Նրանք խնդրել են ամերիկյան Forbes-ին չանվանել իրենց ռուսաստանցի միլիարդատեր

16.04.2022 | 14:03 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#Forbes #Նիկոլայ Ստորոնսկի #Պավել Դուրով

«Ռուսաստանի հետ կապված» գործարարներն ամերիկյան Forbes ամսագրին խնդրել են իրենց ռուսաստանցի միլիարդատեր չանվանել, հաղորդում է RBC-ն։

Նման դիմումներ ստացվում էին արդեն մի քանի տարի, սակայն վերջին ամիսների ընթացքում դրանց թիվն աճել է, այդ թվում՝ Ուկրաինայում ռազմական գործողության մեկնարկից հետո ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ ԵՄ-ի պատժամիջոցների ֆոնին։

Այդպիսի խնդրանքով Forbes-ին է դիմել Revolut ֆինտեխ ընկերության համահիմնադիր Նիկոլայ Ստորոնսկին (Նիկ Ստորոնսկի)։ «Նիկը Մեծ Բրիտանիայի քաղաքացի է»,- ընդգծել է նրա ներկայացուցիչը։ Ամերիկյան Forbes-ի տվյալներով՝ Ստորոնսկու կարողությունը 2022 թվականի ապրիլի դրությամբ կազմում է $7,1 միլիարդ։ Ամսագրի ռուսաստանյան հանդեսում նշված են 2021 թվականի տվյալները՝ $1,2 միլիարդ։

Ստորոնսկին ծնվել է մերձմոսկովյան Դոլգոպրուդնիում, ավարտել է ֆիզիկամաթեմատիկական դպրոցը։ 2002 թվականին ընդունվել է Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի ընդհանուր եւ կիրառական ֆիզիկայի ֆակուլտետը, իսկ 2006 թվականին՝ Ռուսաստանի տնտեսագիտական դպրոցի տնտեսագիտության ծրագրով մագիստրատուրա։ Երկու դիպլոմներն էլ ստացել է 2007 թվականին։

2006 թվականին Ստորոնսկուն վերապատրաստման է հրավիրել Լոնդոնի Lehman Brothers բանկը, որտեղ նա աշխատել է որպես թրեյդեր մինչեւ բանկի սնանկացումը՝ 2008 թվականին։ Դրանից հետո թրեյդերների թմին վարձակալել է ճապոնական խոշորագույն Nomura բրոքերային տունը, սակայն այնտեղ մեկ ամիս աշխատելուց հետո Ստորոնսկին տեղափոխվում է Credit Suisse, որտեղ աշխատում հետագա հինգ տարիները։

Revolut-ը հիմնելու գաղափարը Ստորոսկու մոտ առաջացել է 2014 թվականին։ Նրա առաջին մտահղացումը բազմարժութային բանկային քարտն էր, որը թույլ կտար ճանապարհորդերին  փոխարկել արժույթը շահավետ փոխարժեքով: Նախագծում առաջին ներդրողը եղել է ինքը՝ Ստորոնսկին, ով ներդրել է մոտ £300,000 սեփական խնայողություններից։ Մի քանի ամիս անց գործարարը ստարտափին միանալու առաջարկ է անում Deutsche Bank-ի նախկին ծրագրավորող ուկրաինացի Վլադ Յացենկոյին, ով դառնում է Revolut-ի համահիմնադիրն ու տեխնիկական տնօրենը։ Revolut-ի առաջին նախատիպը պատրաստ էր 2015-ի սկզբին, իսկ հուլիսին հավելվածը լիովին գործարկվեց։

Վլադ Յացենկոն եւ Նիկոլայ Ստորոնսկին


Ստորոնսկու փոխանցմամբ՝ Միացյալ Թագավորությունում ընկերության հիմնումը պայմանավորված էր այնտեղի բարենպաստ միջավայրով՝ օրենքների եւ կարգավորման առումով։ Միաժամանակ, դա մեծ շուկա է, «անմիջապես Լոնդոնից պրոդուկտը կարելի է տարածել ամբողջ Եվրոպայով, իսկ դա 350 մլն մարդ է՝ միջին տարեկան լավ եկամուտով»։

Անդրադառնալով ապագային միտված կանխատեսումներին՝ Նիկոլայ Ստորոնսկին տեսակետ էր հայտնել, որ 20-25 տարի հետո շուկայում կլինեն ընդամենը մի քանի գլոբալ խաղացողներ, որոնք կներկայացնեն ֆինանսական ծառայությունների ամբողջ սպեկտրը։



«Ֆինտեխ» բաժնի շրջանակում Banks.am-ը բազմիցս է անդրադարձել Revolut-ի  գործունեությանը։ Ընկերությանը վերաբերող բոլոր հրապարակումներին կարող եք ծանոթանալ այս հղումով:

***

VKontakte սոցիալական ցանցի եւ Telegram մեսենջերի հիմնադիր Պավել Դուրովը, ով ծնվել է Սանկտ Պետերբուրգում, նույնպես խնդրել է Forbes-ին իրեն ռուսաստանցի գործարար չանվանել։

«Պավելը երկար տարիներ առաջ է լքել Ռուսաստանը եւ վերադառնալու մտադրություն չունի»,- ամսագրին հայտնել է նրա ներկայացուցիչը։ 2014 թվականին Դուրովն ասում էր, որ մտադիր չէ ապրել եւ աշխատել Ռուսաստանում, երկիրը լքելու իր որոշումը նա բացատրում էր «Չվերադառնալու յոթ պատճառ» հոդվածում։ Դրանց թվում գործարարը նշում էր «ազնիվ եւ անկախ դատարանների բացակայությունը» ու «հակասական օրենքների առատությունը»։ 2013 թվականին Telegram-ի հիմնադիրը ստացել է Սենթ Քիթս եւ Նեւիս Դաշնության, իսկ 2021 թվականի աշնանը՝ Ֆրանսիայի քաղաքացիություն։ Վերջին տարիներին նա բնակվում է Դուբայում, որտեղ գտնվում է Telegram-ի կենտրոնակայանը։

Forbes-ի 2021 թվականի Ռուսաստանի 200 ամենահարուստ գործարարների վարկանիշում Դուրովը զբաղեցրել է 9-րդ տեղը՝ $17,2 միլիարդ կարողությամբ: Ամսագրի ամերիկյան տարբերակը 2022 թվականի ապրիլին նրա կարողությունը գնահատել է $15,1 միլիարդ:

***

Իրենց ռուսաստանցի գործարար չանվանելու խնդրանքով Forbes-ին դիմել են նաեւ Playrix բջջային խաղերի մշակողներ, եղբայրներ Իգոր եւ Դմիտրի Բուխմանները (բնակվում են Լոնդոնում), Ռոման Աբրամովիչի գործընկերը եւ Millhouse ներդրումային ընկերության ղեկավար Եվգենի Շվիդլերը (1994-ին ստացել է ԱՄՆ-ի, իսկ 2010-ին՝ Մեծ Բրիտանիայի քաղաքացիություն), Warner Music-ում եւ LyondellBasell նավթաքիմիական ընկերությունում ներդրող Լեոնարդ Բլավատնիկը (ունի ամերիկյան եւ բրիտանական քաղաքացիություն), ինչպես նաեւ Յուրի Միլները, որին Forbes-ն անվանում է «Ռուսաստանում ամենաազդեցիկ տեխնոլոգիական ներդրող»: 1999 թվականին Միլները ստացել է Իսրայելի քաղաքացիություն, իսկ 2014 թվականից բնակվում է Կալիֆորնիայում։

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 

Դիտում՝ 184360
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW