Խաղի նոր կանոններ. Բաց բանկինգ
03.05.2018 | 09:26 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /

Լուսանկարը՝ https://blog.mypos.eu

Այս մոդելը հնարավոր կդառնա այսպես կոչված Երկրորդ վճարային դիրեկտիվի՝ PSD-2 (Payment Services Directive) ներդրման շնորհիվ, որը 2018-ի հունվարից արդեն գործում է Եվրոպական միության երկրներում:
PSD-2 մեխանիզմի ներդրումը կպարտավորեցնի բանկերին տրամադրել հաճախորդների տվյալների բազան եւ ծրագրային ինտերֆեյսները (API, Application Programming Interface) երրորդ անձանց, որոնք պատրաստվում են աշխատել ֆինանսական հատվածում: Նման մոտեցումը հնարավորություն է ընձեռում ստեղծել բաց բանկինգ՝ ֆինանսական գործարքների ընթացքում բացառելով միջնորդների առկայությունը:
«Ինվեստ-Ֆորսայթ» գործարար ամսագիրը՝ SimplePay վճարային սերվիսի բիզնեսի զարգացման տնօրեն Դմիտրի Ագապիտովի օգնությամբ, բացահայտել է PSD-2 մոդելի էությունը, որի հիմնական դրույթները ներկայացնում ենք ստորեւ:
PSD-2-ը նախորդ դիրեկտիվի (PSD-1, ընդունվել է 2007-ին) տրամաբանական շարունակությունն է: Այն ժամանակ ֆինանսական շուկայում դեռ չկային մեծ քանակով թվային խաղացողներ: Սակայն գնալով ավելանում էին այն օնլայն ծառայությունները, որոնք արդեն չէին համապատասխանում PSD-1 դրույթներին, ուստի եւ չէին կարգավորվում ԵՄ երկրների կողմից:
PSD-2 դիրեկտիվի նպատակն է հեշտացնել նորամուծությունների մուտքը ֆինանսական հատված, ապահովել օգտատերերի պաշտպանվածությունն ու անվտանգությունը, ինչպես նաեւ բարձրացնել մրցակցությունը ֆինանսական խաղացողների միջեւ:
Դիրեկտիվի պահանջներով՝ ֆինանսական կազմակերպությունները շուկայի նոր խաղացողներին API-ի միջոցով կտրամադրեն հաճախորդների մասին տվյալների մի մասը: Ըստ էության, դա կլինի մեսենջերի նույնատիպը, երբ օնլայն-սերվիսը հարց է տալիս ֆինանսական կազմակերպությանը, օրինակ, հաճախորդի հաշվին որոշակի գումարի հասանելիության մասին եւ ստանում դրական կամ բացասական պատասխան: Այսինքն, հաճախորդների տվյալների ամբողջական փոխանցում տեղի չի ունենա:
Ըստ PSD-2 պահանջների՝ ֆինանսական շուկայի նոր խաղացողները պարտավոր են գրանցվել եւ լիցենզավորվել ԵՄ-ում:
Նոր դիրեկտիվում առաջ է քաշվում նաեւ վճարումների անվտանգության հարցը: Մասնավորապես, ինտերնետ-վճարումները պաշտպանված կլինեն SCA-ի (Strong Customer Authentication) օգնությամբ, որի հայեցակարգը սահմանում է նույնականացման առնվազն երկու էլեմենտի կիրառում: Օրինակ, նույնականացման համար էլեմենտներ կարող են հանդիսանալ օգտատիրոջ PIN-ը, գաղտնաբառը, կոդային բառը, ինչպես նաեւ կենսաբանական նույնականացումը՝ մատնահետքը, ձայնը, աչքի ցանցաթաղանթի պատկերը եւ տեղեկատվության ֆիզիկական կրիչները՝ քարտերը, մագնիսական բանալիները կամ տոկենները:
PSD-2 դիրեկտիվի առավելություններից է դեբետային վճարումների վերադարձի պարտադիր պահանջը՝ վճարման պահից 8 շաբաթվա ընթացքում, ինչպես նաեւ քարտային վճարումների սպասարկման ընթացում լրացուցիչ միջնորդավճարների արգելքը: Չհեղինակազորված վճարումների դեպքում հաճախորդները կկորցնեն ընդամենը €50, եթե, իհարկե, չապացուցվի հաճախորդի կողմից միտումնավոր զեղծարարության կամ կոպիտ անփութության փաստը:
«Ֆինտեխ» բաժնի գործընկեր`

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: