Bloomberg․ Klarna ֆինտեխ ստարտափի գնահատումը կարող է նվազել մոտ 8 անգամ
03.07.2022 | 01:06 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /


«Գնիր հիմա, վճարիր հետո» (buy now, pay later, BNPL) սկզբունքով աշխատող շվեդական Klarna ֆինտեխ ստարտափի գնահատման արժեքը ներդրումների ներգրավման նոր փուլի արդյունքներով կարող է նվազել 7,6 անգամ։
Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսի փոխանցմամբ՝ այս մասին գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով աղբյուրները։ Ըստ նրանց՝ այժմ քննարկվում է $6 միլիարդ գնահատմամբ ֆինանսավորումը, մինչդեռ 2021 թվականի հունիսին ներդրումային փուլի ընթացքում ընկերությունը գնահատվել էր $45,6 միլիարդ։
Դեռեւս 2022 թվականի հունիսի կեսին նոր փուլի ընթացքում խոսքը գնում էր $15 միլիարդ գնահատման մասին, տեղեկացրել էին The Wall Street Journal-ի աղբյուրները: Մինչ այդ թերթը հայտնել էր, որ Klarna-ն ակնկալում է ստանալ մինչեւ $1 միլիարդ ծավալով ներդրումներ։
Նոր փուլի ընթացքում Klarna-ի աշխատակիցները կարող են ստանալ բաժնետոմսերի օպցիոններ արդեն իջեցված գնահատման արժեքով, նշել է Bloomberg-ը։ Վերջնական գնահատումը դեռ քննարկվում է եւ արդյունքում կարող է ավելանալ մինչեւ $10 միլիարդ, նշել են գործակալության աղբյուրները:
Klarna-ի ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանություն տալ Bloomberg-ին: Գործակալությունը գնահատման վերանայումը բացատրում է ֆոնդային շուկայի ընդհանուր վիճակով, որի վրա բացասաբար են ազդում գնաճը, ռեցեսիայի վերաբերյալ մտավախությունները եւ արեւմտյան խոշոր կենտրոնական բանկերի կողմից դրամավարկային քաղաքականության խստացումը:
Klarna-ն հնարավորություն է տալիս ապրանքներ գնել ապառիկ եղանակով, երբ վճարումը բաժանվում է հավասար մասերի՝ առանց հավելյալ տոկոսների։ Klarna-ն 2022 թվականի առաջին եռամսյակում $245 միլիոնի գործառնական վնաս է կրել: Ընկերությունն ունի ավելի քան 400 000 վաճառող գործընկերներ, այդ թվում՝ Nike-ը, Ikea-ն եւ Sephora-ն։
Klarna-ն մրցակցում է բրիտանական Revolut ֆինտեխ ստարտափի հետ, որի համահիմնադիրը ծագումով ռուսաստանցի միլիարդատեր Նիկոլայ Ստորոնսկին է։ Revolut-ը BNPL շուկա մուտք գործեց հունիսի վերջին՝ համապատասխան ծառայություն գործարկելով Իռլանդիայում: Revolut-ի պրոդուկտն ավելի լավը կլինի, քան Klarna-ի մոտ է, վստահորեն ասել էր Նիկոլայ Ստորոնսկին 2021 թվականի սեպտեմբերին։
«Ֆինտեխ» բաժնի գործընկեր`
Վերջին լուրեր
13.03.2025 | 09:18 Նորություններ
Լույս է տեսել «Ռուբեն Վարդանյան. «Դոն Կիխոտն» ու «վիշապները»» գիրքը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: