Revolut-ը կմեղմի Brexit-ի ռիսկը լյուքսեմբուրգյան արտոնագրի միջոցով
25.09.2018 | 10:29 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /

Լուսանկարը՝ read.ft.com

Լոնդոնում հիմնադրված այս ստարտափը, որին հաջողվել է մեկ տարում գրեթե եռապատկել հաճախորդային բազան՝ այն հասցնելով 2,8 մլն-ի, մտադիր է գրասենյակ բացել Լյուսքեմբուրգում եւ արդեն բանակցություններ է վարում երկրի կարգավորիչ մարմինների հետ:
«Էլեկտրոնային փողերի արտոնագիր ստանալու համար մեզանից վեց ամիս կպահանջվի, հետեւաբար՝ ապահովության համար արդեն դիմել ենք Լյուքսեմբուրգին»,- նշել է Revolut-ի գործադիր տնօրեն եւ համահիմնադիր Նիկոլայ Ստորոնսկին:
Բրիտանական կառավարությունը խոստացել է պահպանել երկրի՝ որպես գլոբալ ֆինտեխ կենտրոնի դիրքը: Այնուամենայնիվ, ոլորտի ներկայացուցիչները զգուշացնում են, որ Brexit-ը կարող է նվազեցնել Մեծ Բրիտանիայի գրավչությունը, հատկապես՝ եթե դժվարանա ՏՏ մասնագետներին աշխատանքի ընդունելու գործընթացը:
Նիկոլայ Ստորոնսկին հայտարարել է, որ ընկերությունը չի ծրագրում լքել Լոնդոնը, քանի որ «իրենց դուր է գալիս այնտեղ», սակայն կանխատեսում է, որ «Մեծ Բրիտանիայի՝ ֆինանսական կենտրոնի հեղինակությունը կարող է խամրել»: Նրա խոսքով՝ ավելի ու ավելի շատ բանկեր կցանկանան դուրս գալ շուկայից, երբ սկսեն ավելի քիչ վաստակել՝ հանդիպելով կարգավորման դաշտի ճնշմանն ու ֆինտեխ ընկերությունների մրցակցությանը:
Revlout-ն անցած տարի հանդիպել էր Մեծ Բրիտանիայի կարգավորիչ մարմնի ներկայացուցիչների հետ՝ բանկային գործունեության արտոնագիր ստանալու մտադրությամբ, սակայն, փոխարենը, նման դիմում ներկայացրել էր Լիտվային՝ մասամբ Brexit-ի պատճառով, եւ արդեն հաջորդ ամիս ակնկալում է ստանալ այդ արտոնագիրը:
Revolut-ը հիմնադրվել է 2015թ. Լոնդոնում: Ի սկզբանե ստարտափը մշակել էր դեբետային քարտ, որի միջոցով հնարավոր էր վճարումներ կատարել յուրաքանչյուր երկրում՝ փոխանակելով արժույթը միջբանկային փոխարժեքով։
Այսօր Revolut-ն աշխատում է արդեն 130 արժույթով (այդ թվում՝ երեք կրիպտոարժույթով), ընկերության ծառայությունից օգտվում է արդեն մոտ 3 մլն մարդ (հիմնականում Միացյալ Թագավորությունում)։ Ստարտափն անցած տարի ներգրավել է $250 մլն-ի ներդրում՝ հասցնելով իր արժեքը $1,7մլրդ-ի:
Նիկոլայ Ստորոնսկին մտադիր է այցելել Տոկիո եւ հայտարարել Revolut-ի ծառայությունների գործարկման մասին՝ Ճապոնիան դարձնելով իրենց առաջին ասիական շուկան: Ընկերությունը ծրագրում է ընդլայնվել նաեւ դեպի ԱՄՆ, Կանադա, Ավստրալիա, Հոնկոնգ, Նոր Զելանդիա եւ Սինգապուր:
Revolut-ն ավելի վաղ հայտարարել էր նաեւ ռուսաստանյան շուկա մուտք գործելու մտադրության մասին:
«Ֆինտեխ» բաժնի գործընկեր`

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: