«Գնիր հիմա, վճարիր հետո»․ Mastercard-ը գործարկում է ապառիկի սեփական ծրագիր

04.10.2021 | 15:14 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#Mastercard Installments #BNPL #ապառիկ
Mastercard միջազգային վճարային համակարգը ԱՄՆ-ի, Ավստրալիայի եւ Մեծ Բրիտանիայի շուկաներում կգործարկի Mastercard Installments ծրագիրը, որի շրջանակում սպառողներին հասանելի կդառնա BNPL (buy now, pay later, «գնիր հիմա, վճարիր հետո») ծառայությունը:

Mastercard-ի հաղորդագրության մեջ նշվում է, որ BNPL ծառայությունը սպառողներին կտրամադրի համացանցում եւ խանութում վճարելու ճկուն ու համատարած միջոց` հավասարաչափ ու անտոկոս վճարումների շնորհիվ: Mastercard Installments-ը թույլ կտա սպառողներին թվային հասանելիություն ստանալ BNPL առաջարկներին, որոնք նախապես հաստատված կլինեն իրենց վարկատուի բջջային բանկային հավելվածի միջոցով կամ ակնթարթորեն՝ պատվերը ձեւակերպելու ժամանակ:

Նոր ծրագիրը բանկերին, վարկային կազմակերպություններին եւ ֆինտեխ ընկերություններին կտրամադրի աշխատանքի ճկուն պայմաններ՝ առանց վաճառողի ենթակառուցվածքին ինտեգրվելու անհրաժեշտության։ Իսկ Mastercard-ի ապահով ցանցին լիարժեք ինտեգրումը վաճառողներին հնարավորություն կտա արագ առաջարկել BNPL անվտանգ լուծումներ: Mastercard-ը պարզել է, որ BNPL լուծումները վաճառքների միջին ծավալն ավելացնում են 45%-ով եւ 35%-ով նվազեցնում զամբյուղներից հրաժարվելու քանակը:

Ինչպես նշել է Mastercard-ի պրոդուկտների գծով տնօրեն Քրեյգ Վոսբուրգը (Craig Vosburg), մարդիկ ցանկանում են ավելի շատ ճկունություն ունենալ եւ վերահսկել՝ ինչպես վճարել եւ որտեղ գնումներ կատարել: «Mastercard Installments-ը հիմնված է մեր հիմնարար սկզբունքների վրա՝ ուղղված սպառողների պաշտպանությանը եւ ընտրություն տրամադրելու հնարավորությանը՝ առանց վստահությանն ու անվտանգությանը վնաս հասցնելու: Սա թվային տեխնոլոգիաներին միտված վճարման եղանակ է, որն ապահովում է սպառողների եւ նրանց վարկատուների միջեւ առավել հուսալի հարաբերություններ»,- ասել է նա:



Նշենք, որ վերջին շրջանում աճել է հետաքրքրությունը BNPL ծառայության նկատմամբ: Վերջերս տեղեկացրել էինք, որ PayPal-ը պայմանավորվածություն է ձեռք բերել գնելու BNPL ոլորտում ծառայություններ մատուցող ճապոնական Paidy ընկերությունը $2,7 միլիարդով։  

Իսկ այս տարվա օգոստոսին ամերիկյան Square վճարային ընկերությունը, որը ղեկավարում է Twitter-ի հիմնադիր Ջեք Դորսին, եւ ավստրալիական Afterpay-ը, որը մասնագիտանում է առցանց ապառիկի ուղղությամբ, պայմանավորվել էին բաժնետոմսերի փոխանակման գործարքի շուրջ, որի գնահատված արժեքը կազմել է $29 միլիարդ:



Միաժամանակ, ինչպես նշում են Fitch Ratings-ի վերլուծաբանները, BNPL ծառայության աճող ժողովրդականությունը հանգեցնում է ֆինանսական ռիսկերի։ Մասնավորապես, նրանք կարծում են, որ BNPL սխեմաներով ապրանքների եւ ծառայությունների գնումը կապված է մի շարք ռիսկերի հետ, քանի որ շուկայի մասնակիցների մեծ մասը բավարար ուշադրություն չի դարձնում սպառողների վարկունակության գնահատմանը: Վերլուծաբանները նաեւ ուշադրություն են դարձրել այս ծառայությունների՝ պարտքերին վերաբերող հաշվետվությունների ոչ բավարար թափանցիկության վրա:

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 11690
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW