Մարին, Սիրանուշը եւ ռուսաստանյան ֆինանսները

15.02.2016 | 00:00 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

Եթե պարբերաբար կարդում եք ռուսաստանյան առաջատար գործարար «Վեդոմոստի» եւ «ՌԲԿ Դեյլի» թերթերը կամ դրանց կայքերը, ապա հաստատ հանդիպած կլինեք մեր հայրենակցուհիների ազգանուններին:

Դեռ փոքր տարիքում Ռուսաստան տեղափոխված Սիրանուշ Շառոյանն աշխատում է «ՌԲԿ Դեյլի»-ում, իսկ Մարի Մեսրոպյանը՝ «Վեդոմոստի»-ում: Երկուսն էլ գրում են ֆինանսական թեմաներով:

Banks.am-ը երիտասարդ լրագրողների հետ զրուցել է ֆինանսական լրագրության առանձնահատկությունների մասին:

24-ամյա Սիրանուշ Շառոյանի ընտանիքը Գյումրիից տեղափոխվել է Ռուսաստան, երբ նա դեռ շատ փոքր էր՝ 4 տարեկան: Ռուսաստանում մեծացած հայ աղջիկը մասնագիտություն ընտրելիս երկար է մտածել:

Սկզբում ցանկանում էր Կոնսերվատորիա դիմել, բայց ընկերուհու՝ Մոսկվայի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասընթացներին հաճախելու առաջարկը բոլորովին այլ ուղղությամբ է փոխում նրա մասնագիտական ուղին:

«Մտածեցի, որ հետաքրքիր կլինի: Այցելեցի եւ հասկացա, որ դա այն մասնագիտությունն է, որն ինձ առավել շատ է դուր գալիս: Սկսեցի աշխատել 3-րդ կուրսում, իմ դասախոսներից մեկն աշխատում էր Forbes-ում եւ ինձ առաջարկեց հոդված գրել: Մի քանի հրապարակումներ ունեցա, հիմնական աշխատող չէի: Որպես հաստիքային լրագրող սկսեցի աշխատել 4-րդ կուրսում: Մի քանի հոդված գրեցի «Կոմերսանտի» համար, խմբագրին դրանք դուր եկան, ու նա ինձ հիմնական աշխատանք առաջարկեց: Այնտեղ աշխատեցի մոտ կես տարի, որից հետո կես տարով մեկնեցի Հոլանդիա: Երբ վերադարձա, ինձ աշխատանք առաջարկեցին «ՌԲԿ Դեյլի»-ում ու հենց ֆինանսական բաժնում: Նախկինում դրանով չէի զբաղվում, բայց ինձ դա շատ հետաքրքիր թվաց՝ ցանկացած բիզնես փող է, իսկ փողերը՝ ֆինանսներ, բանկեր, բորսաներ. դա շատ կարեւոր ու հետաքրքիր թեմա է»,- պատմում է Սիրանուշը:

24-ամյա լրագրողը գրում է երեք խոշոր թեմաներով: Առաջինը բանկերի մասին՝ ով ինչ խնդիրներ ունի, որ բանկը որն է գնում եւ այլն: Երկրորդը՝ շուկաներ (արժութային, արժեթղթային). դրանց վերաբերյալ Սիրանուշը գրում է կանխատեսումներ, վերլուծություններ, ինչը մարդկանց միշտ հետաքրքիր է: Երրորդ խոշոր թեման Կենտրոնական բանկերն են եւ դրանց վարած քաղաքականությունը:


Սիրանուշ Շառոյանը
Լուսանկարը՝ անձնական արխիվից

Մասնագիտական դժվարությունների մասին խոսելիս լրագրողը նշում է, որ մարդիկ չեն սիրում խոսել փողի մասին:

«Ինչպես իրենք են ասում, «փողը լռություն է սիրում»: Շատ կարեւոր է ու բարդ է հարաբերություններ կառուցել այդ ոլորտի մարդկանց հետ»,- նշում է նա:

Ինչ վերաբերում է իր հայ լինելուն, ապա Սիրանուշն ասում է, որ դա իր աշխատանքում որեւէ բարդություն չի առաջացնում:

4 տարեկան հասակում Տավուշի մարզի սահմանամերձ Վերին Կարմիրաղբյուր գյուղից Ռուսաստան տեղափոխված Մարի Մեսրոպյանը հենց սկզբից չէր որոշել զբաղվել ֆինանսական ժուռնալիստիկայով: Ցանկանում էր հեռուստատեսությունում հաղորդավար աշխատել, բայց համալսարան ընդունվելուց հետո հասկացավ, որ դա իրենը չէ: Հասկանալով, որ իրեն ավելի շատ հետաքրքիր են ֆինանսները, հեռուստատեսության ամբիոնից տեղափոխվեց բիզնես ժուռնալիստիկայի ամբիոն:

«Ինձ դժվար է ասել, թե ինչու հենց ֆինանսական ժուռնալիստիկան ընտրեցի: Սիրում եմ կարդալ հաշվետվությունները, հասկանալ, թե ինչպես են ընթանում աճուրդները, ով ինչ է գնում եւ վաճառում, ինչի հաշվին կարելի է գումար վաստակել կամ կորցնել, հարկերից խուսափելու ինչպիսի մեթոդներ կարող են լինել եւ այլն»,- ասում է նա:


Մարի Մեսրոպյանը
Լուսանկարը՝ անձնական արխիվից

Մարին արդեն 5 տարի է՝ աշխատում է ֆինանսական ժուռնալիստիկայի ոլորտում, իսկ հիմնական դժվարությունների մասին խոսելիս «Վեդոմոստիի» լրագրողը նկատում է, որ իրենք միշտ փորձում են առաջինը եւ ամենալավը լինել, ինչի համար կարեւոր է տեղեկությունն առաջինն իմանալ:

«Դրա համար անհրաժեշտ է ոլորտում ծանոթների մեծ շրջանակ եւ լավ հարաբերություններ ունենալ, որպեսզի այդ մարդիկ ամեն ինչ պատմեն, բացատրեն: Կարծում եմ՝ ֆինանսական ժուռնալիստիկայով զբաղվող մարդը պետք է լինի շատ ակտիվ եւ խելացի, չվախենա շատ հարցեր տալուց, նույնիսկ եթե այդ հարցերն իրեն խելացի չթվան: Իհարկե, ֆինանսիստի համար դրանք կարող են ամենախելացին չլինել, բայց լրագրողին, որն ընթերցողին ուզում է ներկայացնել ողջ ճշմարտությունը եւ դա անել անսխալ ու հստակ, անհրաժեշտ է տալ բազմաթիվ հարցեր»,- նկատում է նա:

Մարին գրում է ֆոնդային շուկաների, բորսայի եւ ներդրումային բանկերի մասին:

Նրա կարծիքով, կարեւոր է չվախենալ նոր մարդկանց հետ ծանոթանալուց, եւ, իհարկե, չհուսահատվել, եթե ինչ-որ բան չստացվի. «Առաջին անգամ, որպես կանոն, չի ստացվում, բայց պետք չէ կառչել անհաջողություններից»:

Հայ լինելը Մարիի համար դժվարություններ չի առաջացնում, ընդհակառակը, դա երբեմն օգնում է, քանի որ հայ գործարարներ եւ ֆինանսիստներ Ռուսաստանում շատ կան, եւ նրանց վերաբերմունքը լրագրողի նկատմամբ ի սկզբանե բարյացակամ է:

Մարի Թարյան

Դիտում՝ 1546
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai