Ֆինտեխ ստարտափը շարժվում է «բաց բանկինգի» ճանապարհով

06.06.2018 | 11:25 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#Revolut #QIWI #բաց բանկինգ
QIWI ռուսաստանյան ֆինանսական խումբը Revolut միջազգային ֆինտեխ ընկերությանը հասանելիություն է տրամադրել իր բանկային ենթակառուցվածքին՝ բաց API-ների (Application Programming Interface) միջոցով, հաղորդում է Banki.ru-ն:

Banks.amհիշեցնում է, որ 2018-ի հունվարից ԵՄ երկրներում արդեն գործում է այսպես կոչված Երկրորդ վճարային դիրեկտիվը՝ PSD-2-ը (Payment Services Directive): Այս մոդելի ներդրումը կպարտավորեցնի բանկերին տրամադրել հաճախորդների տվյալների բազան եւ ծրագրային ինտերֆեյսները (API) երրորդ անձանց, որոնք պատրաստվում են աշխատել ֆինանսական հատվածում: Նման մոտեցումը հնարավորություն է ընձեռում ստեղծել բաց բանկինգ՝ ֆինանսական գործարքների ընթացքում բացառելով միջնորդների առկայությունը:


QIWI-ի API-ները հնարավորություն են տալիս օգտագործել Կիվի Բանկը որպես տեխնոլոգիական հարթակ՝ ներառելով բանկային լիցենզիայի տրամադրումը, ինչպես նաեւ հաճախորդների նույնականացման, վճարումների պրոցեսինգի եւ քարտերի թողարկման տեխնոլոգիան:

Ռուսաստանում Revolut-ը ֆինանսական ծառայություններ կտրամադրի միայն ֆիզիկական անձանց: Գործարկման փուլում հաճախորդներին հասանելի կլինի բազային պրոդուկտը՝ մոբայլ հավելվածն ու բազմարժութային Visa քարտերը, որոնք հնարավորություն կտան կատարել վճարումներ, փոխանակել եւ փոխանցել միջոցներ 130 արժույթով, ինչպես նաեւ ամբողջ աշխարհում կանխիկացնել գումարը բանկոմատներում:

Քարտի սպասարկումը սպառողների համար կլինի անվճար: Ռուսաստանում պրոդուկտի գործարկումը նախատեսված է 2018-ի վերջին:

Revolut ստարտափի համահիմնադիր Նիկոլայ Ստորոնսկին ռուսաստանյան շուկա դուրս գալու իր մտադրության մասին պատմել էր այս տարվա սկզբին: Նա նշում էր, որ նպատակ ունի առաջ անցնել հեռահար ձեւաչափով գործող Տինկոֆ Բանկից եւ Ռոկետբանկից։  


Իսկ այս տարվա ապրիլին հայտնի դարձավ, որ Revolut ստարտափի արժեքը մեկ տարուց պակաս ժամանակահատվածում կարող է հնգապատկվել՝ նոր ներդրումային ռաունդի շնորհիվ: Այդ պահի դրությամբ ընկերությունը գնահատվում էր $1,4 մլրդ՝ կանխիկ նոր հոսքերը չհաշված:


Revolut ֆինանսական ստարտափը հիմնադրվել է 2015թ. Լոնդոնում: Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի շրջանավարտ Նիկոլայ Ստորոնսկին նշում էր, որ Միացյալ Թագավորությունում ընկերության հիմնումը պայմանավորված էր այնտեղի բարենպաստ միջավայրով՝ օրենքների եւ կարգավորման առումով։ Միաժամանակ, դա մեծ շուկա է, «անմիջապես Լոնդոնից պրոդուկտը կարելի է տարածել ամբողջ Եվրոպայով, իսկ դա 350 մլն մարդ է՝ միջին տարեկան լավ եկամուտով»։

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 19469
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW