկրներ, մեծ մասամբ՝ Ռուսաստան:

Պահանջարկի պակաս

Երեւանից ավելի քան 300 կմ հեռավորության վրա գտնվող Կապան քաղաքում խորհրդային տարիներից գործող տրիկոտաժի ֆաբրիկայում ժամանակին աշխատում էր ավելի քան 1500 բանվորուհի: 2013-ից արդեն «Սոնատեքս» վերանվանված ընկերությունում արտադրության մեծ ծավալներ չկան, աշխատողների քանակն էլ տարեցտարի նվազում է:

«Երեք տարի առաջ ունեցել ենք գրեթե 60 աշխատակից, հետո ցուցանիշն ընկել է մինչեւ 30, 20, հիմա 10-12-ն են մնացել»,- Banks.am-ի հետ զրույցում պատմում է «Սոնատեքս» ընկերության ներկայացուցիչ Մարի Հակոբյանը՝ հավելելով, որ արտադրության ծավալների ավելացման դեպքում իրենք ունեն տեխնիկական բոլոր հնարավորությունները՝ մրցունակ արտադրանք թողարկելու համար:

Մարի Հակոբյանի խոսքով՝ թեեւ այս տարի որոշ փորձեր են արվում արտահանում կազմակերպել ԱՄՆ-ի Մայամի քաղաք, այնուամենայնիվ արտահանումը միայն շատ փոքր տոկոսն է կազմում, իրացումը կատարվում է մեծ մասամբ ներքին շուկայում, մասնավորապես՝ հենց Սյունիքի մարզում: Նրա խոսքով՝ արտաքին շուկա դուրս գալու համար պետք է ունենալ լավ գովազդ եւ ներդրողներ, իսկ մայրաքաղաքից մի քանի հարյուր կմ հեռավորության վրա գտնվող ֆաբրիկան գրավիչ չէ ներդրողների համար:

ՀՀ թեթեւ արդյունաբերության գործատուների միության համանախագահ, «Տոսպ» ձեռնարկատիրության տնօրեն Սուրեն Բեկիրսկին նույնպես կարծում է, որ ոլորտի զարգացման առաջնային խնդիրներից է փոքր շուկան: Նրա խոսքով՝ ներքին շուկան փոքր է եւ գրավիչ չէ, իսկ արտահանման համար խոչընդոտ են թանկ ճանապարհածախսը եւ ճանապարհների ոչ կայուն վիճակը:

Հավասար պայմաններ

«Թեթեւ ատլետիկայի մարզիկը, որպեսզի թռիչք կատարի, պետք է ունենա լավ մարզակոշիկներ, վազքի համար տարածություն, ոտքի տակ ցատկահարթակ, ոչ թե չոր հողի վրա հենվի»,- համեմատական է անցկացնում Սուրեն Բեկիրսկին՝ հավելելով, որ իրենք ոչ միայն չոր հողին են հենվում, այլ «ցեխոտ տեղը», արդյունքում թռիչքի պահին ոտքերը ավազի մեջ են խրվում:

Սուրեն Բեկիրսկին կարծում է, որ ոլորտի զարգացման հիմնական բեռը, իհարկե, ընկերությունների վրա է դրված, իսկ պետության կողմից գերադասելի կլիներ «չխանգարել այն մասերում, որտեղ այսօր խանգարում է»: Խոսքը վարչարարության, մասնավորապես «սուբյեկտիվ վարչարարության» մասին է: Նրա խոսքով՝ խնդիրը եղել է 10-15 տարի առաջ եւ այսօր էլ նույնն է մնում. բիզնես ընկերությունների աշխատանքի համար նորմալ պայմանների, խաղի ընդհանուր կանոնների ստեղծում, որտեղ խաղը բաց կլինի, եւ ոչ ոք առավելություն չի չունենա:

Պետական գործիքակազմ

2014թ. կառավարության եւ ոլորտի ներկայացուցիչների միջեւ ստորագրվեց թեթեւ արդյունաբերության զարգացմանն ուղղված հուշագիր, ինչը, Արմեն Եգանյանի խոսքով, պետական ընդհանուր աջակցման գործիքակազմի մի մասն է եւիրականացման փուլում է: Մասնավորապես, քայլեր են ձեռնարկվում տեղական արտադրանքնարտերկրում ներկայացնելու, արտադրանքի համապատասխանության եւ որակի վիրաբերյալ փաստաթղթերի ձեռքբերման խնդիրները լուծելու, կադրերի պատրաստման եւ վերապատրաստման, տեղական շուկայում արտադրանքի ներկայացվածության մակարդակի բարձրացման ուղղությամբ:

«Մի շարք միջոցառումներ կան, մասնավորապես` ցուցահանդեսների համար ֆինանսավորում, PR-ի կազմակերպում, սերտիֆիկացման ծախսերի համար ֆինանսավորում ընկերություններին, եւ այդ ամենը նաեւ միտված է արտահանման շուկաների դիվերսիֆիկացմանը»,- ասում է Արմեն Եգանյանը:

Վերջինս չի բացառում, որ, այնուամենայնիվ, կան օրեսդրական որոշ բացեր, բայց նրա խոսքով, նման բացերը ժամանակ առ ժամանակ առաջ են գալիս, քանի որ ամեն ժամանակաշրջան իրեն համապատասխան մարտահրավերներն ունի, եւ պայմանավորված են թե՛ ներքին, թե՛ արտաքին գործոններով:

Մրցունակություն

Էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության զարգացման վարչության պետը կարծում է, որ տեղական ընկերությունները մրցունակ արտադրանք թողարկելու հնարավորություններ ունեն:

«Ապրանքի մրցունակությունը կախված է մի շարք գործոններից, մասնավորապես՝ հումքի ձեռքբերում, որակյալ արտադրանքի թողարկում, ինքնարժեքը ձեւավորող որոշ բաղկացուցիչների օպտիմալացում, ճիշտ մենեջմենթ, եւ այս կոմպլեքս մոտեցումները կբարձրացնեն ապրանքի մրցունակությունը»,- ասում է Արմեն Եգանյանը:

Նրա խոսքով՝ մրցունակ արտադրանք ստանալու համար կարեւոր հանգամանք է արտադրողականության բարձրացումը, իսկ դա ենթադրում է նոր տեխնոլոգիաների կիրառում, ժամանակակից սարքավորումներ, ավելի որակյալ եւ պատրաստված աշխատուժ, ինչպես նաեւ ընկերությունների կողմից ճիշտ մարկետինգային քաղաքականություն:

Կապանի «Սոնատեքս» ընկերության ներկայացուցիչ Մարի Հակոբյանը որպես ներքին մրցակցության խոչընդոտ առանձնացնում է չինական արտադրանքը: Նրա խոսքով՝ հայկականի համեմատ չինական նույն արտադրատեսակները, թեկուզ որակի հաշվին, բայց ավելի էժան են, իսկ «քանի որ ժողովուրդը վճարունակ չէ, հիմնականում գնում են էժանի հետեւից»:

Սուրեն Բեկիրսկին էլ նշում է, որ այսօր հայկական տեքստիլ արտադրանքի նկատմամբ ներքին շուկայում մշտական հետաքրքրություն կա: Նրա խոսքով՝ մրցակցությանը բարեհաջող դիմանում են, «շուկան մեզ ավելի դրական է նայում, քան բացասական»: Գործարարը նկատում է, որ այսօր միայն Երեւանում կա 10-12 արտադրող, որոնք սեփական պիտակով ապրանք են թողարկում, ինչը արդեն լուրջ ցուցանիշ է:

ԵԱՏՄ անդամակցություն

Մաքսային միության երկրներից առավել մեծ արտահանում իրականացվում է ռուսական շուկա, իսկ արտահանման ծավալները աճելու միտում ունեն: Մասնավորապես, եթե 2014թ. հագուստի արտահանումը դեպի ԱՊՀ երկրներ, հիմնականում Ռուսաստան, շուրջ 190 մլն դրամ է կազմել, ապա 2015-ին՝ 800 մլն:

Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցությունից հետո, Արմեն Եգանյանի խոսքով, հայկական ընկերությունները կարողանում են ԵԱՏՄ շուկա մտնել ավելի պարզեցված ընթացակարգերով:

«Մասնավորապես, անդամ երկրների միջեւ բացակայում են ոչ սակագնային եւ սակագնային կարգավորումները, այսինքն չկան մաքսատուրքեր, չկան ոչ սակագնային լիցենզիաներ եւ նման այլ կարգավորումներ»,- ասում է Արմեն Եգանյանը:

Սուրեն Բեկիրսկին էլ նշում է, որ սուբյեկտիվ առումով, իհարկե, հնարավորություններն ավելացել են, օրենքով խոչընդոտները պակասել են, թղթաբանությունը նվազել է: Օբյեկտիվ առումով, նրա խոսքով, գրեթե ոչինչ չի փոխվել:

«Եթե ես ունեմ շուկա մտնելու հնարավորություն, այսինքն այն բաց պատուհանը, որտեղից պիտի ներս մտնեմ, ուրեմն առաջվա պրոբլեմները չկան՝ «բարեւ ձեզ, մի հատ կոշիկներդ հանի, էս արա, էն արա, շորերդ փոխիր, նոր անցիր»-ը: Ո՛չ, հիմա դուռը բացում ու հանգիստ մտնում եմ: Բայց ես պիտի ունենամ այդ դուռը, որով մտնեմ: Այսօր Հայաստանի արտահանողները, առավել եւս ռուբլու արժեզրկումից հետո, շատերը այդ դռները չունեն»,- եզրափակում է Սուրեն Բեկիրսկին:

Վիկտորյա Անդրեասյան

Դիտում՝ 10800
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai